ԱՌԱՋԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները երեկ հայտարարեցին նախընտրական դաշինքի շուրջ համաձայնության մասին, որով նրանք մասնակցելու են 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Արդյունավետ գործակցության դեպքում նրանք հնարավոր են համարում հետագայում մեկ կուսակցության վերաճելը:
Այսպիսով` չնայած քաղաքական վերջին երերուն իրադարձություններին, նախընտրական անկանխատեսելի զարգացումներին, երեք ընդդիմադիր կուսակցությունները կատարեցին վճռական քայլը: Նկատենք, որ ընդդիմադիր այս եռյակը ակնհայտորեն իր ապագայի ծրագրերը չպայմանավորեց ո՛չ Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարով, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձով, ո՛չ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` փոփոխական քաղաքական տրամադրություններով կամ առողջական խնդիրներով: Նրանք որոշեցին եւ դաշինք կազմեցին:
Թերեւս ընդդիմությունը հասկացել է, որ միայնակ անհնար է պայքարել իշխանության վարչական ռեսուրսի դեմ, բայց միաժամանակ «ավանսով» պաշտոններ չեն բաժանում եւ նախընտրական ցուցակի «կռիվ չեն անում»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ արդեն հայտարարեց, որ դաշինքում ներկայացվածները բոլորն էլ ունակ են եւ հակված են զիջումների. «Ես ինքս կարող եմ առաջին զիջողը լինել»,- հավելել է Ա. Սարգսյանը` անդրադառնալով նախընտրական ցուցակը գլխավորելու հավանականությանը:
Տեսնենք` ինչ հաջողություններ կունենա դաշինքը, որին միացողների մասին արդեն իսկ լուրեր են շրջում:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում: Նա այս առիթով հանդիպել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին հստակ դիրքորոշումը չի հայտնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ: «Բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցի:

 

 
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը` նախընտրելով «Տաթեւի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը: Դիմում գրելու ժամանակ ոստիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է ստանում, դրա համար գնում է ավելի արժանապատիվ աշխատանքի: Սակայն ամիսներ անց նրան հեռացրել են «Տաթեւից»: Եւ ահա համակարգը լքած ոստիկանը կրկին վերադարձել է` նշանակվելով արդեն ավելի բարձր պաշտոնի` Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ: Սա հարուցել է սյունեցի շատ ոստիկանների զայրույթը, որոնք պատրաստվում են հեռանալու զեկուցագիր ներկայացնել: Սակայն Անդրանիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե. «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որեւէ խնդիր չկա»:

 

 
«Աստղիկ» բժշկական կենտրոնում այս տարվա սեպտեմբերի 2-ին հրազենային վնասվածքներից մահացել էր Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանը: Իսկ դեկտեմբերի 2-ին նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նրա ազգականը` քրեական հեղինակություն համարվող Նորայր Ղազարյանը (Յոնջլախցի Նորո): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցել է կալանավորի հետ: Նա վստահեցրեց, որ կատարվածն ինքնապաշտպանություն է եղել, քանի որ 28-30 անհայտ անձ զինված հարձակվել է իր տան վրա, վնասել կնոջը, իսկ մանկահասակ երեխան վախից առողջական խնդիրներ է ձեռք բերել. «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ո՞վ կպատկերացներ, որ էդ 20 տարեկան լակոտները կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- հայտնեց Ն. Ղազարյանը:

 

 
ԴԺՎԱՐԻՆ
Աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը սահմանագոտի կատարած այցելություններից եւ խորհրդակցություններից հետո՝ նախօրեին, Ստեփանակետում հանդիպել է Հայաստանի եւ Արցախի մշակութային գործիչներին: Զինվորական համազգեստով մտավորականների հետ հանդիպմանը մասնակցող Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:
Պատասխանելով Երեւանի տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հենց այս օրերին որոշել այցելել Ղարաբաղ, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետեւ հիմա այն ժամանակահատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Զորքը շատ կարիքներ ունի, եւ այդ կարիքները պետք է գնահատել, որովհետեւ մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել՝ որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: Ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»:
Անկեղծ ասած՝ ամենեւին չցանկանալով բացասական սպասումներ ձեւավորել՝ չենք կարող չնկատել, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման հայտարարությունը բավականին չարագուշակ է հնչում: Ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Արցախում բոլորն «արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: Սա ի՞նչ է, պատերազմի նախապատրաստվելու հրապարակային կո՞չ: Եթե ոչ, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, նկատի ուներ ձմռան ամիսները կամ այլ բան, ապա հարկ էր դա ներկայացնել ընդհանրական կոնտեքստով, որպեսզի տպավորությունն այդքան մռայլ չլիներ:
Մինչդեռ նույն այդ հանդիպման ընթացքում Ս. Սարգսյանի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ եւս որեւէ լավատեսական ազդակ չեն հաղորդում. «Այս պահին բանակցություններ չկան: Չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Դրանից հետո որեւէ լուրջ խոսակցություն խնդրի մասին չի եղել»,- մանրամասնել է նա: Այսպիսով՝ Ս. Սարգսյանը արձանագրում է, որ այս պահին բանակցային լիակատար վակուում է, ասել է թե՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ վերջ: Իրավիճակը հասել է մի կետի, երբ արդեն միջնորդների գերխնդիրը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները կազմակերպելն է, այլ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը հաջողացնելը: Մի բան, որը հազիվ ստացվեց դեկտեմբերի 9-ին՝ Համբուրգում: Թե դեռ որքան այսպես կարող է շարունակվել, թերեւս ամենից լավ հենց Սերժ Սարգսյանն է պատկերացնում, եւ ինչպես տեսանք՝ Ստեփանակերտում այլեւս բացահայտ կիսվում է իր պատկերացումներով:




Լրահոս