Ովքե՞ր են ՀՀԿ-ից հեռացված կուսակցականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամփոփեց քաղաքական տարին: «2016 թ-ը բարդ եւ նահանջի տարի էր, սակայն մեզ հաջողվել է ոչ միայն չնահանջել, այլեւ մարտահրավերները հաղթահարելով՝ ապահովել առաջընթացի հիմքեր»,- հայտարարեց Աշոտյանը:

Նահանջի տարում չնահանջած հանրապետականները Աշոտյանի խոսքով` 12-13 հազար նոր անդամներ են ունեցել, եղել են այնպիսիք, որ դուրս են եկել, իսկ ավելի շուտ իրենք են հեռացրել կուսակցությունից բոլոր նրանց, ովքեր պատշաճ կերպով, ակտիվ ներգրավված չեն եղել կուսակցության գործունեության մեջ. «ՀՀԿ-ն տարին փակում է՝ ունենալով շուրջ 158 հազար անդամներ, ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլեւ հեռացնում է: Մենք հեռացնում ենք բազմաթիվ կուսակցականների, մենք մաքրում ենք մեր կուսակցական շարքերը, ցավոք սրտի, լինում են բնական կորուստներ` մահ եւ այլն: Լինում են մարդիկ, որ դուրս են գալիս կուսակցությունից, եւ այս գործընթացը քարացած չէ, ուստի կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ մարմին է ոչ միայն ինստիտուցիոնալ տեսանկյունից, այլեւ իր մարդկային ռեսուրսով»,- նշեց Աշոտյանը:

Ավեի ուշ «ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե կոնկրետ ովքեր են հեռացվածները, կան նրանց մեջ հանրությանը ծանոթ անուններ: Սկզբում Թադեւոսյանը նշեց, որ դա մշտական գործընթաց է, եւ ՀՀԿ-ում անընդհատ դա տեղի է ունենում, երբ որ խախտումներ են թույլ տալիս. «Պարբերաբար կատարվում է դա, անունները, ազգանունները Ձեզ ոչինչ չեն ասի», -պատասխանեց Թադեւոսյանը` չգիտես ինչու մեր հարցը տարօրինակ որակելով: Նկատենք, սակայն, որ տարօրինակը հենց Թադեւոսյանի պատասխանն էր, որովհետեւ ՀՀԿ-ական այս գործիչը նախ այդ հարցի կոնտեքստում սկսեց «պրովոկացիա» փնտրել, այնուհետ անզոր գտնվելով՝ խորհուրդ տվեց դիմել իրենց տարածքային կազմակերպություններին. «Նորմալ կուսակցական աշխատանքներ են գնում, ինչ կապ ունի Մարտիրոսյան է կամ Պողոսյան»,- նեղսրտեց մշտապես խորհրդակցությունների մեջ գտնվող Թադեւոսյանը: Սակայն, երբ նշեցինք, թե որն է հարցի էությունը, եւ գուցե այդ անունների մեջ լինեն հանրությանը ծանոթ պաշտոնյաներ, որոնք հեռացվել են, հնչեց Թադեւոսյանի ոչ պակաս տարօրինակ պարզաբանումը. «Բոլորը հանրությանը ծանոթ անձնավորություն են, ՀՀ քաղաքացիներ են, հարգելի՛ս»:

Վահագն Հակոբյան




Լրահոս