Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն կվերադառնա «Ծառուկյան դաշինքո՞վ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դետեմբերի 3-ին՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո, կուսակցության անդամները զրուցել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը, որպես երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Թե ինչ ձեւաչափով ու երբ, Ծառուկյանը խոստացել է հանդես գալ առանձին հայտարարությամբ:

Իսկ առայժմ մեզ տեղեկություններ հասան, որ հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա «Ծառուկյան դաշինքով»: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի, ինչպես նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով եւս մասնակցել է դեկտեմբերի 3-ի հանդիպմանը:

-Տիկի՛ն Տոնոյան, Գագիկ Ծառուկայնի հետ հանդիպած քաղաքական գործիչները լսել են, որ նա ասել է, թե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է մտածի եւ որոշում կայացնի: Անցել է արդեն շուրջ 2 շաբաթ, բայց Ծառուկյանի հայտարարությունը ուշանում է, ինչով է դա պայմանավորված:

-Ինչպես գիտեք՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջիկայում քաղաքականություն վերադառնալու թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա: Ես այս պահի դրությամբ որպես հիմք կընդունեմ պարոն Ծառուկյանի հայտարարությունը, հստակ ժամկետներ չեն նշվել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա «Ծառուկյան դաշինքով»: Կա՞ նման քննարկում:

-Անկեղծ ասած, նման տեղեկատվության չեմ տիրապետում:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս