2 մանկահասակ երեխաները մահացել են մեխանիկական ասֆիքսիայից. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Սպիտակի ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչի մասնակցությամբ կատարված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների համաձայն՝ երեխաների մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական ասֆիքսիան, որն առաջացել է կոշտ առարկայով պարանոցների օրգանների սեղմման հետևանքով։ Իսկ 45-ամյա կնոջ՝ Մ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել կախվելու հետևանքով առաջացած մեխանիկական ասֆիքսիան։ Ըստ փորձագետների՝ երեխաները մահացել են ավելի վաղ, քան նրանց մայրը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ.Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ մահացած։
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը «դեպրեսիվ սինդրոմ՝ արտահայտված ընկճվածությամբ» ախտորոշմամբ 13.02.2014թ. հաշվառված է եղել Սպիտակի ԲԿ հոգեբուժական կաբինետում և նրան հատկացվել են անտիդեպրեսիոն և հոգեմետ դեղեր:
Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս