2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտան «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքները, որոնք պետք է ուղղված լինեին Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրմանը:
Այդ օրերին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները կարող են ձեռք բերել նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ Հայաստանի տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, նաեւ կենսաչափական տվյալներով անձնագիր:
Սահմանված էր, որ այդ փաստաթղթեր ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը, այսինքն՝ կամավոր է: Սակայն այդ «ժողովրդավար» սահմանումը տեւեց ընդամենը երկու տարի: «Նույնականացման քարտերի մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը 2013թ-ի դեկտեմբերի 28-ին փոփոխության ենթարկվեց. 2014թ հունվարից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր տրվում էր կենսաչափական անձնագիր: Դրան զուգահեռ ներդրվեց նաեւ նույնականացման կամ ID քարտերի կիրառումը:
Այսպիսով՝ քաղաքացիները 2014 թ. հունվարից կարող էին ստանալ միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր՝ վճարելով 25.000 դրամ, իսկ նույնականացման քարտի համար՝ 3000 դրամ, ընդհանուր առմամբ պարտադրաբար գանձվում էր 28.000 դրամ: Ոլորտի պատասխանատուներն այդժամ հայտարարում էին, որ երկիրը շահագրգիռ էր այդ համակարգի ներդրմամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Եվրամիության անդամ պետությունների տարածք մուտք գործելիս ունենալ մուտքի վիզայի ավելի թեթեւացված ռեժիմ: Այս համակարգը քաղաքացու ազատ տեղաշարժվելու հնարավորությունը պետք է ավելի ընդլայներ:
Չանցած 3 տարի ՀՀ կառավարությունը օրենքում կրկին փոփոխություն կատարեց: 2016թ. օգոստոսի 6-ին կատարված փոփոխություններով թույլատրվեց ստանալ հին նմուշի անձնագիր, կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու պարտադիր պահանջը հանվեց: Չնայած ՀՀ ոստիկանության հավաստիացումներին, որ այդ փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը կասեցվել է ժամանակավորապես, այնուամենայնիվ, մինչ օրս կենսաչափական անձնագրեր ձեռք բերած քաղաքացիները հայտնվել են հիմար վիճակում: Պարտադիր պահանջով ձեռք բերված կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներ կան, որ ունեն նաեւ հին նմուշի անձնագիր:
Ինչ է ստացվում՝ 28.000 դրամով ձեռք բերված փաստաթղթերն այս պահին քաղաքացիներին անհրաժեշտ չեն եւ սահմանը հատելու համար իրենց մոտ կարող են ունենալ նաեւ հին նմուշի անձնագիրը: Այսինքն` քաղաքացիներից անիմաստ գանձվեց 28.000-ական դրամ: Բայց սա դեռեւս հարցի մի կողմն է:
Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարել էր, որ օրենքում փոփոխության հիմնական խնդիրը Սահմանադրական դատարանի որոշումն էր: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ Սահմանադրական դատարանը այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական: Կրոնական համոզմունքներից ելնելով` մարդիկ կային, որոնք չէին ցանկանում ստանալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր Բիչախչյանը:
Ինչ է ստացվում՝ մոտ երեք տարի հակասահմանադրական օրենքի պահանջներով քաղաքացիներից յուրաքանչյուրից գանձվել է 28.000 դրամ, հետո պետական մակարդակով հասկացան, որ հակասահմանադրական պահա՞նջ էր:
«ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե մինչ այս պահը քանի հոգու է տրամադրվել բիոմետրիկ անձնագիր եւ նույնականացման քարտ: Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների` բիոմետրիկ անձնագիր ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ նույնականացման քարտ` 725 հազար հոգի: Եթե այս տվյալները վերածենք գումարի, ապա կստացվի, որ բիոմետրիկ անձնագիր տրամադրելու դիմաց ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներից ստացել է 7 մլրդ 100 մլն դրամ, իսկ նույնականացման քարտերի դիմաց` 2 մլրդ 175 մլն դրամ, ընդհանուր առմամբ` 9 մլրդ 275 մլն դրամ: Ասել է թե՝ հակասահմանադրական այդ օրենքով ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից ընդհանուր առմամբ գանձել է 9 մլրդ 275 մլն դրամ պարտադրաբար:
ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով ներդրվեց այսօր արդեն անպիտան այդ համակարգը. դրամաշնո՞րհ էր, թե՞ պետբյուջեի միջոցներն էին: Ի պատասխան մեր հարցմանը` ոստիկանությունից տեղեկացրին. «Համակարգի գործարկման համար օտարերկրյա, այդ թվում նաեւ որեւէ ներդրումներ չեն կատարվել, եւ նախնական վճար չի արվել: Մրցույթի պայման հանդիսացել է հետվճարային եղանակը, այսինքն՝ սպասարկել համակարգը եւ իրացված փաստաթղթերից ստացված գումարներից վճարել պայմանագրի գինը, որի համար սահմանված է եղել ժամանակացույց»:
Նշենք, որ Հայաստանում ID քարտերի եւ կենսաչափական անձնագրերի համակարգի գործարկման, փաստաթղթերի տպագրման աշխատանքների կազմակերպման եւ ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել էր լեհական PWPW S.A ընկերությունը, որի հետ կառավարության անունից պայմանագիր էր կնքել ոստիկանությունը։
Վահագն Հակոբյան