ԵՍ ՀԱՐՍՏԱՑԵԼ ԵՄ՝ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած ոք ջանում է խոսել կոռուպցիայի, կաշառակերության, պետության հաշվին ապօրինի հարստություն դիզած չինովնիկների մասին հնարավորինս խրոխտ ու հնարավորինս խիտ բառապաշարով: Սակայն իրականում իր կենսակերպը հենց այնպիսին է, ինչի դեմ խոսում է:

Օրինակ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Մարդ, որին պատկանող ընկերությունների առիթով անգամ պաշտոնական տեղեկություններ հրապարակվեցին տարբեր վերստուգող մարմինների մասին, թե ինչպես է պետբյուջեի միջոցները փոշիացվել: Բայց Նաղդալյանը ոչ միայն բոլոր դեպքերում «ջրից չոր դուրս եկավ», այլեւ դեմքի ինտելեկտուալ արտահայտությամբ շարունակում է «պետականամետ» իր դիրքորոշումը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ:
-Տիկի՛ն Նաղդալյան, սեպտեմբերի 22-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգում»: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ նկատի ուներ, ո՞վ էր գողություն արել:
-Կարծում եմ, որ հարցեր կան, որոնց մասին Դուք պետք է Կարեն Կարապետյանին հարցնեք:
-Իսկ Դուք Ձեզ համար չփորձեցի՞ք հասկանալ, թե ում նկատի ուներ վարչապետը:
-Ես ասացի՝ այն հարցերը, որոնց մասին պետք է խոսի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:
-Ինչպես նկատում ենք՝ նորանշանակ վարչապետը լուրջ փոփոխություններ է իրականացնում ՀՀ կառավարությունում: Ձեր ամուսինը ՀՀ կառավարության գործերի կառավարիչն է, ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան, արդյո՞ք պաշտոնանկությունների հերթը նրան էլ կհասնի:
-Չեմ կարող ասել, այդ խնդիրը իմ խնդիրը չէ: Դա իր ղեկավարի եւ նրա խնդիրն է:
-Իսկ կմիջամտե՞ք, եթե նրա պաշտոնանկության հարցը եւս բարձրացվի:
-Ոչ մի անգամ, երբեւիցե չեմ միջամտել, երկրորդը՝ իմ ամուսինը այն մարդկանցից չի, ում աշխատանքի հարցերում պետք է միջամտել: Տարիներ շարունակ նա մեծ վաստակ է ունեցել, հարկային ոլորտում է աշխատել, ունի բարձր հեղինակություն, շատ բարձր պատրաստվածություն, եւ բոլոր մարդիկ, որոնք աշխատել են իր հետ՝ թե՛ ոլորտում աշխատողները, թե՛ ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչները, ունեն շատ բարձր վերաբերմունք նրա նկատմամբ:
-Ինչպես հայտնի է՝ խորհրդարանում քննարկվում է ապօրինի հարստացման մասին օրենսդրական նոր փաթեթ: Այն Ձեզ չի՞ մտահոգում:
-Ո՛չ, ինչու պետք է մտահոգի, շատ դրական եմ համարում այս օրենսդրական փաթեթը, եւ դեռ ավելին՝ համարում եմ մի քիչ ուշացած: Շատ կարեւոր է, որ կառավարությունը հակակոռուպցիոն իր պայքարի գաղափարախոսության մեջ ներկայացնի այդ օրինագիծը:
-Տիկի՛ն Նաղդալյան, բայց պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ երեք պայմանագրով Ձեզ պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների պետական պատվերներ է ստացել: Ավելին՝ վերահսկիչ պալատը եւս ՍՊԸ-ում ստուգումներ էր կատարել եւ խախտումներ էր հայտնաբերել: Վստա՞հ եք, որ փաթեթի ընդունումից հետո խնդիրներ չեք ունենա, թեեւ արդեն դե յուրե վաճառել եք ընկերությունը:
-Ինչու է Ձեզ այդքան հետաքրքրում: Նման բան չի եղել, սուտ է: Ոչ, մտավախություն չունեմ, որեւէ հարցով, մեկ էպիզոդով, ապօրինի հարստացման կամ որեւէ այլ բանի մասին որեւէ անհանգստություն չունեմ: Եթե որեւէ մեկը մտածում է, թե ես ինչպես եմ հարստացել, ապա ես ասել եմ՝ հարստացել եմ աշխատանքով՝ քրտնաջան աշխատանքով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԳԻՏԵՔ՝ ԻՆՉ ԴԺՎԱՐ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼԸ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ճակատագրական պահին՝ Ծառուկյանի հեռանալուց հետո դուրս եկած եւ ՀՀԿ-ից քաղաքական «ապաստան» խնդրած Արագած Ախոյանը, օգտագործելով իր կապերը Արեւմտյան Հայաստանում, ջանում է կրկին պատգամավորական մանդատ ստանալ 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արագած Ախոյանի հետ:

-Իսկ Դուք դիմե՞լ եք ՀՀԿ-ին կամ անձամբ Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:
-Գիտեք, դիմելը, սա դուխ չի, որ գնանք, դիմենք: Այսօր բոլորս էլ՝ ե՛ւ իշխող կուսակցությունը, ե՛ւ՛ մնացած բոլոր կուսակցությունները, շատ լավ գիտեն` ով ինչ է աշխատել, գիտեն՝ ոնց են աշխատել: Առայժմ նույնիսկ նման ակնարկ չի եղել, եւ սպասում եմ, որ եթե լինի, մենք էլ, բնականաբար, պիտի նայենք այն գործառույթներին: Կտեսնենք, որ կուսակցության մեջ ընդգրկվելով՝ հնարավոր կլինի շարունակել այդ գործառույթները: Այնպես որ, որոշում կայացնելիս նայելու ենք տարբեր հարթություններից, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք:
-Ո՞վ պետք է Ձեզ ցուցակում ընդգրկվելու երաշխիք տա եւ ինչի՞ դիմաց:
-Երաշխիք ամեն մեկն ինքն իրեն պետք է տա, իսկ մնացած հարցերի գնահատականը կտա հենց ընտրողը, ժողովուրդը: Այլեւս անցել է այդ ժամանակը, երբ որ կարելի է պատկերացնել, որ ժողովուրդն այնքան միամիտ է, ոնց ուզենք, այնպես կլինի, չկա նման բան:
-Սովորաբար պատգամավորներն ասում են, թե ես այսքան ձայն ունեցող գործիչ եմ: Հիմա կարո՞ղ եք ասել՝ մոտավոր հաշվարկներով քանի՞ ձայն կհաջողվի Ձեզ ունենալ:
-Ես նման բան երբեք չեմ ասի, չեմ հայտարարի` ելնելով ռազմավարության շահերից, եւ չգիտենք՝ էլ ով կարող է ընդգրկվել նախընտրական ցուցակներում, այնպես որ նման բան ասելը, կարծում եմ, տեղին չէ այս պահին:
-Իսկ ՀՀԿ-ին քանի՞ ձայն եք խոստացել, ի՞նչ խոստում եք լսել դրա դիմաց:
-Ես չեմ խոստացել ոչ մեկին նման բան: Ես չգիտեմ՝ դեռ ովքեր են առաջադրվելու, չգիտենք՝ դա կլինի ՀՀԿ-ում, թե այլ կուսակցությունում, համենայն դեպս, այդ բոլորը իմանալուց հետո կարող ենք ասել:
Դուք գիտեք, թե ինչքան դժվար բան է լինել ընդդիմություն, եւ բոլորս գիտենք, թե ինչքան հեշտ է լինել պետության կողքին: Ես պետականամետ մարդ եմ, բնականաբար, դրսի աշխատանքերը, ուզես թե չուզես, միայն կարգավորվում է երկրի իշխանությունների հետ: Ոչ մի դժվարություններից չենք վախենում, ոչ մի ծանրություն վերցնելուց չենք վախենում, որովհետեւ լինել իշխանության մեջ, դա նաեւ նշանակում է ծանրության բեռի ինչ-որ մաս վերցնել քեզ վրա, որից ես երբեք ո՛չ վախեցել եմ, ո՛չ էլ կվախենամ: Առջեւից գնացողը լինում է խոցելի, դրան էլ եմ պատրաստ, դրան էլ ենք սովոր:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ
Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում: Մեզ հասած տեղեկություններով՝ երեկ՝ ուշ երեկոյան, վարչական շրջանի Շիրազի փողոցում մի քանի տղաներ, որոնք, ըստ փողոցի հարակից տարածքում ապրող բնակիչների, ընկերներ են եղել, լուրջ վիճաբանել են: Ավելի ուշ տղաների միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, ինչից հետո լսվել են օգնության ձայներ: Շիրազի փողոցում ապրող բնակիչները ժամեր շարունակ լսել են երիտասարդ տղայի օգնության խնդրանքները եւ զանգահարել իրավապահներին, ապա նաեւ շտապօգնություն եւ երիտասարդ տղային՝ մարմնի տարբեր հատվածներում դանակի վնասվածքներով, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

 

 

ԿԱԶԱՏԵՆ ԲԱՆԱԿԻՑ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կառավարությունը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիզին ազատելու է պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է լինելու ֆուտբոլի՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Արաս Իհսանի Օզբիլիզի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ՝ Արաս Իհսանի Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչեւ 2016 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արաս Իհսանի Օզբիլիզի 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետեւաբար նրան կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։

 

 

 

ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը միավորվելու են, եւ արդյունքում ստեղծվելու է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Նշված ՊՈԱԿ-ները միավորվելու են, քանի որ երկուսն էլ իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքները: Այսինքն՝ այսքան տարիներ անհիմն գործում էին երկու կազմակերպություններ, որոնց գործառույթները, ըստ էության, նույնն էին: Նշենք միայն, որ նախատեսվող փոփոխությունը կբերի կազմակերպությունների 3 մեքենաների եւ 9 աշխատատեղերի կրճատմանը, արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106.9 մլն դրամ:




Լրահոս