«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով այն տեղեկությանը, թե ԲՀԿ-ական իր գործընկերների մոտ պարծեցել է, որ Գ. Ծառուկյանի վերադարձի դեպքում իր անցողիկ տեղը կուսակցության ցուցակում ապահովված է, ասաց. «Ես «Բարգավաճ Հայաստանի» հետ առնչություն չունեմ եւ չեմ ունենալու»:
-Պարո՛ն Ուրիխանյան, Դուք հրաժարվեցիք Ձեր իսկ ստեղծած «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից, արդյո՞ք կարող ենք ասել, որ այդպիսով խոստովանեցիք, որ կուսակցության նախագահ լինելը դժվար աշխատանք է, եւ Ձեզ մոտ չստացվեց:
-Խոստովանելու անհրաժեշտություն չկա, դա ակնհայտ ու աքսիոմատիկ ճշմարտություն է, կուսակցության նախագահ լինելը իսկապես չափազանց բարդ աշխատանք է, եթե դա իրականում աշխատանք է, եթե դու իրականում ղեկավարում ես գործող եւ մարդաշատ կուսակցություն:
-Տեսակետ կա, որ կուսակցության նախագահի պաշտոնից դուրս գալու Ձեր որոշումը պայմանավորված էր Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձով:
-Կուսակցության նախագահի պաշտոնից դուրս գալը պայմանավորված էր կուսակցության մեջ ավելի արդյունավետ կառավարման ձեւ ստեղծելով, եւ առաջիկա համագումարը այդ հարցի պատասխանը կտա: «Ալյանս»-ում ձեւավորվում է նոր կառավարող համակարգ, նոր վարչություն, նոր նախագահություն, եւ ինքս շարունակելու եմ վարչության անդամի պարտականությունները կատարել, թիմի հետ ունեմ հիանալի հարաբերություններ:
-Ճի՞շտ է, որ Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության Ձեր գործընկերների մոտ պարծեցել եք, թե Գագիկ Ծառուկյանի վերադառնալու դեպքում Դուք ԲՀԿ-ի ցուցակում անցողիկ տեղ եք ունենալու:
-Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ առնչություն չեմ ունենալու, իսկ նման խոսակցությունների առթիվ հարցերը, խնդրում եմ, գնահատել ո՛չ Ձեր լրատվամիջոցի լրջության մակարդակին, ո՛չ էլ մեր զրույցին հարիր:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ ե՞րբ եք հանդիպել:
-Կա ինֆորմացիա, որը հրապարակման ենթակա չէ, առավելեւս, երբ վերաբերում է միջանձնյա հարաբերություններին: Ես այն մարդն եմ, որը կյանքում, առավել եւս, դժվարին ճանապարհ անցնելու արդյունքում ունեցած հարաբերությունները միշտ գնահատում է: Երբեւէ դրանց վրայով չի անցնում, չի անցնելու եւ չի փորձում օգտագործել, ի տարբերություն այլոց, այդ թվում՝ Ձեզ իբր ասեկոսեների մակարդակով ինչ-որ խոսակցություններ հասցրած մարդկանց:
-Այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկություններով՝ կուսակցությունում որոշ անդամներ դրել են Ձեր հարցը՝ նշելով, թե եթե Դուք լինեք ԲՀԿ ցուցակում, ապա իրենք դուրս կգան կուսակցությունից:
-Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ եւ չեմ կարող լինել այդ կուսակցությունում ո՛չ ընդունելի, ո՛չ էլ չընդունելի: Ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ: Այդ տեղեկությունները պետք է Ձեզ տան այն մարդիկ, ումից այդ ասեկոսեները բխում են: Ինձ չհետաքրքրող հարց է, ես «Բարգավաճ Հայաստանի» հետ առնչություն չունեմ եւ չեմ ունենալու:
-Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում էլ դա չի լինի՞:
-Գագիկ Ծառուկյանը այս պահին «Բարգավաճ Հայաստանում» չէ:
-Դուք ինքներդ ասացիք՝ այս պահին, բայց բոլորը սպասում են նրա ելույթին, նա ասել էր, որ պատրաստվում է մասնակցել քաղաքական գործընթացներին, իսկ թե ինչ ձեւաչափով, պարզ կդառնա նրա առաջիկա հայտարարությունից:
-Ուրեմն Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերը այլ հարցեր են, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված հարցերը՝ այլ: Հիմա Ձեզ պատասխանեմ բուն իմաստով՝ փակելով բոլոր հարցերը հետեւյալ կերպ. ես միակ անձնավորությունն եմ այն ամբողջ թիմից, որը առանցքն էր հանդիսանում ոչ իշխանական ուժերի, որոնք տանում էին մեկ գիծ՝ ո՛չ սահմանադրական ավանտյուրային, ո՛չ սահմանադրական հանրաքվեին, ո՛չ սահմանադրական բարեփոխումներին: Ես միակ մարդն եմ, որի կենսագործունեությունը հասավ մինչեւ քվեարկություն, եւ միակ մարդն եմ, որը քվեարկեց դեմ: Ուստի որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու չունեմ՝ հասարակությանը, գործընկերներին, մարդկանց, ապացուցելիք ունեն նրանք, ովքեր իրավիճակից կախված փոխում են իրենց համոզմունքները, դիրքորոշումները, նվիրվածությունները եւ այլն:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐՍՏԱՑԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես հայտնի է` նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Օրենսդրական այս փոփոխությունների քննարկման ֆոնին առավել հետաքրիր է դառնում, թե ինչպիսի ունեցվածք են դիզել մեր պաշտոնյաները: Որպես պաշտոնական հիմք կարող ենք ընդունել միայն նրանց ներկայացրած հայտարարագրերը, որոնցում, սակայն, հաճախ ներկայացվում են նրանց ունեցվածքի այսբերգների միայն տեսանելի մասերը:
Այս անգամ անդրադառնանք ՀՀ մեծ համայնքների ղեկավարներին:
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Գյումրիի քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը իր նոր հայտարարագրում ներկայացրել է բազմապիսի ունեցվածք` արտադրական նշանակության շինություն, 3 անհատական բնակելի տուն, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, հասարակական նշանակության շինություն եւ 3 միլիոն դրամ, ինչպես նաեւ՝ 13 հազար դոլար դրամական միջոցներ: Հարկային տարում Բալասանյանի եկամուտը եղել է միայն աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 2 մլն դրամ:
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մեկ հողամաս, մեկ բնակարան եւ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա: Ասլանյանը ունի 15 մլն դրամ կանխիկ գումար, որը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից: Թե ինչ բիզնես ունի, չի մանրամասնել:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը 2016 թվականին պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 6 մլն 700 հազար դրամ, 2 հազար դոլար, 5 հազար 5 հարյուր եվրո: Եկամտի չափը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ ունի 2 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MERCEDES-BENZ S550 եւ RANGE ROVER SPORT SC 4.2: Նրան հաջողվել է հետ գցել 400 հազար դրամ եւ 2 մլն 400 հազար դրամ: Դանիելյանի եկամտի չափը հաշվետու տարում կազմել է 400 հազար դրամ, եկամտի «աղբյուրը» աշխատավարձն է եղել:
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, կազմում են 23 հազար 700 դոլար, 19 հազար 500 եվրո եւ 850 հազար դրամ: Բացի այս՝ նա ունի մեկ բնակարան եւ երկու ավտոմեքենա` «Toyota Land Cruiser 200 4.0» եւ «BMW 745» մակնիշի: Նշենք, որ քաղաքապետն իր պաշտոնը ստանձնելիս հայտարարագրում նշել է, որ այս տարվա հինգ ամիսներին ստացած իր աշխատավարձը կազմել է 1 մլն 562 հազար դրամ: Բացի այդ, ըստ հայտարարագրի՝ նա 380 հազար դրամով ինչ-որ գույք է օտարել: Նկատենք, որ Գեւորգյանի դրամական միջոցները, համեմատ գործընկերների, ամենաշատն են: Անշուշտ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անշարժ գույքը պատկառելի է, սակայն նրա հայտարարագրած դրամական միջոցները զիջում են Աբովյանի քաղաքապետի միջոցներին: Միեւնույն ժամանակ՝ Բալասանյանի անշարժ գույքերի վաճառքից ստացված գումարի չափը կարող է գերազանցել մյուսների դրամական միջոցները:
Անկախ նրանից, թե հայրենի քաղաքապետերից ով ինչպես է դիզել իր ունեցվածքը, նրանք մտահոգվելու խնդիր չունեն, քանի որ ապօրինի հարստացման քրեականացման օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թ.-ի հուլիսի 1-ից եւ հետադարձ ուժ չի ունենալու:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԻՍՏ ԿԼԻՆԻ
Այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում կայանալու է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ ամենայն հավանականությամբ կորոշվի խորհրդի նիստի օրը: Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, խորհրդի նիստի օրը կորոշվի շատ շատերի քաղաքական ապագան: Գուցե պատգամավորության որոշ թեկնածուների մասով հստակեցումներ արվեն:
ՀԵՌՎԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է
Չնայած քաղաքական դաշտում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններին, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին ժամանակներն ավելի հաճախ ճամփորդում է, քան մնում երկրում եւ, ըստ էության, մասնակից չի դառնում իր կուսակցության ճակատագրի հստակեցման գործընթացներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կուսակցապետը դեռեւս գտնվում է ԱՄՆ-ում: Թե երբ է պատրաստվում վերադառնալ, Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել, բայց հավաստիացրեց, որ Հովհաննիսյանը «մասնակից է լինում» կոնսուլտացիոն հանդիպումներին: Հարցին` թե ինչպես է հնարավոր հեռվից մասնակցել այդ գործընթացին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես բոլոր լիազորություններն ունեմ մասնակցելու, մասնակցում եմ եւ իրեն տեղյակ եմ պահում»: Ասել է թե՝ վիրտուալ է շփվում Հովհաննիսյանը իր գործող եւ ապագա գործընկերների հետ:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 6 ՄԼՆ՝ ՀՀ ՏԿՏՏ-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունն այսօր որոշում է կայացնելու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել ավելի քան 6 մլն դրամ: Գումարը հատկացվելու է ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում «Սիբիր» ավիաընկերություն» ԲԲԸ-ի կողմից 2016 թվականի 3-րդ եռամսյակում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետեւանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով: Ստացվում է, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել «Սիբիր» ԲԲԸ-ին, բայց արդեն քանի տարի է՝ հրաժարվում է վճարել հաշմանդամություն ունեցող օդաչուների հաշմանդամության փոխհատուցումը, որոնք հաշմանդամությունը ձեռք են բերել մասնագիտական աշխատանքի պատճառով:
«Հայկական ավիաուղիներ»-ի լուծարումից հետո պետք է պետությունը հաշմանդամության փոխհատուցումը վճարեր: Սակայն արդեն որքան ժամանակ է՝ կառավարության շենքի առջեւ «Հաշմանդամ օդաչուների միություն» ՀԿ-ի անդամները իրենց բողոքի ակցիան են անցկացնում: