Երաժշտական, հեքիաթային տրամադրություն՝ Երևանի քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորին ընդառաջ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևան քաղաքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների հանրապետական և միջազգային տարբեր օլիմպիադաների ու մրցույթների մրցանակակիր և դափնեկիր երեխաներին:
Երեկոյի ընթացքում երաժշտական և արվեստի դպրոցների սաները հանդես են եկել երաժշտական և պարային իրենց լավագույն կատարումներով:
Ողջունելով երեխաներին քաղաքապետարանի հարկի ներքո՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բոլորին անցնող տարվա ընթացքում միջազգային տարբեր հարթակներում գրանցած հաջողությունների համար և ընդգծել, որ թե՛ նրանք և թե՛ նրանց կրթօջախները Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո են:

«2016 թվականին ձեր շնորհիվ մայրաքաղաքի կրթամշակութային և մարզական կյանքում ունեցանք մեծ ձեռքբերումներ: Դուք անկախ Հայաստանի սերունդն եք ու մեր ապագան և վստահ եղեք, որ ձեր հաջողությունները Երևան քաղաքի և մեր երկրի համար մեծ պատիվ են: Առանձնակի շնորհակալ եմ նաև բոլոր մանկավարժներին ու մարզիչներին, ովքեր կրթում են նման շնորհալի երեխաներ: Այսօրվա հանդիպումը նաև լավ առիթ է, որ ճանաչեք մեկդ մյուսին, ընկերանաք ու միասին հարթեք ձեր ապագայի ճանապարհը: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ հաջորդ տարի կրկնապատկեք այս տարվա ձեր հաջողություններն ու ձեռքբերումները», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ երեխաները վստահեցրել են, որ կանեն ամեն ինչ՝ 2017-ին նորանոր հաջողություններ գրանցելու և սիրելի մայրաքաղաքի անունն ու պատիվը բարձր պահելու համար:




Լրահոս