«Ժողովուրդ»-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսի «քույրիկի» (ժամանակին նա մշտապես հանդես էր գալիս եղբոր հետ), միեւնույն ժամանակ` ամենացանկալի հարսնացուների շարքը համալրած երգչուհի Մարգարիտա Բարխոյանի հետ: Մենք զրուցել ենք 2017-ին սպասվելիք գործնական անակնկալների, հայկական երգարվեստում արդեն նաեւ որպես երգահան նոր քայլեր անելու մասին, անդրադարձել ենք անձնական բնույթի հարցերի` պարզելով, թե ինչպիսի տղամարդիկ կարող են գրավել Մարգարիտայի սիրտը:
-Մարգարիտա՛, 2016-ը Ձեր եւ հանդիսատեսի միջեւ փոխադարձ կապի ապահովման առումով հաջո՞ղ տարի էր:
-Այո՛, այս տարի հանդիսատեսի դատին ներկայացրի «Հարսի շորով» հեղինակային երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակ եւ բավական դրական արձագանքներ ստացա, ավելին` շարունակում եմ ստանալ: Սա համարում եմ մեծ ձեռքբերում: Առաջիկայում եւս հանդես կգամ անակնկալներով:
-Վերջին շրջանում ներկայանում եք ոչ միայն որպես կատարող, այլեւ հեղինակ: Որպես երգահան` արդեն ամրապնդե՞լ եք Ձեր դիրքերը շոու-բիզնեսում: Ուրիշ երգիչ-երգչուհիների համար ստեղծագործություններ գրո՞ւմ եք:
-Ստեղծագործելու հատկությունն Աստծո կողմից ստացած իմ կյանքի լավագույն պարգեւներից մեկն է: Ընդ որում, հեղինակում եմ ոչ միայն երաժշտություն, այլեւ խոսքեր: Իմ երգերում ինձ չեմ կեղծում. ամեն տողի տակ ես եմ: Մեր հայտնի երգիչներից մի քանիսի համար գրել եմ գործեր: Նաեւ եղբորս` Վլադիմիրի Բարխոյանի համար եմ հեղինակել գեղեցիկ մի երգ, որի հիման վրա շուտով կնկարահանվի տեսահոլովակ:
-Ի դեպ, Ձեր երկրպագուներն անհամբեր սպասում են Վլադիմիրի հետ հերթական դուետին:
-Վերջին շրջանում այդ հարցն իսկապես հաճախ ենք լսում, հասկանում ենք, որ հանդիսատեսին այսչափ սպասեցնելու իրավունք չունենք, ուստի շուտով կներկայանանք դուետով: Այդ երգը, կարծում եմ, կթոթափի կուտակված կարոտը: Զուգերգն անպայման կունենա տեսահոլովակ: Աշխատանքը մեզ համար կառանձնանա իր կարեւորությամբ: Թերեւս երգը լսելուց հետո շատերը կհասկանան` ինչ նկատի ունեմ:
-Իսկ հաջորդ տարի Ձեր երկրպագուներին գոհացնելու ի՞նչ նոր առիթներ կլինեն:
-2017-թ-ն ինձ համար շատ բուռն է սկսվելու: Հենց տարեսկզբին կներկայացնեմ նոր տեսահոլովակս: Ուզում եմ էներգիայով լեցուն շարունակել տարին եւ անդադար աշխատել, որպեսզի հասցնեմ կյանքի կոչել բոլոր նպատակներս:
-Հետաքրքիր է` հայկական շոու-բիզնեսում Ձեզ զգում եք ինչպես կոմֆորտ զոնայում, թե՞ դա այնքան էլ չի ստացվում:
-Ինձ համար հարմարավետ է այնտեղ, որտեղ առկա է առողջ մթնոլորտ: Ես ունեմ իմ ստեղծագործական աշխարհը, որտեղ ապրում եմ եւ որտեղ ես եմ եղանակ թելադրում: Երգը ընտրել եմ ամբողջ կյանքիս համար: Ամուր կանգնած եմ ինձ համար ի վերուստ կանխորոշված տեղում եւ փորձում եմ առաջ շարժվել: Իսկ երբ դու քո տեղում ես, ոչ թե ուրիշի, միշտ էլ կոմֆորտ է:
-2016-ը անձնական կյանքի համար բավականաչափ փոթորկո՞ւն էր:
-Չեմ սիրում խոսել անձնական կյանքից եւ շատ բան չունեմ ասելու այդ թեմայով: Ես հիմա ուրիշ` ստեղծագործական փոթորիկներով եմ տարված (ծիծաղում է):
-Ամեն դեպքում, կասե՞ք` ինչ որակների տեր տղամարդը կարող է գրավել հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի հարսնացուներից մեկի սիրտը:
-Շնորհակալ եմ գնահատականի համար: Ամենացանկալի հարսնացուների շարքում լինելը շատ պարտավորեցնող է. դա ստիպում է լավ ընտրություն կատարել (ծիծաղում է): Առհասարակ, տղամարդ ասելով` հասկանում եմ բարություն, ուժ, իմաստություն, խոսքի եւ գործի համընկնում: Իմ սիրտը գրավելու միայն մի ձեւ կա` անսահման սիրելը: Սիրելու մեջ չափ չպետք է լինի. չեմ ընդունում, որ մտածելով են սիրում:
-Եվ վերջում` թերեւս երկրպագուներին էլ կհետաքրքրի, թե որտեղ, ինչ միջավայրում եք պատրաստվում դիմավորել Ամանորը:
-Նոր տարին կդիմավորեմ բեմում. արդեն ունեմ մի քանի հրավերներ: Ընտանիքիս անդամները եւս կլինեն ինձ հետ: Հավատում եմ Ամանորի հեքիաթին եւ ուզում եմ, որ այն թակի բոլորիս դռները:
ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԴԵՌ ՏԵՂՅԱԿ ՉԷ ԻՐ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս «Ազատություն TV»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով կինոյի ոլորտում սպասվող փոփոխություններին, ուշագրավ հայտարարություն արեց. «Տարեկան 450 մլն դրամ է տրամադրվում կինոյի ոլորտին, բայց այնպիսի տպավորություն է, որ այդքան գումար ծախսվում է, որ լավ ֆիլմեր չունենանք: Ճիշտ է` ունեցել ենք լավ ֆիլմեր, բայց դա այն արդյունքը չէ, որը պետք է լիներ: Այս պահի դրությամբ կինոարտադրության ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություն է նախատեսվում, եւ պետք է ունենանք ժամանակակից մոդել. տնօրենի, ինչպես նաեւ գեղարվեստական կազմի փոփոխություն է լինելու, պետք է գործի տնօրենների խորհուրդ: 2017-ին կինոյի ոլորտում լուրջ առաջխաղացում եմ խոստանում»:
Նախարարի խոսքերից կարելի է եզրակացնել, որ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց պարոն Գեւորգյանի հետ` պարզելու համար` տեղյակ էր արդյոք վերջինս այս որոշման մասին, թե ինքն էլ է անակնկալի եկել. «Մի քանի օր է` տանը հիվանդ պառկած եմ, դեռ ոչինչ չգիտեմ… Ես կխոսեմ, կարող է՝ մարդը նոր ստրուկտուրա է մշակել… Խնդիր չկա. ոչ մեկս հավերժ չենք: Բայց հիմա ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող, քանի որ ինքս դեռ տեղեկություններ չունեմ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզաննա Բագրատունյանն էլ իր հերթին հավաստիացրեց. «Ինչ որ Դուք գիտեք, այն էլ ես գիտեմ…,- ապա հավելեց,- ի դեպ, ասեմ, որ պարոն Գեւորգյանն այժմ 40 աստիճան տաքությամբ պառկած է…»: Նրա խոսքով` ավելի վաղ Գեւորգ Գեւորգյանը գործնական հանդիպումներ է ունեցել նախարարի հետ, նրանք միասին որոշ ծրագրեր են քննարկել, բայց փոփոխության մասին կոնկրետ ինքը տեղյակ չի եղել:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ կինոռեժիսոր Արամ Շահբազյանի հետ:
Նա մասնավորապես անդրադարձավ գեղարվեստական կազմի սպասվելիք փոփոխությանը` առաջարկելով հետեւյալ մոտեցումը. «Կարծում եմ` գեղարվեստական կազմում հայաստանցիներ չպետք է լինեն, այլ հայ կամ այլազգի կինոգործիչներ` աշխարհի տարբեր կետերից: Եթե մշակույթի նախարարությունը փոքր-ինչ աշխատանքներ տանի, կհասնի այն բանին, որ գեղարվեստական կազմում լինեն, օրինակ, տարբեր հայ պրոդյուսերներ ու դիստրիբյուտորներ` աշխարհի տարբեր երկրներից: Նրանք մեծ մասամբ չպետք է ճանաչեն հայաստանցի կինոգործիչներին. այդպիսով` հանձնաժողովը կլինի անկաշառ: Բացի այդ` գեղարվեստական կազմում ընգրկված գործիչները, որոնք հակված չեն քավորության սկզբունքով մոտեցումներ ցուցաբերելուն եւ որոնք հավանություն կտան այս կամ այն ֆիլմին, կարող են հանդիսանալ պոտենցիալ համապրոդյուսերներ»:
Ռեժիսորը շեշտեց, որ կինոոլորտում բարեփոխումներ մտցնելու համար էականը ոչ թե կինոկենտրոնի տնօրենի, այլ ընդհանուր համակարգի, աշխատաոճի փոփոխությունն է:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆԱՄԻՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արվեստասեր հայ հասարակությունն առաջին անգամ հնարավորություն ունի մոտիկից ծանոթանալու հայազգի լեգենդար երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինի ստեղծագործություններին: Երեւանում դեկտեմբերի 14¬20-ը կանցկացվեն Ստաս Նամինի ստեղծագործական օրեր։ Միջոցառումը նվիրված է արվեստագետի ծննդյան 65¬ամյակին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նամինն անդրադարձել է իր ստեղծագործական օրերի ծրագրին։ Նա պատմել է այն ներկայացումների մասին, որոնք իր իսկ ստեղծած թատրոնը ներկայացնելու է Երեւանում։ Նշյալ ցանկում է նաեւ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի մոտիվներով ստեղծված ներկայացումը։ Այդ առնչությամբ Նամինն ասել է. «Համալսարանում իմ դիպլոմային աշխատանքը նվիրված էր Վիլյամ Սարոյանի ստեղծագործությանը։ Ես ողջ կյանքում երազել եմ ամերիկահայ այդ մեծ գրողին անդրադառնալ իմ որեւէ այլ գործով։ Վերջապես ձեւը գտա եւ այսօր հայ թատերասերների դատին եմ հանձնում իմ այդքան սիրելի ներկայացումը։ Նախատեսում ենք այն ներկայացնել նաեւ արտասահմանում»։ Նշենք, որ Ստաս Նամինի իսկական անունը Անաստաս է, նա հայազգի ականավոր պետական գործիչներ Անաստաս Միկոյանի եւ Գրիգոր Հարությունյանի թոռն է։
ԱՄԵՆԱՈՐՈՆՎԱԾՆԵՐԸ
Ամերիկյան Google կորպորացիան հրապարակել է այն դերասանների ու երաժիշտների անունները, որոնք համացանցի օգտատերերն ամենաշատն են որոնել 2016 թվականին: ET Online-ի հաղորդմամբ` ամենաորոնված դերասանների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Բրեդ Փիթն է, իսկ դերասանուհիներինը` արքայազն Հարիի ընկերուհի Մեգան Մարքլը:
Տեղեկացվում է նաեւ, որ ամենահայտնի երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն: Վերջինիս Formation կատարումն էլ գլխավորել է երգերի վարկանիշը:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
69 տարեկանում կյանքից հեռացել է կանադացի դերասան Ալան Թիկը: Ինչպես հայտնում է The Holywood Reporter-ը՝ վկայակոչելով դերասանի գործակալին, Թիկին սրտի կաթվածով տեղափոխել են հիվանդանոց, երբ նա որդու հետ հոկեյ է խաղալիս եղել:
Նշեք, որ դերասանը հայտնի է 1980-ականների «Հասակի խնդիրը» սիթքոմից: Նա R&B-երգիչ Ռոբին Թիկի հայրն է: