«ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ՍԿՍԵԼ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է օպերային երգչուհի Մերի Մովսիսյանի հետ: Ընթերցողներին տեղեկացնենք, որ Մերին 2010-ին Ռումինիայում Դարքլեի անվան մեներգիչների միջազգային մրցույթում դարձել է ոսկե մեդալակիր եւ ստացել հատուկ մրցանակ: Նույն թվականին Բելառուսում նա ստացել է դիպլոմ` մասնակցելով Յուրի Բաշմետի գլխավորած, ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտական ակադեմիային (պրոֆեսոր Դ. Վդովինի դասարան): Մերին Ռուսաստանում մասնակցել է «Կրեմլի ծագող աստղերը» փառատոնին` ելույթ ունենալով Վ. Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ եւ արժանացել ՌԴ առաջին տիկին Ս. Մեդվեդեւայի շնորհակալագրին: 2011-ին նա դարձել է Տ. Սազանդարյանի անվան դասական երգեցողության մրցույթի դափնեկիր եւ արժանացել 1-ին մրցանակին, մասնակցել Գլինկայի անվան վոկալ միջազգային մրցույթին եւ պարգեւատրվել պատվոգրով, իսկ Լոնդոնում ներկայացել է St. John Smith համերգասրահում կայացած «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» համերգային երեկոյին:

-Մերի՛, ստեղծագործական ի՞նչ կարեւոր ձեռքբերում կարող եք առանձնացնել, որը կապված է 2016-ի հետ:
-Հենց այս տարի էր, որ ներկայացա ինձ համար դեբյուտային համարվող Անուշի դերերգով: Շատ ոգեւորված էի հատկապես այն հանգամանքով, որ առաջին դերս ազգային օպերայից էր: Հուսամ` այդպիսի հնարավորությունն ինձ նորից կընձեռվի արդեն 2017-ին:
-Հայաստանում օպերային երգիչներն ամենաշատը ինչի՞ պակաս ունեն:
-Նրանք, կարծում եմ, ավելի շատ դերերգերով եւ ավելի հաճախակի ելույթ ունենալու կարիք ունեն: Արտիստի համար շատ կարեւոր է ինքն իրեն նոր պրոֆիլից բացահայտելը: Մենք ունենք ստեղծագործական առումով լավ պատրաստված շատ երգիչ-երգչուհիներ, որոնք համերգներով հանդես գալու կարիք ունեն. անհրաժեշտ է օգնել նրանց` լուծելով մի շարք կազմակերպչական, ադմինիստրատիվ խնդիրներ: Բացի այդ` Հայաստանում ինչքան շատ օպերային թատրոններ լինեն, այնքան լավ: Շատ երգիչներ ասպարեզ դուրս գալու հնարավորություն կունենան, շատ տաղանդներ կբացահայտվեն:
-Գալիք տարվա հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
-2017-ին պատրաստվում եմ մասնակցել միջազգային մի շարք մրցույթների, ներկայացնել Հայաստանը (մրցույթների անունները դեռ չեմ տա): Առհասարակ, շատ եմ կարեւորում արտերկրի հանդիսատեսի եւ արտիստների հետ կապը: Դրա հաստատմանն ու պահպանմանը նպաստում են մաստեր կլասները, փորձի փոխանակումը: Վերադառնալով առաջիկայի ծրագրերիս՝ նշեմ, որ դրանցից մեկն էլ մենահամերգով հանդես գալն է:
-Օրինակ` շոուբիզնեսցիները նկատում են, որ մենահամերգ ունենալը բավական մեծ ծախսերի հետ է կապված: Դո՞ւք ինչ կասեք:
-Անշուշտ, օպերային արտիստին եւս անհրաժեշտ են հովանավորներ, հատկապես, եթե նա մտադիր է ելույթ ունենալ Օպերային թատրոնում կամ ֆիլհարմոնիայի դահլիճում, այն էլ նվագախմբի հետ: Իհարկե, հնարավոր է նաեւ կազմակերպել համեստ միջոցառում եւ մատուցել բարձրարժեք արվեստ:
-Ըստ Ձեզ` օպերային արվեստը հովանավորներին հետաքրքրո՞ւմ է:
-Կարող եմ ասել, որ սկսել է արդեն հետաքրքրել: Օպերային արտիստի համար, բացի ձայնային տվյալները, շատ կարեւոր են նաեւ արտաքինը եւ արտիստիզմը: Եթե այս բոլոր կոմպոնենտներն առկա են, ավելի հեշտ է գրավել հովանավորին:
-Իսկ Հայաստանում օպերային արվեստում ներդրած գումարը մեկենասը կարո՞ղ է վերադարձնել:
-Իհարկե, կարող է: Օպերային արվեստը սահմանափակ չէ, այն տարածվելու եւ դրսեւորվելու հսկայական ծավալներ ունի, եւ, միանշանակ, կարող է նաեւ եկամտաբեր լինել: Եվրոպայում, օրինակ, դա վաղուց արդեն նորություն չէ: Նաեւ այդ պատճառով է, որ մեր երաժիշտները նախընտրում են աշխատել եվրոպական երկրներում: Հուսանք` մեզ մոտ էլ կստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում արտիստները կմնան հայրենիքում:
-Դուք արտերկրից գայթակղիչ հրավերներ ստացե՞լ եք:
-Ունեցել եմ տարբեր երկրներում ուսում ստանալու հնարավորություն, բայց չեմ ընդունել հրավերները, նախընտրել եմ մնալ Հայաստանում` մտածելով, որ մեզ մոտ էլ ամեն բան լավ է լինելու, որ այստեղ էլ կարող եմ ինձ ռեալիզացնելու ուղիներ գտնել: Հուսամ` չի գա մի շրջան, երբ համբերությունս կսպառվի…
-Մերի, օպերային երգչուհիների, այն էլ Ձեզ պես գեղեցկուհիների անձնական կյանքը երբեմն դրամատիկ ընթացք է ունենում: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում երգչուհու եւ կնոջ համակեցությունը:
-Իմ կարծիքով` սերը, ինչպես եւ արվեստը, ի վերուստ է տրվում: Սիրելիի հետ հանդիպումը տեղի է ունենում ճակատագրով կամ Աստծո կամոք: Անձնական կյանքին առնչվող վախեր չունեմ. ո՛չ անհանգստանում եմ` մտածելով, թե ժամանակն է ընտանիք կազմել, ո՛չ էլ հակառակ կարծիքն ունեմ: Այն համոզման եմ, որ ամեն մեկը անձնական կյանքի երջանկությունը ճաշակելու իր ժամանակն ունի:

 

 
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Ազատություն TV»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի շրջանակում պատասխանել է «Ժողովուրդ»-ի հարցերին:

Մեր առաջին հարցը վերաբերում է «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու եւ այն «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին միացնելու որոշմանը: Հայտնի չէ` ինչ ճակատագրի է արժանանալու գրապալատը: Տնօրեն Գեւորգ Հարությունյանի խոսքով` 51 աշխատակցից պետք է շարունակի աշխատել 20-30-ը, ընդ որում, աշխատակիցների մեջ կան փորձառու մասնագետներ: Մենք հետաքրքվեցինք` ինչպես է պարոն Ամիրյանը պատկերացնում նրանց ապագան: Բացի այդ` հայտնի չէ` ՊՈԱԿ-ների միացման դեպքում ինչ է սպասվում գրապալատի անձեռնմխելի ֆոնդին: Հարցին ի պատասխան` նախարարը նշել է. «Մենք գրապալատին հատկացրել ենք առանձին տարածք, որտեղ ոչ ոք մտնելու իրավունք չունի (խոսքը գրաֆոնդի մասին է): Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա այնտեղ կա ուռճացված հաստիքացուցակ, որն առաջին իսկ հայացքից պարզ երեւում է: Այո՛, թերեւս աշխատակազմում կան որակյալ աշխատողներ, բայց գիտեք` գործառույթները պահանջում են կոնկրետ թվով աշխատակիցներ, ոչ թե դրա բազմապատիկը կամ եռապատիկը. պետք է օպտիմալացնել: Ինչ վերաբերում է գործառույթներին, դրանք բոլորը պահպանվելու են, ավելանալու է նաեւ թվայնացման գործընթացը (ընդ որում, այնպիսի թվայնացում, որը «հասկանալի» է լինելու բոլոր ժամանակակից գործիքներին): Փորձելու ենք ավելի ժամանակակից տեսք եւ շնչառություն տալ գրապալատի աշխատանքին` գործառույթները պահպանելով 100 տոկոսով»:
Մշակույթի նախարարին ուղղված «Ժողովուրդ»-ի երկրորդ հարցը վերաբերում է գրահրատարակչության ոլորտին: Մշակույթի նախարարությունում քննարկումներ են ընթանում ժամանակակից հայ գրականությունը պետական աջակցության ծրագրից հանելու մասին: Նախարարն այդ առիթով նշել է, որ առաջիկայում նախարարության աջակցությունը կնպատակաուղղվի հեղինակների հանրահռչակման ծրագրերին: «Գրողներից ոմանք առաջարկում են անտոկոս վարկեր տրամադրել` իրենց գրքերը տպագրելու համար: Ի՞նչ կասեք»,-հարցրել ենք մենք:
«Առաջարկն ինձ այդքան էլ դուր չեկավ: Նախ ասեմ, թե ինչ է տեղի ունեցել: Աջակցության ծրագրերով հրատարակիչների հետ աշխատելու ժամանակ մենք հասկացել ենք, որ նրանց մեծ մասը բարեխիղճ չեն վերաբերել այն աշխատանքին, որը մենք պատվիրել ենք: Չեն հրատարակվել այն քանակությամբ գրքեր, որքան պատվիրված է եղել, չեն հրատարակվել այն որակի գրքեր, ինչպիսին մենք ակնկալել ենք: Հիմա այդ գրքերը բաժանվում են տարբեր գրադարանների, զորամասերի, եւ մենք փոխել ենք մոտեցման ձեւը: Ժամանակակից գրականությանն աջակցելու երկու տարբերակ ենք ընտրել. առաջին` մենք գնելու ենք այն գրքերը, որոնք արդեն հրատարակվել են (խոսքը որակյալ գրականության մասին է` թե՛ գեղարվեստական, թե՛ տեխնիկական իմաստով), եւ երկրորդ` նախատեսվում է 2017-ին եռամսյա հեռուստատեսային հաղորդում, որին մասնակցելու է 5 հրատարակիչ, 15 գրող` իրենց ստեղծագործություններով, 30 մտավորական եւ մեր հասարակությունը` ուղիղ եթերում: Գրողները հնարավորություն են ունենալու հրավիրելու դերասաններ, ներկայացնելու իրենց ստեղծագործությունը, հրատարակիչները ընտրելու են 15 գրողներից 5-ին (յուրաքանչյուրը` մեկական), միմյանց հետ բանակցելու են, թե ով ավելի շատ հոնորար կվճարի ստեղծագործության դիմաց, ով ավելի մեծ տպաքանակով կհրատարակի: Մտավորականությունն ու հասարակությունն էլ ընտրելու են եւս 5 գրողի ստեղծագործություն: Այսինքն` 15 ստեղծագործությունից 10-ը հրատարակվելու է: Սա ոչ միայն թափանցիկ, բաց ընտրության, այլեւ գրքի, գրողի, ստեղծագործության հանրահռչակման հնարավորություն է»,-ասել է պարոն Ամիրյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳՈՐԾԻՔՆԵՐ
«Ժողովուրդ»-ն արդեն գրել է այն մասին, որ աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ից 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Ս. Սարգսյանը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարները: Ավելի վաղ մենք զրուցել էինք քննարկմանը ներկա մշակույթի գործիչներից մի քանիսի հետ եւ տեղեկացրել, թե դրա ընթացքում կոնկրետ ինչ խնդիրների մասին է բարձրաձայնվել, եւ թե նախագահն ինչպես է դրանց արձագանքել: Այժմ արդեն կանդրադառնանք հայ հանրության մի ստվար զանգվածի հուզող հարցի:
Այն բանից հետո, ինչ տեղեկություն տարածվեց, թե մշակույթի կոնկրետ որ գործիչներն են հրավիրվել հանդիպմանը, սոցցանցերում մշակույթի մի շարք գործիչներ, ինչպես նաեւ այլ օգտատերեր կարծիք հայտնեցին, որ նախագահը հերթական անգամ մի հարկի տակ է հավաքել յուրայինների, եւ որ քննարկումը, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրել: Ի դեպ, օգտատերերից շատերը, հրավիրված գործիչների շարքերում տեսնելով երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, տարակուսանք էին հայտնել. «Նա ի՞նչ գործ ունի այնտեղ»:
«Ես նախագահի հետ հանդիպում չեմ ունեցել, մենք գնացել, համերգ ենք տվել (Ռուբեն Հախվերդյանը` իր խմբով, Դավիթ Ամալյանը զորամասերում հանդես են եկել ելույթներով, հեղ.), հետո հավաքվել ենք թեյի սեղանի շուրջ եւ տուն ենք եկել: Ինքս բացարձակ ոչ մի հարց չեմ տվել նախագահին: Ինձ հրավիրել էր Արմեն Ամիրյանը, որն իմ ընկերն է: Ես էլ չկարողացա մերժել նրան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պարոն Հախվերդյանը:
Հետաքրքրվեցինք` երգահանը չի կարծում արդյոք, որ հանդիպումը լավ առիթ էր` իրեն հուզող մի շարք հարցեր նախագահին ուղղելու եւ առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար. «Իմ հարցերը, կարծեմ, հազարավոր տեղեր կարդացել են, նորից պետք է հարցեր տայի՞: Ես իմ մտածողությունը չեմ փոխել, չեմ էլ փոխելու»,-ասաց պարոն Հախվերդյանը:
Մենք թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ շատ կզարմանար, եթե, օրինակ, իրեն հրավիրած լինեին հանդիպմանը. «Նախագահն այդօրինակ ոչ ստանդարտ քայլեր չի անում: Եթե ինձ հրավիրեին էլ, չէի գնա: Եթե պետք է գնայի մի տեղ, որտեղ իմ ներկայությունը ձեւական բնույթ կկրեր, ես էլ չէի կարողանա ինչ-որ բան փոխել, ավելի լավ է` չգնայի: Բայց հրավեր, բարեբախտաբար, չեղավ: Ասեմ, որ ինձ չեն հրավիրում նույնիսկ առաջնախաղերի եւ հոբելյանական երեկոների»,-մեկնաբանեց տիկին Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ` մշակույթի գործիչներին հրավիրել են` գալիք ընտրություններին «նախապատրաստելու» համար. «Ուզում են, որ բոլորիս հայտնի օղակը նորից պտտվի, եւ ընտրություններում նույն արդյունքը գրանցվի: Իսկ կանչված մշակույթի գործիչներից շատերը պարզապես մշակույթի գործիքներ են»,-եզրափակեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս