«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան՝ Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց ներգրավվածության, զբաղվածության մակարդակի, եկամուտների և ծախսերի տարբերության մասին։ Թերթն առանձնացրել է դրանցից մի քանի հետաքրքիր մասեր։ Ներկայացնում ենք ծավալուն հոդվածից մի հատված.
Մի հետաքրքիր առանձնահատկություն. պետական հատվածում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ Այսպես, տնտեսության պետական հատվածում զբաղված 261 հազար զբաղվածներից 151 հազարը (58%-ը) կանայք են, 110 հազարը (48%-ը)՝ տղամարդիկ։
Ոչ պետական հատվածում զբաղվածների թիվը 813 հազար Է, որից 360 հազարը (44%-ը) կանայք են, 453 հազարը (56%-ը)՝ տղամարդիկ։
Ըստ զեկույցի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց։ Տղամարդիկ ավելի հաճախ են ներգրավված նաև բարձր և միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան կանայք։
Փոխարենը՝ տղամարդիկ ավելի շատ են աշխատում։ Զեկույցում նշվում Է, որ տղամարդիկ ավելի շատ են աշխատում, քան կանայք՝ անկախ տնտեսության ոլորտից և աշխատանքային-իրավական հարաբերությունների բնույթից։ Օրինակ, լրիվ աշխատանքային օրով աշխատում Է զբաղված կանանց 50%-ը, զբաղված տղամարդկանց՝ 57%-ը։ Ոչ լրիվ աշխատանքային օրվա տեսանկյունից շեղումն ավելի մեծ է՝ զբաղված կանանց 41%-ն Է ոչ լրիվ օր աշխատում, տղամարդկանց՝ 23%-ը։ Իսկ լրիվ աշխատանքային օրվանից ավելի աշխատում են զբաղված տղամարդկանց 20%– ը, մինչդեռ կանանց դեպքում այս ցուցանիշը 9% է։
Այսքանից հետո, թերևս, զարմանալի չի հնչի, որ տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք։ Զեկույցի համաձայն, թեպետ վերջին 10 տարիների ընթացքում 10.8 տոկոսային կետով կրճատվել Է կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերի (վաստակների) տարբերությունը, սակայն այն դեռ շարունակում Է զգալի մնալ: 2015թ. ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել Է տղամարդկանց վաստակի 66.5%-ը կամ վարձատրության սեռային խզվածքը կազմել է 33.5%։
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա 2015 թվականին տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 203657 դրամ, կանանցը՝ 135492 դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։