Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խոսնակ Սելին Սայեք Բյոքեն Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ մեղադրել է երկրի իշխող «Արդարություն և զրագացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ): Այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը:
«ԺՀԿ» գործադիր խորհրդի ժողովում ունեցած ելույթի ժամանակ Բյոքեն նշել է, որ կարևոր չէ՝ ով է կազմակերպիչը՝ FETÖ-ն («Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է անվանվում իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը), թե «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, քանի որ երկրում տիրող իրավիճակի հիմքում գաղափարական մթնոլորտն է, որը գիտակցված ձևավորել է ԱԶԿ-ն:
«Եթե ատրճանակի ձգանը FETÖ-ն է քաշել, ապա դուք եք նրան մեր գլխին պատիժ դարձրել: Եթե «Ալ Նուսրան» է, ապա դուք եք ջիհադական խմբավորումներին ամեն տեսակ օժանդակություն ցույց տվել: Դուք եք, որ վերացրել եք սահմանային անվտանգությունը: Պատասխանատուն դուք եք»,-ասել է նա։
Բյոքեն նշել է, որ ռուս դեսպանի սպանությունը սովորական դեպք չէ: «Անկարայում սրտում, որտեղ պետք է ամենանվտանգը լիներ, ոստիկանի կողմից դեսպան է սպանվում: Թուրքիան իր իսկ երկրում չկարողացավ դիվանագետի պաշտպանել: Մարդասպանն էլ ոստիկան է: Պետք էր մարդասպանին ողջ բռնել, մինչդեռ այդպես չարվեց: Ստեղծված ամոթալի շղթայի միակ պատասխանատուն ԱԶԿ-ն է»,-ասել է պատգամավորը։