Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, եւ մենք արդեն պլանավորում ենք` ինչ անել, որ տոնական օրերը դարձնենք ինքնատիպ եւ անմոռանալի: Ինչ ֆորմատով էլ նշելու լինենք տոները, միեւնույն է՝ անհրաժեշտ է, որ մեր արտաքին տեսքը լինի շքեղ ու առանձնահատուկ: Ուստի ժամանակն է, որ կողմնորոշվենք` ռեստորանային համալիրում, ակումբում, թե պարզապես տանը` ընտանեկան եւ ընկերական ջերմ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Դրանից հետո նոր կարող ենք որոշել` ինչ հագնել Ամանորի գիշերը եւ ինչ համապատասխան աքսեսուարներ կրել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ, ով հանդես է եկել մասնագիտական խորհուրդներով:

Նրա խոսքով` այս տարի Ամանորին նորաձեւ է կրել ոսկեգույնի, կարմիրի (ընդ որում, եթե նախորդ տարիներին մոդայիկ էր բորդոն, ապա այս տարի` ալ կարմիրը), վարդագույնի եւ մոխրագույնի երանգները. «Ամեն դեպքում, խորհուրդ կտամ ընտրություն կատարել այն գույների միջեւ, որոնք ձեզ սազում են»,-ասաց նա:
Բավական ակտուալ են արծաթագույն, ոսկեգույն երանգներով փայլուն կտորները:
Ինչ վերաբերում է գործվածքներին, ապա դրանց ընտրության եւ համադրության հարցում այս տարի կարելի է համարձակ քայլերի դիմել. «Եթե դուք Ամանորի գիշերն անցկացնելու եք որեւէ ռեստորանային համալիրում կամ ակումբում, կարող եք կրել թե՛ մետաքսից, ժանյակից, թե՛ բրդյա կտորից զգեստներ. բոլորն էլ տեղին կլինեն: Այս տարվա նորաձեւությունը թույլ է տալիս անգամ համատեղել դրանք: Օրինակ` գիպյուրը, ժանյակը, մետաքսը կարելի է համադրել բրդյա կտորների հետ. այդ առումով որեւէ սահմանափակում չկա, եթե, իհարկե, խոսքը որեւէ թեմատիկ երեկոյի մասին չէ: Բնականաբար, համադրությունն անհրաժեշտ է կատարել գրագետ կերպով, կոշիկի ճիշտ ընտրություն կատարելով: Երբեմն տեսնում ենք, որ շատ տաք շապիկը համադրում են ոչ տաք, թեթեւ շրջազգեստի հետ. սա, իհարկե, ճիշտ չէ: Նման դեպքերում, թերեւս, տեղին կլինի օգտվել նորաձեւությանն առնչվող կայքերից կամ մասնագետների խորհուրդներից»,-մեկնաբանեց դիզայները:
Հաճախ կանայք չեն կողմնորոշվում` Ամանորի գիշերը կրել տաք եւ հարմարավետ երկարաճիտ կոշիկնե՞ր, թե՞, այնուամենայնիվ, տրվել կոշիկներ հագնելու գայթակղությանը. «Եթե դուք Նոր տարվա գիշերը պարզապես այցելելու եք ձեր ընկերներից մեկի տուն, կարող եք երկարաճիտ կոշիկների համադրությամբ գեղեցիկ լուք ստանալ, բայց եթե տարին դիմավորելու եք ռեստորանում (ինչպես նաեւ` որոշ ակումբներում. բոլոր ակումբներին չի վերաբերում) տեղին է հագնել կոշիկ, մասնավորապես` երեկոյան բատիլիոններ, թեկուզ հաստ կրունկներով»,-նկատեց Դ. Շատվերյանը:
Մենք հետաքրքրվեցինք` 2017-ի խորհրդանիշ աքլորի կերպարն ինչպե՞ս կարելի է գրագետ եւ կրեատիվ կիրառել լուքերում. «Տարբեր տարիներին դիզայներներն աշխատել են՝ իրենց հավաքածուներում կիրառելով կենդանակերպի նշաններ, տարբեր կենդանիների սիմվոլներ: Այնպես որ, այս առումով ոչ ոքի չեք զարմացնի, եթե չընտրեք սիմվոլը ներկայացնելու օրիգինալ տարբերակ: Ինքս էլ աշխատում եմ այնպիսի կերպարների վրա, որոնք չկրկնվող են (օրինակ` երեք տարի անընդմեջ ներկայացրել եմ պինգվինի սիմվոլը, ամեն անգամ նորովի): Ամանորի գիշերը, իհարկե, ցանկալի եւ տեղին է կիրառել տվյալ տարվա խորհրդանիշի կերպարը»,-շեշտեց Դ. Շատվերյանը:
Անդրադառնալով ամանորյա զարդերին եւ աքսեսուարներին` վերջինս նկատեց, որ դրանց ընտրությունը եւս կախված է զգեստից, հետեւաբար նաեւ այն վայրից, որտեղ անցկացնելու եք տոները. «Սպորտշիկ համադրության դեպքում, օրինակ, ակտուալ են չոկերները: Առկա են դրանց տարբեր տեսակներ` երեկոների, ինչպես նաեւ` առօրյա կյանքի համար նախատեսված: Դուք կարող եք գտնել չոկերների` վզին կպած եւ կախվող տարբերակներ: Եթե Ամանորի գիշերը նշելու եք ռեստորանում, խորհուրդ կտամ երեկոյան զգեստի հետ, օրինակ` ձեռքին, կրել ձյան փաթիլի տեսքով փոքրիկ, նուրբ մետաղե աքսեսուար, օրինակ` սպիտակ ոսկուց: Իսկ եթե գալիք տարին դիմավորելու եք դրսում, տոնածառի մոտ, ձյան փաթիլների ներքո, ապա ցանկալի կլինի վերարկուի կամ, օրինակ, գլխարկի վրա կրել ձմեռ պապիկի, եղջերուների, ձնե մարդու կերպարներով զգեստին համապատասխան տարբեր աքսեսուարներ»,-եզրափակեց դիզայները:

 

 

 
«2016-Ն ԱՆՑԱՎ ԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է Նոր տարվան ընդառաջ հայ հայտնիներից հետաքրքրվել` որտեղ, ինչ ֆորմատով եւ ում հետ են նրանք պատրաստվում նշել տոները:

Այսպիսով` Ամանորը Էլլա Տարունցի սիրելի տոնն է, որին նա սպասում է երեխայի պես: Երգչուհին մեզ պատմեց, որ Նոր տարվան ընդառաջ մշտապես սպասում է անակնկալների. «Պատկերացրեք, որ այդ առումով հույսերս միշտ արդարանում են, կարծում եմ` այս տարի էլ այդպես կլինի: 2017-ի գալուստը կնշեմ ընտանիքիս, մասնավորապես մայրիկիս, քրոջս եւ եղբորս հետ, Ֆրանսիայում. դա մեծ երջանկություն է ինձ համար, քանի որ վաղուց է` Ամանորը չեմ դիմավորել նրանց հետ»,-անկեղծացավ երգչուհին:
Հարցին, թե արդյոք 2016-ը Էլլայի համար հաջող տարի էր, վերջինս պատասխանեց. «Այս տարին ստեղծագործական առումով շատ ակտիվ չէր ինձ համար: Այնուամենայնիվ, հասցրի ձայնագրել չորս նոր երգ, որոնք կատարեցի համերգների ժամանակ: Ի դեպ, ասեմ, որ դրանց հեղինակը ես եմ: Երգերից մեկը հայրենասիրական թեմայով է, մյուս երեքը` սիրային (ոչ թե կին-տղամարդ հարաբերությունների, այլ ավելի գլոբալ տեսանկյունից)»:
Ինչ վերաբերում է 2017-ի հետ կապված գործնական ծրագրերին, Էլլան տեղեկացրեց, որ պատրաստվում է ելույթ ունենալ եվրոպական մի քանի քաղաքներում, նախատեսել է նկարահանել տեսահոլովակ, նաեւ մշակում է մենահամերգի հետաքրքիր ծրագիր. «Մտադիր եմ հանդիսատեսին ներկայանալ նոր ժանրերի, մինիմալիստական ոճի երգերով, որոնք կուղեկցվեն կենդանի նվագակցությամբ»,-ասաց նա` չշտապելով հայտնել այլ մանրամասներ:
Անդրադառնալով անձնական կյանքին` Էլլան նշեց, որ այն այս տարի փոքր-ինչ պասիվ էր, փոխարենը ժամանակի մեծ մասը երգչուհին հատկացրել է ճոմփորդելուն. «Գրեթե ողջ տարին անցկացրի օդանավակայաններում կամ գնացքների մեջ (այդ փոխադրամիջոցը, ի դեպ, շատ եմ սիրում), եղա ԱՄՆ-ում, եվրոպական մի քանի երկրներում, Ռուսաստանում` աշխատանքը (համերգներով հանդես գալը) համատեղելով հանգստի հետ»,-եզրափակեց Էլլան:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Երեւանյան կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը եւ Ռուսաստանի պետական կրկեսի տնօրեն Դմիտրի Իվանովը Սանկտպետերբուրգյան 5-րդ միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում համագործակցության համաձայնագիր են կնքել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ Սոս Պետրոսյանը նշել է, որ համագործակցության շրջանակներում ակնկալվում է համատեղ վարպետաց դասեր, դերասանների փոխանակում, փառատոներ: «Ֆորումին մասնակցել են մի շարք եվրոպական երկրներ եւս: Այս համաձայնագրի շրջանակներում այդ երկրների դերասանների հետ կապված պայմանագրերը կկնքվեն ավելի ցածր արժեքով»,-ասել է նա:
Սոս Պետրոսյանի խոսքով` նման հանդիպումները խթան են հանդիսանում կրկեսային արվեստի զարգացման համար:

 

 

ԿԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵ՞Ն
Միջազգային մամուլում լուրեր են տարածվել, որ հոլիվուդյան հայտնի զույգերի` Ջորջ եւ Ամալ Քլունիների ընտանիքում ամեն բան այնքան էլ հարթ չէ: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ դերասանը լրջորեն մտածում է ամուսնալուծության մասին: Բանն այն է, որ Ամալ Քլունին շատ է ցանկանում մայրանալ, սակայն դա նրան դեռեւս չի հաջողվում: Ըստ լուրերի` Ամալը հաճախ դժգոհում է այս առիթով, ինչն արդեն հոգնեցրել է Ջորջին. նա կցանկանար, որ իր կողքի կինը երջանիկ լիներ նաեւ առանց երեխաներ ունենալու: Խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ դերասանը մինչ օրս Ամալի կողքին է միայն այն պատճառով, որ խուսափում է դատական գործընթացի մեջ ներգրավվելուց: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014-ին:

 

 

ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐ VS ԲԼԵՔ ՉԱՅՆԱ
Օրերս ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եղբոր` Ռոբ Քարդաշյանի ընկերուհին ցանկություն է հայտնել Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, ինչը, ամենայն հավանականությամբ, նրան չի հաջողվի: Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները հատուկ փաստաթղթեր են լրացրել, ըստ որոնց՝ Բլեք Չայնային կարգելվի Քարդաշյան ազգանունը օգտագործել բիզնես-նպատակներով: Քույրերը փաստաթղթերում նշել են, որ Չայնայի կողմից այդ ազգանվան օգտագործումը կվնասի իրենց վարկանիշին եւ բիզնեսին: Նրանք նաեւ պնդել են, որ Չայնան մտադիր է իրենց ճանաչումն օգտագործել գումար վաստակելու նպատակով: Այս առիթով Բլեք Չայնայի փաստաբան Ուոլթեր Մոսլին People-ին ասել է, որ Քարդաշյանների որոշումն իրեն զարմացրել է, քանի որ, ըստ նրա, երբ Բլեքն ամուսնանա Ռոբի հետ, մեխանիկորեն կստանա Քարդաշյան ազգանունն ու կկարողանա կիրառել այն ուզածի պես: Փաստաբանը վստահություն է հայտնել, որ եթե գործը հասնի դատարան, իր պաշտպանյալը կշահի այն:




Լրահոս