«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց, թե համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ: «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «աշխատանքային-դաստիարակչական» մի քանի խորհրդակցություն է նա անցկացրել համակարգում, որի ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին:
Մասնավորապես, դիմելով ՊԵԿ առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին` ասել է. «Բրուտյա՛ն, ես քեզնից փող ուզե՞լ եմ»: Հարցից շփոթված տեղակալը բացասական պատասխան է տվել, ապա ՊԵԿ նախագահը շարունակել է, թե ցանկացած աշխատակից, ով փող կվերցնի իր ստորադասից՝ պատճառաբանելով, թե «վերեւներից» են պահանջել, ստում է եւ խստագույնս կպատժվի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊԵԿ Արաբկիրի բաժնի վերահսկող աշխատակիցներից 3 հոգի օրերս հեռացվել են, սակայն նրանց վերադասին ներքին անվտանգության պետը «ներել է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: