ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հայտնեց. «ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը պետք է եւս պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»:
Փորձենք նախ հասկանալ՝ որտե՞ղ են արվում արարողակարգային ծախսերը. ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի… ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի եւ նրանց մասնակցությամբ ՀՀ-ում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների վրա:
Իսկ ի՞նչ է պետական եւ ծառայողական գաղտնիքը. «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:
Արդյո՞ք ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի կամ կառավարության կողմից գնված կոնյակների, թանկարժեք նկարների մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, իհարկե, ոչ: Որքանո՞վ է վնասվում մեր երկրի անվտանգությունը, երբ մենք հրապարակում ենք, որ նախագահականը 2013-ին 1 մլն 100 հազար դրամի տարեկան կոնյակ է գնել: Բնականաբար, որեւէ կերպ: Իսկ ինչո՞ւ է հիմա այս օրենքը այդքան կենսունակ:
2017 թվականին մեր երկրում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու. պատվիրակություններ կմեկնեն, նաեւ կգան մեր երկիր` այդ թվում եւ միջազգային դիտորդներ: Ու այդ բոլորին անհրաժեշտ կլինի «գաղտնի» նվերներ տալ (կոնյակ, ոսկեղեն, ադամանդ, թանկարժեք կտավներ…), հյուրասիրել նրանց ու «արտաքին հարաբերություն կառուցել», որպեսզի ընտրախախտումների վրա «աչք փակեն»:
Ի՞նչ է ստացվում. հանուն սեփական իշխանության երկարակեցության՝ կծախսվեն պետբյուջեի միջոցները: Եւ որպեսզի հարկատուները, հասարակությունը «չաղմկեն», ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հրահանգեցին կանգնել ու ԱԺ ամբիոնից դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել, թե արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք են:

 

 
Այսօր կառավարության նիստերի դահլիճում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է գումարել իր՝ թվով երկրորդ համագումարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որ ի տարբերություն նախորդ` 2013-ին տեղի ունեցած ներկայանալի միջոցառմանը, այս անգամ նկատելի թվով քիչ մարդ է ներկա գտնվելու համագումարին: Այսպես՝ եթե այն ժամանակ մասնակիցների թիվը հասնում էր երկու հազարի, ապա վաղը կայանալիք համագումարին երկա են լինելու մոտ 500 պատվիրակ եւ մոտ 300 հյուր, որոնք կհավաքվեն Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԱԿ-ն այս անգամ հրավիրել է միայն իր միակ հավատարիմ դաշնակցին` Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»: Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրվել, այլ անհատներ: Տեղեկացանք, որ միջազգային կառույցներից եւս համագումարին հրավիրվածներ չկան:

 

 

 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական վերադարձի թեման իշխանական վերնախավում խմորումների առիթ կարող է դառնալ: Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջ այդ առիթով պայման է դրել: Ինչի՞ մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Ի պատասխան մեր հարցի` Շարմազանովը նշեց. «Դաշնակցության մասով տեղյակ չեմ, երեւի դաշնակցական իմ գործընկերները կպատասխանեն. մեր մասով խմորում չկա: Ի՞նչ խմորում պետք է լինի»: Մեր հստակեցմանը, որ Գ. Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու դեպքում ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, Շարմազանովը պատասխանեց. «Առհասարակ Ծառուկյանի հետ կապված մեզ մոտ որեւէ քննարկում չի եղել»:

 

 

 
Եվրասիական տնտեսական միության 200 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, որքան գիտակցված անգործությունը, որին մատնված են Հայաստանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանող օղակները՝ ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից սկսած, այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներով ավարտած: Բանն այն է, որ տեղական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ իրենց խնդրով դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ով տեղեկացրել է այդ մասին ՌԴ հակամենաշնորհային մարմին: Սակայն արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք` որոշ ժամանակ առաջ նմանատիպ խնդրի էին բախվել նաեւ «Մարիաննա» եւ «Գրանդ տոբակո» ընկերությունները:

 

 

 
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ
Երեկ հրապարակվեց մտավորականների հետ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպման ամբողջական տեսագրությունը, որից պարզ դարձավ, որ Ս. Սարգսյանը բավականին ծավալուն անդրադարձ է կատարել նաեւ ամռանը ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձություններին: Սարգսյանը նախ՝ հարկ է համարել հանդիմանել մտավորականներին, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ ուժգնությամբ չդատապարտեցին զինված խմբի գործողությունները: Ապա՝ ներկայացնելով օտար երկրներում նման իրավիճակներում իշխանությունների դրսեւորած վարքագիծը՝ Սարգսյանը ընդգծել է սեփական հանդուրժողականությունը. «Այնքան մեղմություն, որ իմ խոսքերում է մշտապես պարունակվում, դժվար թե գտնեք մեկ այլ երկրում, գոնե մեր տարածաշրջանում: Բացի դրանից՝ մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց գոնե 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իսկ դա, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, որտեղ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, եւ որեւէ միջազգային կառույց կամ որեւէ այլ պետություն կշտամբանքի որեւէ խոսք էլ չէր կարող ասել: Բայց մենք, մեծ ռիսկի դիմելով, գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ»:
Ուշագրավ է, որ Սարգսյանն այդպես էլ հարկ չի համարել անդրադառնալ հարցին, թե ինչու, այնուհանդերձ, եղավ, նրա գնահատմամբ, այդ «շատ փոքր արյունը»: Թեեւ արդեն իսկ մարդկային արյան նման չափումն այս հարցում նրա ունեցած մոտեցման խոսուն դրսեւորումն է: Այնուամենայնիվ, եթե Սարգսյանն ընդգծում է, որ կոշտ գործողությունների դիմելու դեպքում շատ ավելի մեծ արյունահեղություն կլիներ /ինչը դժվար է ժխտել/, ապա ազնիվ կլիներ նշել, որ դա տեղի չունեցավ նաեւ մյուս կողմի որոշման արդյունքում: Ի վերջո, «Սասնա ծռերի» տղաները որոշեցին զենքերը վայր դնել եւ իրենց դատապարտել տարիների /հուսանք՝ ոչ ցմահ/ ազատազրկման՝ հենց արյունահեղություն չցանկանալով: Եվ բացի այդ՝ իշխանութան «մեղմության» պատճառը նաեւ այն վտանգն էր, որը վերջինս շատ լավ զգում էր. իրավիճակը ցանկացած պահի կարող էր վերահսկողությունից դուրս գալ եւ իրավապահ համակարգի կողմից կոշտ գործողությունները, հատկապես առաջին մեկ շաբաթվա ընթացքում, կարող էին բռնկել այնպիսի մի համապետական հրդեհ, որը հանգցնելն այլեւս Սերժ Սարգսյանի ուժերից վեր կլիներ: Իսկ արդեն այն պահին, երբ իշխանությունները զգացին, որ պատրաստ են, որ համընդհանուր բռնկում չի լինի, լավ էլ «իրենց ուժը ցույց տալու առիթը» բաց չթողեցին՝ Սարի թաղում բռնություն գործադրելով ոչ միայն ցուցարարների, այլեւ լրագրողների նկատմամբ:
Այնպես որ, հարկադրված, գիտակցված անգործությունը պետք չէ պոստ ֆակտում ներկայացնել որպես բարեսրտություն եւ մեղմություն: Մենք Սերժ Սարգսյանի «մեղմ» գործելաոճը տեսել ենք նաեւ 2008-ից առաջ: 2004թ. ապրիլին նա ՀՀ ՊՆ նախարարն էր, իսկ 1996թ. սեպտեմբերին՝ ՆԳ եւ ազգային անվտանգության նախարարը:




Լրահոս