Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը առաջիկա տոնական օրերին անընդմեջ զբաղված է լինելու. նա նույն թատրոնի «Կարմիր գլխարկ» ներկայացման շրջանակում հանդես է գալու Ձյունանուշիկի կերպարում (բեմադրիչ` Նորա Գրիգորյան, ռեժիսոր` էրվին Ամիրյան):
Դերասանուհին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ վերջին շրջանում ստացել է նաեւ հեռուստանախագծերին մասնակցելու նոր հրավերներ, սակայն առաջարկները, նրա խոսքով, իրեն հարմար չեն եղել. «Ամեն դեպքում, եթե դրանք սրտովս լինեն, եւ ես էլ ժամանակ ունենամ, սիրով կհամաձայնեմ նորից երեւալ էկրաններին, ինչու ոչ նաեւ` կատակերգական դերերում»,-ասաց նախկինում «Դոմինո» սիթքոմում հանդես եկած դերասանուհին:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ առաջիկայում անակնկալ կմատուցի իր երկրպագուներին: Ելենան, թեեւ մտադիր չէ երգչուհու կարիերա սկսել, այնուամենայնիվ, ինչպես ինքն է ասում՝ շուտով` հունվարի 6-ին, հաճույքի համար կթողարկի տեսահոլովակ «Թե հոգնել ես» երգի հիման վրա (երաժշտությունը` DJ EGO-ի, խոսքերը` Գոհար Հունանյանի, տեսահոլովակի ռեժիսոր` Արթուր Մարտիրոսյան): Նշենք, որ Ելենան վաղուց է զբաղվում երգեցողությամբ` ելույթ ունենալով իր հարազատ թատրոնի ներկայացումներում. «Ուրախ եմ, որ տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի տոնական օրերին, կարծում եմ` շատ գունեղ աշխատանք է ստացվել»,-եզրափակեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան