ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերության պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Սա նախադեպ է, քանի որ նախարարությունը մշտապես փորձել է աշխատանքային մթնոլորտում կարգավորել խնդիրները, սակայն սա բացառիկ դեպք էր, որը կարծում եմ հետագայում զսպաշապիկ կդառնա անբարեխիղճ մթերողների համար: Այս պահին չեմ ցանկանում որակումներ տալ, նախաքննությունը կպարզի հանգամանքները, սակայն մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Ռոբերտ Մակարյանը, հավելելով, որ նման իրավիճակների կրկնություն թույլ չտալու համար պետք է նաեւ գյուղացիների իրավագիտակցությունը բարձրանա:
Փոխնախարարի խոսքով` ընկերությունը հայտարարել էր, որ ունի 47 մլն դրամի պարտք, սակայն նախարարությունը պարզել է, որ պարտքը փաստացի հասնում է շուրջ 100 մլն դրամի, որը կուտակվել է ընկերության ղեկավարության անփույթ եւ անպատասխանատու աշխատանքի արդյունքում: