Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը: Ըստ նախնական վարկածի՝ մայրը սեփական ձեռքերով խեղդամահ է արել երկու մանկահաս երեխաներին՝ 5 եւ 7-ամյա դուստրերին, ապա կախվելու միջոցով ինքնասպան եղել:
Ոստիկանությունում քաղաքացու ինքնասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին՝ աստիճաններից կախված վիճակում, մտնելով տուն՝ անկողինների մեջ՝ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին՝ խեղդամահ եղած:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի: Չճշտված տեղեկություններով՝ նաեւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տոնական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնայած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետությունը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կնոջ ամուսինը Սպիտակ քաղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպքի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել:
Երեկ լուրեր շրջանառվեցին, թե կինը հոգեպես անառողջ է եղել, սակայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կինը երբեւէ գրանցված չի եղել հոգեբուժարանում եւ չի բուժվել:
Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Շիրակի մարզի Կրասար գյուղից է, ամուսնացել էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում, ապա չորս տարի առաջ ամուսնալուծվելուց հետո աշխատանքի էր անցել Սարալանջի դպրոցում:
Ի դեպ, մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել՝ կրկին կախվելու միջոցով, ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դիմել: Դեպքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ, ում խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին՝ մրցույթով: Տնօրենի խոսքով՝ կինը բարեհամբույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշխատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել. «Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»:
Տնօրենի մեկնաբանությունից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք կինն է եղել իր երեխաներին խեղդամահ անողը, եթե այո, ապա ինչպես են հոգեպես անառողջ կնոջը վստահել դպրոցահասակ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը հանրակրթական դպրոցում, ինչպես եւ ինչ չափանիշներով են անցկացվում մրցույթները:
Եվ ահա, այս հարցերի ֆոնին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մահճակալին մահացած հայտնաբերված երկու մանկահասակ աղջիկ երեխաների պարանոցին բռնության հետքեր են հայտնաբերվել: «Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Սահմռկեցուցիչ դեպքի շուրջ տարածված տեղեկություններն այսքանով չեն ավարտվում:
Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն՝ երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների՝ երեխաներին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը:
Այս վարկածը, սակայն, մեր տեղեկություններով՝ պաշտոնապես դեռեւս չի քննարկվել:
Կրկին անդրադառնալով առաջին վարկածին՝ հարց է առաջանում, ինչը կարող էր մանկավարժ կնոջը դրդել սպանել հարազատ երեխաներին: Ըստ տեղեկությունների՝ կինը սոցիալապես անապահով վիճակում էր գտնվում, ապրում էր վարձակալության հիմունքներով: Բայց արդյոք սա հիմնավոր պատճառ է՝ նման քայլի դիմելու համար:
Մնում է հուսալ, որ քննությունն իրականում կպարզի բոլոր հանգամանքները:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր