Այսօր Գարեգին Նժդեհի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մահվան օրն է:  Նա ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։

Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս։

1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։

Երբ 1912 թվականին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։




Լրահոս