«Ջրային նախաձեռնություն +» ծրագիրը կարող է միջազգային համագործակցության լուրջ հարթակ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված «Ջրային նախաձեռնություն +» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին և կտևի մինչև 2020 թվական: Ծրագրի ընդհանուր բյուջեն 24.8 մլն եվրո է: Այն նախատեսված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի համար: Հիմնական նպատակը այս երկրներում ջրային ռեսուրսների կառավարման բարելավումն է և ջրային ոլորտում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում ծրագրի մանրամասները ներկայացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) ներկայացուցիչ Փեփ Մարդիստեն՝ նշելով, որ Հայաստանում ծրագրի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը խոստումնալից է.
«Այս ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարիների համար, և այն նախաձեռնողականությունը, որի ականատեսը եղանք Երևանում՝ շահառու կառույցների կողմից, հուսադրող և խոստումնալից է: Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս այս ծրագրի հիմնական շահառուներից մեկն է, այդ պատճառով էլ մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն Կոմիտեի ներկայացրած առաջնահերթությունները: Այս հանդիպումը մեզ հույս է ներշնչում, որ սա կարող է դառնալ միջազգային համագործակցության լուրջ հարթակ»,- ասել է UNECE ներկայացուցիչը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական խնդիրները և նշել, որ Կոմիտեի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից են ջրի հաշվառման հարցը և ջրի որակի գնահատման լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի թարմացումը:
«Ջրային նախաձեռնություն +» ծրագրի պատասխանատուներն արձանագրել են, որ վերը նշված խնդիրներն ամբողջությամբ համապատասխանում են իրականացվող ծրագրի տրամաբանությանը, և շեշտել, որ ծրագրով նախատեսված դրամաշնորհները մասնակից երկրների միջև բաժանվելու են ոչ թե հավասարապես, այլ՝ ըստ կարիքների և ներկայացված ծրագրերի:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս