Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանմունքների և քրեակատարողական հիմնարկների կողմից 2016թ-ի 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջի «Կատարված աշխատանքներ և իրականացված բարեփոխումներ» բաժինը:
Նախորդ 11 ամիսների կատարված աշխատանքների ամփոփմանը զուգահեռ ՀՀ կառավարության 2017թ-ի գործունեության, ինչպես նաև քրեակատարողական համակարգի ռազմավարական զարգացման և բարեփոխումների ծրագրերի համատեքստում նախանշվել են նաև 2017 թվականին կատարվելիք աշխատանքները, որոնցից կարևորգույնները ներկայացվում են ստորև`
1. Ինովացիոն ծրագրերի ներդրման շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է քննարկել քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման հնարավորությունները, որի արդյունքում կապահովվի թե՛ անազատության մեջ պահվող անձանց օգտակար (այդ թվում՝ ֆինանսական) զբաղվածությունն ու վերասոցիակալանացման արդյունավետ կայացումը և թե՛ քրեակատարողական համակարգի կայուն զարգացումը:
Բացի այդ, պետական բյուջեի բեռի նվազեցման նպատակով նախատեսվում է քննարկել նաև քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ (մասնավորապես՝ սննդի ապահովման, բուժսպասարկման և այլն) մասնավոր հատվածին պատվիրարկելու (outsourcing) հնարավորությունները:
1. Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շրջանակներում նախատեսվում է 2017 թվականին քրեակատարողական համակարգում գործարկել «Կալանավորված անձանց և դատապարտյալների ռեգիստր»-ը (e.penitentiary), որի արդյունքում նախ էականորեն կբարելավվի համակարգի ամենօրյա գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությունը, և բացի այդ՝ կնվազեցվի փաստաթղթաշրջանառության վրա ծախսվող աշխատաժամանակի անհիմն կորուստը՝ միաժամանակ նպաստելով նաև ՀՀ իրավապահ համակարգերի միջև օպերատիվ համագործակցության արդիականացմանը:
2. «ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բժշկական սպասարկման ոլորտի բազմակողմանի բարեփոխումներ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:
3. Քրեակատարողական համակարգի կառուցվածքի օպտիմալացման, ինչպես նաև համակարգը որակյալ կադրերով համալրելու տեսլականի շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է շարունակաբար ընդլայնել համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի սահմանները՝ դրանք տարածելով քրեակատարողական ծառայողի ուղղակի մասնագիտական գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների վրա:
Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի նախ մասնագիտական գործառույթ չիրականացնող ստորաբաժանումներում ծառայության ընդունել համանման բնագավառներում հարուստ մասնագիտական փորձ ունեցող 30 տարեկանից բարձր անձանց («Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ծառայության ընդունելու տարիքային ստորին շեմը 30 տարեկանն է) և բացի այդ, քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական հատուկ ծառայողի պաշտոնային դրույքաչափերի տարբերության հաշվին շոշափելիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները:
4. Նախատեսվում է ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության հետ համագործակցությամբ կազմակերպել Ծառայության նախաձեռնությամբ մշակված և ՀՀ կրթության և գիտության նախարարի` 02.07.2015թ. թիվ 642-Ն հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության ուսումնառությունը, ինչը հնարավորություն կտա Ծառայությունը համալրել նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով:
5. «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» շրջանակներում նախատեսվում է ընդլայնել համագործակցության ձևաչափերը՝ կառավարման, ինժեներա-տեխնիկական հագեցվածության ապահովման, ինչպե նաև առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ