Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ հանրապետությունում գրանցվեցին ընտանի կենդանիների դաբաղի եւ մաշկաբորբի բռնկման դեպքեր, 2016-ին Հայաստանում համաճարակային վիճակը կայուն է եղել եւ շարունակում է կայուն մնալ:
«Այս տարի մենք կարողացանք կանխարգելիչ պատվաստումների նպատակով բարձր որակի դեղորայք ներմուծել: Եթե չհասցնեինք, համաճարակների եւ հետեւապես մսի արտահանման հետ լուրջ խնդիրներ կունենայինք: Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին իրականացվել են կենդանիների 9 հիվանդությունի դեմ կանխարգելիչ պատվաստումներ:»,- ասաց նա:
Անդրադառնալով 2016-ի ընթացքում Տավուշի եւ Լոռու մարզում խոզերի անկման բոլոր 3 դեպքերին, Մկրտչյանը նշեց, որ դրանք հետեւանք են եղել տերերի կողմից տրվող անորակ կերի: Ընդ որում՝ քրեական գործեր են հարուցվել, եւ իրավապահներն աշխատանքներ են տանում՝ պարզելու՝ որտեղից եւ ում կողմից են կերերը ներմուծվել:
Վերջինս նշեց, որ 2017-ին Հայաստանում կգործի սպանդանոցների բավարար քանակ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտ ամբողջ ծավալով սպանդ իրականացնել:
Մկրտչյանը նաև հիշեցրեց, որ անցնող տարում տեսչությունը ստուգումներ է իրականացրել Խորենացու փողոցի վրա գտնվող մսի շուկայում՝ որից հետո որոշում է կայացվել՝ հունվարից հետո միանշանակ կփակվեն այն բոլոր կրպակները, որոնք չեն համապատասխանի սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն էլ հայտնեց, որ անցնող տարում հանրապետությունում նմուշառվել է մոտ 6 հազար տեսակի մշակաբույս, այնուհետեւ ներկայացվել բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության: