«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերը դեռ խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» չարած` անհանգստացած են Երևանի քաղաքապետի ընտրություններով, որը տեղի կունենա մայիսին: Շրջանառվում են մի շարք թեկնածություններ, իսկ ամենաինտրիգայինը ՀՀԿ-ի թեկնածուի հարցն է: Եթե մինչև հիմա տեսակետ կար, որ «միակն ու եզակին» Տարոն Մարգարյանն է, ապա պարզվում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք կցանկանային ասել` «Տարոն ջան, դու միակ սիրունը չես, այլ սիրուններ էլ կան»:
Օրինակ, Սամվել Կարապետյանի սանիկ Գագիկ Բեգլարյանը, որը, ի դեպ, պատգամավոր դառնալ չի ուզում Կենտրոնից` ռեյտինգայինով, այլ սպասում է, որ իր «կոշիկի քուղերը» կապեն քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Մեկ այլ «էկզոտիկ» թեկնածուի անուն էլ է շրջանառվում` Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակի: Պատճառաբանությունը «երկաթյա» է․ եթե Արմեն Գևորգյանը կարող է նախագահի աշխատակազմի ղեկավար լինել, Ալիկ Հարությունյանը` քարոզչական կենտրոնի ղեկավար, ինչո՞ւ չի կարող նա քաղաքապետ լինել»:
Ավելի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։