ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Երեկ, մինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ պատգամավորներին ներկայացնում էր պայմանական ասած «հազար դրամների մասին նախագիծը», ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը սելֆիներ էր անում իր գործընկերների հետ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես օգտվում եմ 7 համարի ավտոբուսից: Ամեն անգամ ստիպված եմ լինում ժամեր շարունակ սպասել եւ աշխատանքի հասնել ուշացած: Մի՞թե հնարավոր չէ որեւէ կերպ լուծել այս երթուղու խնդիրը: Եթե գիծ դուրս եկող ավտոբուսները քիչ են կամ անսարք, ապա մի խումբ քաղաքացիների անունից խնդրում եմ կարգավորել այս հարցը:

Լիաննա Բադալյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ավտոբուսային հ.7 երթուղու աշխատանքն ուսումնասիրվել է առավոտյան ժամերին 2 օրվա ընթացքում: Ուսումնասիրությունից պարզվել է, որ երթուղին սպասարկվել է սահմանված քանակի շարժակազմով (10 միավոր), միջինը 14-15 րոպե շարժման միջակայքերով:
Հանձնարարվել է երթուղին սպասարկող կազմակերպությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առավոտյան ժամերին շարժման միջակայքերը հնարավորինս փոքրացնելու եւ երթուղու սպասարկման վիճակը բարելավելու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ քաղաքապետարանը «գեղեցիկ» ձեւով ներկայացնում է, թե երթուղին սպասարկվել է 14-15 րոպե շարժման միջակայքով, խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներ պնդում են, որ վերջինս սպասարկվում է 40-50 րոպե միջակայքով: Հուսանք՝ երթուղին սպասարկող կազմակերպությունը ի վերջո քայլեր կձեռնարկի՝ իրավիճակը փոքր-ինչ բարելավելու ուղղությամբ:

 

 
ՀԱՐՑ. Ոչ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին ինչպե՞ս է ծանուցվում իրենց կողմից կատարված վարչական իրավախախտումը (տեսախցիկների ֆիքսած իրավախախտում): Տեղյակ եմ, որ արտերկրում նման պետհամարանիշերով վարորդների վարչական իրավախախտումների տուգանքները գանձվում են տվյալ երկիր մուտք գործող սահմանին:

Նարեկ Դավթյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այսպես՝ «Տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7.1 հոդվածով սահմանվել է, որ նույն օրենքով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծող կամ այն արտահանող անձը: Նույն հոդվածով սահմանվել է նաեւ, որ եթե իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված, օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաեւ՝ վարչական ակտի կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է ՀՀ-ից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի ՀՀ հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել:
շարունակելի

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից եւ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում:




Լրահոս