Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ ՊՈԱԿ-ն է պետական բյուջեից ամենաշատ միջոցներ կլանողն ու ինչ գործառույթներ է այն իրականացնում: Կառավարության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ 2016 թվականին ամենաշատ գումարը՝ 1 մլրդ 201 մլն 479 հազար 400 դրամ, հատկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառպահպանական ծառայությունների համար: Նկատենք, որ այդ միջոցներն ավելին են, քան նախատեսված է 2017 թվականի բյուջեով հատկացնել, օրինակ, ափյուռքի նախարարությանը:
Ի վերջո, ինչ գործառույթներ է իրականացնում այս ՊՈԱԿ-ը: «Հայանտառ»-ը ապահովում է ՀՀ պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը, անտառների արտադրողականության եւ անտառային հողերի բերրիության բարձրացումը, անտառային պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաեւ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները` բնափայտի մթերում, կողմնակի անտառoգտագործում եւ դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում եւ այլն: Սա ՊՈԱԿ-ի գործունեության՝ «Հայանտառ»-ի պաշտոնական կայքում տեղ գտած ներկայացումն է: Արդյոք վերը նշված բոլոր գործառույթները այս ՊՈԱԿ-ը բավականաչափ արդյունավետ է իրականացնում, թե այստեղ եւս առկա է վարչապետ Կարեն Կարապետյանի նշած իրավիճակը՝ «էֆեկտիվ չեն, իզուր աշխատավարձ ենք տալիս», թերեւս պարզ կդառնա ՊՈԱԿ-ների օպտիմալացման գործընթացի ավարտին: Բայց մինչ այդ ընդամենը մեկ հիշեցում այս ՊՈԱԿ-ի մասին:
Դեռեւս 2013 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար: Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար այն անձինք, ովքեր պարտավոր են հսկելու եւ ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
Այսքանից հետո նշենք միայն, որ 2014թ.-ին այս ՊՈԱԿ-ին տարեկան հատկացումը կազմել է շուրջ 971 մլն դրամ: Ստացվում է` չարաշահումներն ամենեւին չեն մտահոգել հայրենի կառավարությանը այս ՊՈԱԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու որոշում կայացնելիս:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՑ ԹԽԵԼԸ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՉԷ
Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներում վաճառվում են այդ քաղաքում արտադրված հացն ու բուլկեղենը, նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերում՝ Կողբում, Բերդավանում, Այրումում թխված հացը, Վանաձոր քաղաքի բուլկեղենը: Մեծ առաջարկի եւ բնակչության ցածր գնողունակության պատճառով խանութներում հացը լավ չի իրացվում, ապրանքի մի մասը խանութներից վերադարձվում է արտադրողներին: Հացի արտադրամասերից մեկի տերը «Ժողովուրդին» դժգոհեց, որ փոքր, շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Նոյեմբերյան քաղաքում գործում է հացաբուլկեղենի 11 արտադրամաս, ինչը շատ է: Հայկական սովորույթով՝ տեսնելով, որ հարեւանը հացի փուռ է աշխատեցնում, դրացին էլ է հացի արտադրամաս սարքում, որի հետեւանքով բոլորը տուժում են: Հացի փռան տիրոջ խոսքերով՝ խանութներում չվաճառվող, հետ վերադարձվող հացով ինքը խոզ է պահում: Սակայն դա եւս եկամտաբեր չէ, քանի որ հացով պահվող խոզի մսի ինքնարժեքը թանկ է: Նոյեմբերյանցու խոսքերով՝ անասնակերի խանութներում վաճառվող կերամիավորներով պահվող խոզի մսի ինքնարժեքը համեմատաբար էժան է, սակայն այդ կերով պահված խոզի միսը որակյալ չէ: Նոյեմբերյանի հացի արտադրամասերի տերերը դժգոհում են, որ շատ են չարչարվում, հաց թխում, այն տեղափոխում խանութներ, սակայն հարկերը մուծելուց եւ աշխատողներին աշխատավարձ վճարելուց հետո իրենց չնչին շահույթ է մնում, որը համեմատելի չէ իրենց չարչարանքի հետ: Հաց թխելը ոչ եկամտաբեր է հատկապես ձմռան ամիսներին, երբ առանձնատների բնակիչներն իրենց բակերի փոքր փռերում ընտանիքի՝ մեկ շաբաթվա եւ ավելի ժամկետով օգտագործման համար հաց են թխում:
ՀՈՐԻՑ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Գերասիմ Իվանի Աղաջանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ օգտվելով իր հոր՝ Իվան Գերասիմի Աղաջանյանի կողմից վերջինիս պատկանող, Դիլիջան քաղաքի Հովսեփյան 63 հասցեում գտնվող «Կազանովա» հյուրատան ամբողջ գույքը վստահելու հանգամանքից, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հուլիսի 10-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի բնակչուհի Կարինե Պետրոսյանին ապատեղեկացնելու եւ նրան վաճառելու միջոցով հափշտակել է հոր կողմից իրեն վստահված զգալի չափերի՝ ընդհանուր 335 հազար դրամ արժողությամբ գույքը: Գ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով): Քրեական այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 300-500 հազար դրամի չափով տուգանք, կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ՄՆԱԼ
Ինչպես հայտնի է՝ 2014 թվականին Ռուսաստանի իշխանությունները խստացրին իրենց միգրացիոն օրենսդրությունը, ինչի արդյունքում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ հազարավոր քաղաքացիներ կանգնեցին լրջագույն խնդրի առջեւ: Պատճառն այն է, որ ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խստացրեց ՌԴ մուտք գործելու կարգը: Արդյունքում ՌԴ-ի միգրացիոն ծառայության տվյալներով՝ շուրջ 30 հազար ՀՀ քաղաքացի այլեւս չի կարող մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այս փաստը Հայաստանի համար երկու լուրջ վտանգ է առաջացնում. նախ՝ պակասում է արտագնա աշխատանքի արդյունքում ՌԴ-ից ՀՀ եկող գումարային փոխանցումների չափը: Եւ երկրորդ՝ Հայաստանում էլ ավելի է սրվում գործազրկության խնդիրը, ինչը հանգեցնում է լրացուցիչ սոցիալական լարվածության:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-նոյեմբերին միգրացիոն պետական ծառայություն ներկայացված դիմումների քանակը կազմել է 1371, իսկ անցած տարվա ընթացքում դրանք եղել են 7843: Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայություն ուղարկված գործերը կազմել են 1343: Եւ այդքան դիմումներից ընդամենը 314 գործով է ստուգումների արդյունքում հանձնարարվել ԴՄԾ տարածքային մարմիններին մուտքը բացել: Մինչդեռ անցած տարվա ընթացքում մուտքը բացելու վերաբերյալ պատասխանները կազմել են 4140: Տեղեկացնենք, որ մուտքի արգելքի մասին անփոփոխ մնացած որոշումների քանակը այս տարվա 11 ամիսներին կազմել են 292: Այժմ դատական կարգով բողոքարկման գործընթացում են գտնվում 211 գործեր:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
1 ԿԳ ԽՈԶԻ ՄՍԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի բնակիչ Արծրուն Փաշոյի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում մուտք է գործել անհատ ձեռներեց Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 13 շենքի 1-ին հարկում գործող խանութ, որտեղից բացահայտ հափշտակել է մեկ կիլոգրամ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի՝ Վ. Վարդապետյանին պատճառելով 2000 դրամ գույքային վնաս: Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով(«Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»): Այդ քրեական հոդվածի հատկանիշներով բնութագրվող հանցանքը պատժվում է 200 հազար դրամից մինչեւ 600 հազար դրամ տուգանքով, կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կմեկնարկի դեկտեմբերի 15-ին:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս բերվեց էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով: Կանգառի ընթացքում պլանային նորոգմանը եւ վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես եւ նախատեսվում էր, իրականացվել են նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները: Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն: