Ինչպես հայտնի է՝ այս գարնանն ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 16-ից: Ինչը մեծ խուճապ է առաջացրել դեղերի արտադրությամբ, վաճառքով եւ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ: Նրանք վստահ են, որ նոր օրենքի ընդունումը առաջիկայում կհանգեցնի դեղերի գների թանկացման:
Ներկայացնենք «Դեղերի մասին» ՀՀ օրենքում որոշ կետեր: Օրինակ՝ բոլոր դեղատները՝ առանձին-առանձին, պետք է անցնեն վերալիցենզավորման գործընթաց ու այդ ընթացքում չեն կարող դեղ վաճառել: Իսկ վերալիցենզավորման գործընթացն առնվազն մեկ ամիս է տեւում: Ոլորտին քաջատեղյակների համոզմամբ՝ օրենքի այս կետի կիրառման արդյունքում դեղատների գործունեության դադարեցումն անխուսափելի կլինի: Իսկ այն դեղատները, որոնք մանրածախ առեւտրի նպատակով դեղերը ներմուծում են նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նրանց արգելվելու է միաժամանակ զբաղվել թե՛ ներմուծմամբ, թե՛ մանրածախ առեւտրով:
Նոր օրենքով լիցենզիա տալու համար նաեւ սահմանվել են պահպանման ու տեղափոխման չհիմնավորված խիստ հատուկ պայմաններ, որոնք այդ դեղատները չեն կարող ապահովել: Մասնագետների պնդմամբ՝ նոր օրենքով կսահմանափակվի նաեւ դեղերի զուգահեռ ներկրումը: Այսինքն՝ եթե մինչեւ հիմա հնարավոր էր նույն դեղորայքը ներկրել Ռուսաստանից, որտեղ այն մի քանի անգամ ավելի էժան է, քան ուղիղ արտադրողից ներմուծելու դեպքում, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ եղանակով դեղերի ներկրումը անհնար կլինի:
Տեղեկացնենք, որ «Վագա-ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը դեմ է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին: Ըստ նրա՝ նոր օրենքով եթե դեղի գրանցման իրավատիրոջ ուղարկած ապրանքի ներդիր թերթիկն անէական տարբերություն ունի գրանցված տարբերակից, կամ եթե ներկրված որեւէ դեղի տուփի վրա առկա է նույնիսկ դիզայնի աննշան տարբերություն, որը համաձայնեցված չէ դեղգործակալության հետ, ապա այդ դեղի բոլոր խմբաքանակների իրացումը պետք է կասեցվի: Նույնիսկ այն խմբաքանակների, որոնք գրանցված նմուշի հետ բացարձակ նույնական են եղել եւ ներկրվել են առողջապահության նախարարության օրինական թույլտվությամբ: Իրենք իրավունք չունեն վաճառելու այն, թեեւ ներմուծել են օրինական ճանապարհով: Ավելին՝ կասեցված դեղի ավելի քան 30 տուփի պահպանումը, համաձայն վարչական իրավախախտումների մասին դրույթի, սահմանում է մեկ մլն դրամի չափով տուգանք:
Մի խոսքով, ոլորտի համար չարաբաստիկ օրենք է ուժի մեջ մտել, որի մասին հնչող դժգոհություններին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անհաղորդ է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան