ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Lenta.ru-ին:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանն արդեն նոյեմբերի վերջին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, որտեղ բանակցություններ վարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրեցին երկու երկրների զորախմբերի միավորման մասին համաձայնագիրը:
Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ի հարցազրույցում պատմել է Ռուսաստանի հետ համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին:
– Հայաստանի համար համար մեկ խնդիր է համարվում ԼՂ հակամարտությունը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:
– Ադրբեջանի հետ զինված կոնֆլիկտի վերսկսումը հնարավոր է: 1994թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին: Ցավոք, 1994թ.-ից Բաքուն արդեն ավելի քան 20 տարի տորպեդահարում է խաղաղ գործընթացը: Բացի այդ, խափանվում են հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ միջազգային հանրության ջանքերը: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում, սակայն ձախողեց: Մենք աշխատում ենք կանխարգելել ռազմական գործողությունների վերսկսումը: Ընդ որում, ակնհայտ է, որ Հայաստանին և տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ կոնֆլիկտի շիկացումը:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում ռուսական գործոնի նշանակությունը:
– Տարածաշրջանում ռուսական ներկայությունն ու երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևոր զսպող գործոն է, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան: Մենք համատեղ անվտանգության ապահովման համար զորքերի կիրառման օպերատիվ պլանավորում ենք իրականացնում, իսկ հակաօդային պաշտպանական համակարգերն ու ռուսական ռազմաբազայի ավիացիան և Հայաստանի ռազմաօդային ուժերը համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում՝ լուծելով կարևորագույն խնդիրներ: 2010թ. միջպետական արձանագրություն ստորագրվեց, որով երկարաձգվեց Հայաստանի տարածքում ռազմաբազայի ներկայության ժամկետը՝ 25-ից 49 տարի, այսինքն՝ մինչև 2044թ.: Կցանկանայի ընդգծել, որ դրա նախաձեռնողը Հայաստանն էր:
– Հնարավո՞ր է երկկողմ հարաբերությունների այլ զարգացում:
– Իմ կարծիքով՝ ակտուալ է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմական-արդյունաբերական համալիրի ստեղծման ծրագիրը: Այն կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և Իրանի միջև գործնական, ռազմատեխնիկական համագործակցության համար: Միևնույն ժամանակ, Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կնպաստի քաղաքում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու կամրապնդի տեղի բնակչության և ռուսական ռազմաբազայի զինծառայողների միջև սոցիալական կապերը:
– Այժմ ի՞նչ խնդիրներ է լուծում ՀՀ պաշտպանության նախարարությունը:
– Մենք խորացնում և ամրապնդում ենք համագործակցությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ ՀԱՊԿ և ԱՊՀ ֆորմատներով, ինչպես նաև մեզ համար նոր երկխոսությունը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Շարունակում ենք երկխոսությունը ԱՊՀ մի շարք երկրների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և ԵՄ երկրների հետ: Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Համագործակցության հանուն խաղաղության» ֆորմատով, մասնակցում է Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում խաղաղապահական օպերացիաներին: Մենք շարունակում ենք հագեցնել բանակը թիրախավորման բարձր ճշգրտության միջոցներով, որպեսզի կանխենք հնարավոր ռազմական ավանտյուրաները: Եվ, վերջապես, պաշտպանական համակարգում իրականացնում ենք նորարարական գաղափարներ ՝ ռազմական պոտենցիալի կիրառման, կառավարման, նախապատրաստման նպատակով կադրային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բարձրացման համար:
– Ինչպե՞ս եք գնահատում ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը:
– Մեր երկրների միջև ավելի քան 160 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչային պայմանագրեր և համաձայնագրեր են ստորագրվել (դրանցից ավելի քան 60-ը՝ ռազմական ոլորտում), ներառյալ՝ Բարեկամության, համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի մասին համաձայնագիրը: Բարձր գնահատականի է արժանի նաև ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցությունը:
– Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ի՞նչ է դա տալիս երկրին և բանակին և արդյոք չի՞ հակասում ռուս-հայկական համագործակցությանը:
– ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը սկսվել է 1994թ., երբ Երևանը միացավ «Համագործակցության հանուն խաղաղության» դաշինքի ծրագրին: Ինչպես արդեն նշեցի, մեր զինծառայողները մասնակցում են խաղաղապահական օպերացիաներին, ինչը թույլ է տալիս անգնահատելի հմտություններ ձեռք բերել: Մենք, բնականաբար, կիսվում ենք ստացած հմտություններով, փորձով: Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խոչընդոտում հայ-ռուսական հարաբերություններին: Պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ԼՂ շուրջ բանակցային գործընթացն այն միակ հարթակն է, որտեղ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը համընկնում են: