ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵԼՖԻՆԵՐՆ ՈՒ ԲՈՅԿՈՏՎՈՂ ՆԻՍՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի ավագանու՝ երեկ հայտարարված արտահերթ նիստը կրկին չի կայացել քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկա են եղել ավագանու ՀՀԿ-ական 13 եւ ՀՅԴ-ական 2 անդամները, իսկ ահա «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների անդամները բոյկոտել են նիստը՝ պարզապես չներկայանալով:

Արտահերթ նիստի օրակարգով առաջարկվում էր բյուջեում փոփոխություններ կատարել դեկտեմբերի 5-ին Վանաձորի Ուկրշին տնակային ավանի թիվ 4 բարաքի հրդեհվելուց հետո անօթեւան մնացած 5 ընտանիքներին աջակցելու նպատակով: Առաջարկվում էր բյուջեից հատկացնել 1,5 մլն դրամ գումար՝ այդ ընտանիքների համար բնակարան վարձակալելու համար:
Չկայացած նիստի ավարտին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղ են ավագանու անդամները, ասել է.«Ես հո օպերատիվ-հետախուզական ծառայությունից չեմ, իրենք պետք է զբաղվեն ավագանու մյուս անդամներին հայտնաբերելու գործով, ես քաղաքապետ եմ: Ես իմ լիազորություններն ունեմ… երեւի մի հյուրանոցում կլինեն, էլի»,- ենթադրել է քաղաքապետն ու նշել, որ ստեղծված իրավիճակն իրեն եւս դուր չի գալիս:
Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ-ն՝ Ասլանյանի գլխավորությամբ, ամեն դեպքում կարողացավ ընտրությունների օրը բավարար չափով քվեներ ապահովել, այսօր ինչո՞ւ չի կարողանում «համոզել» ավագանու անդամներին գալ ու մասնակցել նիստերին, Ասլանյանը պատասխանել է. «Մենք ոչ մի բան չենք ապահովել, մենք օրենքով նախատեսված մեր լիազորություններն ենք կատարել ու կազմակերպել փակ գաղտնի քվեարկություն, ոչ ավելին»:
Ստեղծված իրավիճակը քաղաքապետը անվանել է քաղաքական կուլտուրայի նոր ձեւ՝ հույս հայտնելով, թե. «Այսօր մեծամասնություն չունենք, վաղը կունենանք: Ընտրությունը եղել է օրինական»: Լրագրողների այն դիտարկմանը, թե քաղաքապետի ջանքերը, որոնց մասին նա վերջերս բարձրաձանել էր՝ հավաստիացնելով, որ քայլեր են ձեռնարկվում ավագանու մյուս ուժերին նիստերին բերելու ուղղությամբ, փաստորեն անարդյունք են, Ասլանյանը հորդորել է չշտապել՝ նշելով, որ արդյունքները գուցե մի քիչ ուշ երեւան:
Ավագանու նիստը բոյկոտած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը ստեղծված իրավիճակն անվանում է նոր քաղաքական միջավայր՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է, աննախադեպ է իր տեսակով. «Մեր բոյկոտի իմաստն այն է, որ ի հայտ գան Հանրապետական կուսակցությանը մեծամասնություն դարձրած ավագանու 4 անդամները, ովքեր մինչ այս պահը ի հայտ չեն գալիս: Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը չունի մեծամասնություն, հետեւաբար չունի նաեւ քաղաքը կառավարելու մանդատ: Եվ փորձել մարդկանց դժբախտությունը շահարկելով նիստ գումարել, որ իբր սա քաղաքականության հետ կապ չունի, կամ չգիտեմ ինչ, անընդունելի ու անհավատալի է: Մեզ համար այս պրոցեսը հենց սկզբից եղել է քաղաքական եւ շարունակում է մնալ քաղաքական: Իսկ այդ մարդկանց օգնելու, օժանդակելու հետ կապված, բնականաբար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քայլեր կանի, ինչի մասին բոլորդ կտեղեկացվեք»,-ասել է Քրիստ Մարուքյանը:
Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամ Հրանտ Մարգարյանի խոսքով՝ իրենք կներկայանան նիստերին նախաձեռնող խմբից՝ «Լուսավոր Հայաստանից» հետո միայն: Մարգարյանը նաեւ վստահեցնում է, որ կուսակցությունը մասնակցելու է քաղաքի բնակչության համար իրականացվելիք բոլոր նախաձեռնություններին:
Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ապա վերջինիս ավագանու անդամներից մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց:
Ու մինչ Վանաձորում քաղաքապետի աթոռը այդպես էլ չկիսող կուսակցությունները շարունակում են քաղաքական պայքար մղել, աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները, որտեղ նաեւ մանկահասակ երեխաներ կան, շարունակում են ապրել բարեկամների ու ծանոթների տանը՝ զրկված լինելով պետական աջակցությունից: Փոխարենը քաղաքական ուժերը գրեթե ամեն օր այցելում են հրդեհված տնակային ավան, սելֆիներ անում ու տարածում սոցիալական ցանցերում՝ հայտարարելով, թե իրենք այցելել են ու ծանոթացել բնակիչների խնդիրներին:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ

Երեկ ՀՀ Ազգային Ժողովում պետք է կայանար ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը, սակայն լրագրողները համախմբվեցին ու որոշեցին ձախողել այն:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ոչ հաճելի հարցեր էր տվել նախկին դաշնակցական, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին: Վերջինս լրագրողին կանչել էր ավելի մութ հատված, որտեղ չկան տեսախցիկներ, եւ հարվածել էր նրա դեմքին՝ ակնհայտորեն վնասելով նրա աչքը:
Այս դեպքից հետո նա հայտարարեց, թե «ես հասկացա, որ գործ ունեմ ոչ թե լրագրողի, այլ խուլիգանի հետ», այնուհետեւ ԱԺ-ում ներողություն խնդրեց խորհրդարանից, այլ ոչ թե լրագրողներից:
Եւ ահա երեկ, երբ նա երկար-բարակ մտածել էր՝ ինչպես պատճառաբանել իր պահվածքը, որոշել էր ժամը 13:30-ին Ազգային ժողովի 334 սենյակում մամուլի ասուլիս հրավիրել: Նա, մինչ լրագրողների հետ նշանակված հանդիպումը, ԱԺ միջանցքներում իր գործընկներների հետ ոգեւորված քննարկում էր, թե ինչ պետք է խոսի, ինչպես ներկայացնի իր հետ տեղի ունեցած միջադեպը: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատել է, թե ինչպես էր նրան խորհուրդներ տալիս ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Սակայն լրագրողական համայնքը միասնական դիրքորոշում որդեգրեց եւ մեկ մարդու պես բոյկոտեց ասուլիսը: 334 սենյակում էին միայն ԱԺ լրատվական ծառայության աշխատակիցները, որոնք պարզապես արձանագրեցին, որ Ռուբիկ Հակոբյանի ասուլիսին հայաստանյան որեւէ լրատվամիջոցի ներկայացուցիչ չմասնակցեց:
Նկատենք, որ պատգամավորը ներս մտնելիս անցավ խմբված լրագրողների միջով, գնաց, նստեց ասուլիսի սրահում եւ «մանթրաժ» դուրս եկավ, դարձյալ քայլեց լրագրողների ու տեսախցիկների զգոն հայացքի ներքո եւ գնաց իր աշխատասենյակ:
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ լրագրողական հանրությունը օրինակելի համերաշխություն դրսեւորեց եւ «պատժեց» հանդուգն պատգամավորին: Ու եթե այսպիսի համախմբվածությամբ նույն լրագրողները դադարեին լուսաբանել, օրինակ, ոստիկանության աշխատանքները (այն ոստիկանության, որը Սարի թաղում նպատակաուղղված կազմակերպեց լրագրողների ծեծը), բոյկոտեին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների լուսաբանումը, որը լրագրողների ծեծի գործերը տարիներով «քնեցնում է», բոյկոտեին նաեւ լրագրողներին ԱԺ-ում եւ համացանցում նպատակաուղղված վարկաբեկող մյուս տարրերին, ապա այսօր ավելի այլ մթնոլորտում կապրեինք: Բայց, ինչպես ասում են, կարեւորը այսօրվա պառակտված դաշտում գրանցված հաճելի միասնականությունն է, որը կարող է դառնալ այն հիմնաքարը, ինչի վրա շատ այլ գործընթացներ կզարգանան:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԸ՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
2014թ. ապրիլի 1-ին Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել: Իջեւանի հարակից Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչներ՝ Այո մականունով Աշոտ Այդինյանի գլխավորությամբ, մի հողատարածքի հետ կապված գնացել էին ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ «հարցեր պարզելու»: Ա. Խոջումյանը, տեսնելով համալիր մտնողներին, կրակ էր բացել, արդյունքում երկուստեք հնչել էին կրակոցներ: Դեպքից հետո սկզբում մեղադրանք էր առաջադրվել Աշոտ Այդինյանին, սակայն որոշ ժամանակ անց նա ազատ էր արձակվել: Փոխարենը մեղադրանք էր առաջադրվել Ա. Խոջումյանին, ինչպես նաեւ՝ քրեական գործի ապացույցները կեղծելու համար՝ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին: 2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անդրանիկ Խոջումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, Ա. Ազիբեկյանին եւ Ա. Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Ազիբեկյանին դատապարտել 5 տարվա, Ավետիսյանին՝ 4 տարվա ազատազրկման: Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացվել: 2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Ա. Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում, Ա. Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, իսկ Ա. Խոջումյանին մեղավոր ճանաչել 137 հոդվածի 1-ին մասով, նրան ազատ արձակել: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը, խախտելով բողոք ներկայացնելու համար սահմանված մեկ ամիս ժամկետը, վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանը ժամկետի խախտումը հարգելի է համարել եւ բողոքը վարույթ ընդունել: Առաջիկայում քրեական գործերով վճռաբեկ դատարանում տեղի կունենա վճռաբեկ բողոքի քննությունը: Ա. Խոջումյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքում նշվել է, որ հաշիվներ պարզելու համար Աշոտ Այդինյանը համագյուղացիների հետ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիր է եկել 5 ավտոմեքենայով, դեպքի ժամանակ Այոն գործի է դրել ոչ թե գազային, այլ մարտական ատրճանակ, ինչն ապացուցվել է դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, դատաձգաբանական փորձաքննությամբ, վկաների ցուցմունքներով: Նշենք, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում Աշոտ Այդինյանի վերաբերյալ քրեական գործ էր քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը): Սակայն Տավուշի մարզի դատախազությունը 2015թ. այդ քրեական գործը կարճել է: Հավելենք, որ մոտ 10 օր է, ինչ ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանը դուրս է եկել ազատազրկման վայրից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս