Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով այս տարին գերազանցել է նույնիսկ 2015 թվականը: Այս մասին այսօր նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Չափազանց բարդ և լարված տարի էր: Արձանագրած մասնագիտական գործունեության խոչընդոտումների փաստերը վկայում են, որ լրագրողները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում»,-նշեց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը ևս լուրջ մարտահրավեր էր: «Մարտահրավեր էր հուլիսյան երկրորդ կեսի դեպքերը, երբ Սասնա ծռեր զինված խմբավորումը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այստեղ էլ լուրջ հարցեր էր ծագել՝ ինչը լուսաբանել, ինչը՝ ոչ: Այստեղ մենք ականատես եղանք ոստիկանական նոր վայրագությունների եւ այդ ամենը հիշեցրեց 2015 թվականի հուլիսյան իրադարձությունները Բաղրամյան պողոտայում, և այդ ճնշումները ֆիզիկական բռնությունները մասսայական թիրախավորված բնույթ էր կրում, աննախադեպ էր այն, որ կիրառվեցին հատուկ միջոցներ»,-ասաց նա:
Մելիքյանի խոսքով, օրենսդրական առումով նույնպես դաշտը բարենպաստ չի լրագրողական գործունեության համար: