Հայաստանում գինի արտադրող մի շարք ընկերություններ դժգոհում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կարաս» գինեգործական ընկերությունը օդանավակայանում գովազդային տասնյակ վահանակներ ունի, իսկ ահա մյուս ընկերությունները չունեն նման հնարավորություն: Բանն այն է, որ օդանավակայանի տարածքում գինու գովազդը թանկ է, եւ ամեն տնտեսվարող չի կարող իրեն դա թույլ տալ:
Օրեր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված գործարարների համաժողովին (որին ներկա էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը) Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ օդանավակայանի տարածքում միայն «Կարաս» գինեգործարանն է կարողանում իր արտադրած գինիները գովազդել: Ինչպես հայտնի է՝ «Զվարթնոց» օդանավակայանը եւ ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Կարաս» գինու գործարանը պատկանում են արգենտինահայ հայտնի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին:
Ըստ գինեգործների՝ օդանավակայանի տարածքում գինին գովազդելու համար իրենցից բավականին մեծ գումարներ են պահանջում: Եվ քանի որ տեղական գինեգործների գերակշիռ մասը նման միջոցներ չունի, զրկվում է իր արտադրանքը օդանավակայանում գովազդելու հնարավորությունից: Արդյունքում այդ ընկերությունները կորցնում են նաեւ զգալի թվով գնորդների, քանի որ փորձը ցույց է տալիս, որ տուրիստները գնում են հենց այն խմիչքը, որը տեսնում կամ համտեսում են երկիր մուտք գործելիս: Այս պատճառով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց՝ արդյոք օդանավակայանի տարածքում գինու գովազդի նույն արժեքն է սահմանված: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս խնդրով ՏՄՊՊՀ դիմել են գինի արտադրող եւս մի քանի ընկերություններ, որոնք չեն ցանկանում հրապարակել իրենց անունները՝ գործընկերային հարաբերություններից ելնելով: Եւ չնայած սրան՝ նրանք համոզված են, որ օդանավակայանի տնօրինության այս վարքագիծն անթույլատրելի է:
Ինչպես հայտնի է՝ «Զվարթնոց» օդանավակայանը, «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանրային ծառայություններ են մատուցում եւ նշված ոլորտների միակ ընկերություններն են, իսկ գնագոյացման հարցերը պետության կողմից են կարգավորվում:
Գործարարների հետ համաժողովին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ այդ հարցը գտնվում է հանձնաժողովի իրավասության շրջանակներում: Նա նաեւ նշեց, որ իրենք նմանատիպ բողոք վերջերս ստացել են եւս մի քանի ընկերություններից: «Բողոքը կայանում է նրանում, որ ընկերությունները չեն կարողանում օդանավակայանի տարածքում իրականացնել գինիների գովազդ: Օդանավակայանի, այսպես ասած, սեփականատիրոջն է պատկանում «Կարաս» գինիների արտադրությունը, եւ տարածքում իրականացվում է հենց իրենց գինիների գովազդը: Հիմա թե որքանով են սրանք հիմնավոր կամ իրականությանը համապատասխանում, եւ որքանով է օդանավակայանը իսկապես սահմանափակում գինի արտադրող ընկերությունների գովազդները, մենք ուսումնասիրություն ենք սկսել այդ ուղղությամբ»,-հայտարարեց Շաբոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՏՄՊՊՀ-ից տեղեկացավ, որ հանձնաժողովը ներկայումս ակտիվորեն ուսումնասիրում է խնդիրը, եւ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյոք այստեղ առկա է մրցակցային օրենսդրության խախտում, թե ոչ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի հետ, ով հայտարարեց, որ օդանավակայանի տնօրինությունը ոչ մի արհեստական խոչընդոտ չի ստեղծում գինի արտադրող ընկերությունների համար: «Մենք բոլոր ընկերություններին տրամադրել ենք օդանավակայանում իրենց արտադրանքը գովազդելու համար սահմանված գները: Իրենք են որոշում՝ օդանավակայանում գովազդել, թե ոչ: Որեւէ խնդիր չկա»,-հավաստիացրեց Գ. Աբրահամյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ