«Ստոր ահաբեկչություն». համաշխարհային արձագանքը՝ Թուրքիայում ռուս դեսպանի սպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեսպանի սպանությունը «սադրանք» է անվանել, որը, ՌԴ նախագահի խոսքով, ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների և Սիրիայում խաղաղ գործընթացի խզմանը:

ՏԱՍՍ գործակալությունը ներկայացրել է, թե ինչպես է աշխարհն արձագանքել այդ սպանությանը:

Ահաբեկչությունից անմիջապես հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նամակ է հղել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, որում խորին ցավակցություն է հայտնել դեսպանի ընտանիքին, ռուս գործընկերներին և ռուսական իշխանություններին: «Եվրամիությունն ամենավճռական կերպով քննադատում է այդ հարձակումը: Մեր համերաշխությունն ենք հայտնում Ռուսաստանին՝ ի դեմս բռնության այդ հանցավոր ակտի»,-ասվում է Մոգերինիի նամակում:

«Դիվանագետի վրա հարձակումը որևէ արդարացում չի կարող ունենալ»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունն ահաբեկչություն է անվանել:

ԱՄՆ-ն ևս համերաշխություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տարածած հայտարարության մեջ, ով ռուս դիվանագետի սպանությունը «ստոր հարձակում» է անվանել:

Սպիտակ տունը ևս արձագանքել է Անկարայում տեղի ուենցած ողբերգությանը: «Միացյալ Նահանգները վճռականորեն քննադատում են Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Դիվանագիտության անդամի վրա կատարված այդ ստոր հարձակումն անընդունելի է»,-ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս քննադատել է հարձակումը՝ «բռնության ակտ» անվանելով:

ԵԱՀԿ-ն ևս արձագանքել է այդ սպանությանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանները քննադատել է սպանությունն ու կոչ արել միավորել ահաբեկչության դեմ ջանքերը:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն այդ սպանությունը «վախկոտ հարձակում» է որակել: Այս մասին նա գրել է թվիթերում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս քննադատել է Կառլովի սպանությունը: «Հանրապետության նախագահը ողջ ուժով քննադատում է Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆան Զայբերտը թվիթերում այդ սպանությունն «անիմաստ հարձակում» է անվանել:

Սիրիայի արձագանքը

«Սիրիացիներն անդադար զանգում և իրենց ցավակցությունն են հայտնում: Մենք ծանոթ էինք Անդրեյ Կառլովի հետ: Անցած շաբաթ աշխատանքային հարցերով կայացած հեռախոսազրույցի ժամանակ նա սիրիացիներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: Ես նույնպես նրան լավ տարի մաղթեցի, սակայն նա չապրեց… Հավերժ հիշատակ մեր գործընկերոջը»,-ասել է Սիրիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Կինշչակը:




Լրահոս