«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որպեսզի վաղն էլ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Այլ կերպ ասած՝ գործադիրի նիստի միակ նպատակը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում կայացնելն է: Իսկ այս շտապողականության պատճառն էլ այն է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված չորս հարցերից երեքը վարկային համաձայնագրեր են: Իսկ միակ օրենսդրական նախաձեռնությամբ էլ նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչի արդյունքում բուքմեքերական ընկերությունները ներկայիս 100 մլն դրամի փոխարեն 500 մլն դրամի տուրք պետք է վճարեն: Այսինքն՝ այդ օրենսդրական նախագծով եւս կառավարությունը փող հայթայթելու հարց է լուծում:
Իսկ ինչ վերաբերում է վարկային համաձայնագրերին, ապա դրանից մեկով նախատեսվում է 40 մլն եվրոյի վարկ վերցնել, մյուս երկուսով էլ՝ 90 մլն եւ 50 մլն դոլարի վարկեր: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երեք վարկային համաձայնագրերը օրերս են ստորագրվել՝ նոյեմբերի 11-ին, նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 9-ին: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը հրատապ գումար հայթայթելով է զբաղված եղել, եւ երբ դրանք գտնվել են, րոպե անգամ չկորցնելով՝ փորձում է այդ փողերը բերել Հայաստան:
Նշենք, որ վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննարկելը սովորաբար մոտ երկու ամիս է տեւում: Բայց կառավարությունն արդեն հասցրել է բոլոր երեք համաձայնագրերն էլ ՍԴ «մուրճի տակով» արագ անցկացնել, եւ այժմ հերթը խորհրդարանինն է, որից եւս պահանջելու են, որ փաստաթղթերը բլից վավերացնեն: Այս փաստը ապացուցում է այն կանխատեսումները, որ Հայաստանի բյուջեում գումար չի մնացել, եւ իշխանությունները փորձում են պետբյուջեի ծախսերը պարտք վերցնելով հոգալ: Բայց մինչեւ ե՞րբ:
Հ.Գ. Ի դեպ, նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այլեւս արտերկրից վարկեր չեն վերցվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: