Որքան էլ մեր երկրում խոսվում է քաղաքական դաշտը ամբողջությամբ փոխելու, այդ խճանկարում առավել երիտասարդների ու նոր հայացք ունեցողների ներգրավելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ գոնե իշխանական դաշտից այդ ազդակները չկան: Էլի իրադարձությունները պտտվում են գործող «գորշ դեմքերի» շուրջ` որպես ապագա խորհրդարանի պատգամավորի թեկնածուների:
Եւ այս իրավիճակում գլոբալ իմաստով քաղաքական փոփոխություններ ակնկալել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում եւ ասել, որ կունենանք ինտելեկտուալների խորհրդարան, թերեւս անհույս լավատեսություն կլինի: Ինչո՞ւ, որովհետեւ արդեն իսկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ քաղաքական մյուս զարգացումները ցույց են տալիս, որ հայրենի քաղաքական դաշտում առկա հիմնական ուժերի վերադասավորվածություն թերեւս տեղի չի ունենա:
Դերակատարներ
Որքան էլ կանխատեսումներն անընդունելի լինեն, պետք է արձանագրենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը կկարողանա ինչ-որ քանակությամբ ձայներ ապահովել: Կլինեն դրանք ադմինիստրատիվ ռեսուրսների, թե «լավ համոզելու» ու խոստումների գնով, էական չէ, բայց որ ՀՀԿ-ն ձաներ կհավաքի, փաստ է: Ի վերջո, ՀՀԿ-ն ոչ միայն ռեսուրսների ապահովվածությամբ է առաջինը, այլեւ ունի մի պարզ կարգախոս՝ ինչքան ուզենք, այնքան կխփենք (չշփոթել մեծամասնություն կազմելու նրանց ձգտումների հետ, քանի որ դա իրականում չափազանց դժվար կլինի):
Քաղաքական դաշտում կա ու ընտրություններց հետո թերեւս էլի կլինի նաեւ 126 տարեկան Դաշնակցություն կուսակցությունը: Նրանց եւս կհաջողվի իրենց՝ փոքր-ինչ պակասած, բայց կայուն ընտրաքվեներից բացի՝ իշխանական լծակների շնորհիվ ինչ-որ քանակի ձայներ հավաքել, եւ թերեւս մեծամասամբ նույն դեմքերով դաշտում կմնա նաեւ ՀՅԴ-ն: Թեեւ հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ քաղաքում ՀՅԴ-ն բացարձակ պարտություն կրեց` զիջելով անգամ ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես երեւում է, կշարունակի «կրկեսի վերածել մեր հայրենիքը». նախ՝ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, նոր ոգեւորություն կբերի ինչպես ՀՀ բնակչության մի մասի, այնպես էլ կուսակցության մոտ` «մանթրաժ քցելով» ինչպես մի շարք ՀՀԿ-ականների, այնպես էլ մտածող շատ ՀՀ քաղաքացիների: Եւ արդեն իսկ աներկբա է, որ ԲՀԿ-ն էլ կունենա քվեներ եւ կլինի հաջորդ խորհրդարանում:
Եթե նայենք անցած ՏԻՄ ընտրություններին, ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ» կուսակցության վերածված ուժն էլ իր ընտրազանգվածն ունի: Եւ ինչքան տարօրինակ է այդ քաղաքական միավորի վարքաբանությունը, հռետորիկան ու իրականացվող քայլերը, որոնք անասելի վարկաբեկեցին ՕԵԿ-ականներին` իրենց ղեկավարով հանդերձ, այնուամենայնիվ, նրանք էլ են այսօրվա դրությամբ համարվում անցողիկ ուժերից մեկը` իհարկե, փոքր տոկոսներով:
Անցողիկ ուժերի շարքին կարելի է դասել նաեւ նորաստեղծ եռյակ դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: Իհարկե, եթե այս կուսակցություններից յուրաքանչյուրը միայնակ մասնակցեր ապրիլյան ընտրություններին, անկասկած պարտվելու էր, ինչպես եղավ Գյումրիում եւ Վանաձորում ՔՊ-ի դեպքում: Բայց հիմա, երբ միավորվել են երկու երիտասարդ, ավյունով ու նոր խոսքով աչքի ընկնող ՔՊ-ն եւ ԼՀԿ-ն` ունենալով սպարապետ Վազգեն Սարգսյանի «աուրան»` ի դեմս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի` սպարապետի եղբոր, խորհրդարան մտնելու անցողիկ շեմը առավել հեշտ հաղթահարելի է թվում: Նկատենք, որ այսօրվա դրությամբ որպես իրական ընդդիմադիր ուժ հենց այս եռյակն է ընկալվում:
Հավակնորդներ
Քաղաքական թատերաբեմում որոշակիորեն ներկայացված կլինեն այն մարդ-կուսակցությունները, որոնք մասնակցեցին ՀՀԿ 16-րդ համագումարին եւ գործընկերոջ համբավ ունեն: Հիշեցնենք, որ համագումարին ներկա էին «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Շիրակ Թորոսյանը, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը, «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը, «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Հայաստանի ժողովրդական ազատական միության» նախագահ, ՀՀ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, «Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը, «Միացյալ ազատական ազգային» կուսակցության պատասխանատու Գերասիմ Բարսեղյանը, «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության նախագահ Նարեկ Գալստյանը, նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նրանցից մի մասը, անշուշտ, ՀՀԿ-ի «պոչից կպած» կմտնի խորհրդարան:
Թուլացածներ
Տարիների ընթացքում, հիմնականում ֆինանսական ու մարդկային ռեսուրսների պակասից, ինչ-որ աստիճանով բեմից «վայր իջան» «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Ազատ դեմոկրատներ», «Հայոց համազգային շարժում», Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը եւ էլի մի քանի կուսակցություններ:
ՀԱԿ-ն անգամ ՏԻՄ ընտրություններում պարտվեց, «Ժառանգություն»-ն էլ դեռ իր տեղը չի գտնում. ստվերային բանակցություններ է վարում ու ձախողում: «Ազատ դեմոկրատների» եւ ՀՀՇ-ի դեպքում թուլացման խնդիր այդքան էլ չկա: Նրանք, ինչպես անցած խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հիմա փորձելու են իրենց մեկ, լավագույն դեպքում երկու մանդատը ձեռք բերել, ինչին, բնականաբար, միայանակ չեն կարող հասնել: Նրանք դատապարտված են միավորման, բայց ընդդիմադիր «հարթակն» արդեն զբաղված է նոր եռյակով:
Թե ինչ կլինեն այս ընթացքում նոր ձեւավորվող կուսակցությունները, վաղ է կանխատեսել, միայն փաստենք, որ այսօրվա դրությամբ քաղաքական ապագա խճանկարն այսպես է ուրվագծվում մեր երկրում:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՎԻՐԱՎՈՐԸ 21-ԱՄՅԱ ԿԱԼԱՆԱՎՈՐ Է
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող երկու անձ 22 խցում վիճաբանել, ապա դանակահարել են իրար: Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկը` 21-ամյա կալանավորը, դեպքից հետո շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ վնասվել է նրա թոքը: Երեկվա դրությամբ կալանավորի վիճակը կայուն ծանր էր: Նշվում է, որ երիտասարդը կալանավորվել է կողոպուտի մեղադրանքով:
Մեր տեղեկություններով` միջադեպից հետո ՔԿ հիմնարկ ժամանած իրավապահները խուզարկություն են իրականացրել բոլոր խցերում, իսկ դրանից առաջ սահմանափակել բոլոր տեսակցությունները, հարցաքննվել են մի շարք դատապարտյալներ, հիմնարկի աշխատակիցներ:
ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ միջխցային միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով:
ԲԱՑԱԿԱՆԵՐՈՎ
Երեկ ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծը, որից հետո՝ 13:30-ին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց 30-րոպեանոց ընդմիջում: Նշենք, որ մինչ ընդմիջման գնալը դահլիճում մատների վրա կարող էինք հաշվել, թե քանի պատգամավոր էր ներկա: Սխալված չենք լինի, եթե նշենք, որ ներկա էին նրանք, ում, ըստ էության, այդքան էլ չի մտահոգում՝ ապօրինի հարստացումը կքրեականացվի, թե ոչ:
Իսկ արդեն ընդմիջման ավարտից հետո նիստը սկսեց վարել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն ամբիոնին մոտեցած ՀՀ արդարադատության նախարարից եւ մի քանի պատգամավորից բացի՝ այլ մարդ չկար դահլիճում (տես լուսանկարը): Այս իրավիճակը բավականին ամոթալի համարեց նաեւ Հերմինե Նաղդալյանը, որը միացնելով բարձրախոսը՝ ասաց. «Հարգելի՛ պատգամավորներ, ձեր սենյակներից վերադարձե՛ք դահլիճ»:
ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահի Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ նոր պաշտոնում կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները եւ խնդրի կարեւորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:
10 ԽՈՇՈՐՆԵՐՈՎ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները եւ կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին եւ այլին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ի պատասխան հարցին, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով, վարչապետ Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի:
ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այս տարվա ապրիլին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ ապրիլյան բախումներից հետո կողմերը հետեւում են հրադադարի ռեժիմին, եւ բանակցությունների սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որոշակի առաջարկներ կան: «Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո հույս ունենք, որ կողմերը հետագայում եւս կառուցողական աշխատանքներ կտանեն առաջընթացի հասնելու համար»,- ասել է դիվանագետը: Հիշեցնենք, որ Ուորլիքը կլքի ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին: