Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:
Հանրապետության Նախագահը կարևորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների և փոխգործակցության հետևողական խորացումը բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է: Սերժ Սարգսյանը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ևս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում և առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ:
Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս խորհրդարանական գործընկերների երևանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին:
Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը: