ԻՆՉ ՊԱՅՄԱՆ ԵՆ ԴՐԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը իշխանական վերնախավում լուրջ խմորումների առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած «Հայ հեղափոխական դաշնակցությունը» Սերժ Սարգսյանի առաջ պայման է դրել:
Իսկ թե որն է եղել այդ պայմանը, եւ իշխանության ներսում ինչ խմորումներ են ընթանում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից:

-Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը, կարծես թե, բավականին թեժացրել է ներքաղաքական իրավիճակը: Մինչ տարբեր գործիչներ եւ ուժեր արդեն անթաքույց կերպով իրենց պլանները կապում են Ծառուկյանի հետ, Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ըստ մեր տեղեկությունների, բավականին մտահոգվել է եւ ՀՀԿ-ի առջեւ պայման է դրել: Ի՞նչ խմորումներ են ընթանում իշխանության ներսում:
-Դաշնակցության մասով տեղյակ չեմ, երեւի դաշնակցական իմ գործընկերները կպատասխանեն, մեր մասով խմորում չկա, ի՞նչ խմորում պետք է լինի:
-Պարո՛ն Շարմազանով, երբ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որակեց «չարիք», դրանից ոգեւորվելով՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ շտապեցին շատ կոշտ որակումներ տալ ձեր երբեմնի կոալիցիոն գործընկերոջ հասցեին՝ նրան անվանելով «հիվանդություն, թալանչի» եւ այլն: Վստահաբար նրանք մտածում էին, որ Ծառուկյանն այլեւս քաղաքականություն չի վերադառնա: Եվ հիմա, երբ տեղի ունենա հակառակը, ավելին՝ Ծառուկյանը կրկին համագործակցի ՀՀԿ-ի հետ, Ձեր այդ կուսակիցները կհայտնվեն, մեղմ ասած, անհարմար վիճակում:
-Չէ՛, նման խնդիր չկա, նախ ասեմ, որ կոալիցիա կազմելու համար սկզբում պետք է գալ իշխանության, շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք արդեն գտնում եք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ունի այդ հնարավորությունը ապրիլյան ընտրություններից հետո կոալիցիա կազմելու, կապրենք, կտեսնենք, նման խնդիր չկա: Մենք, առհասարակ, նախընտրական եւ հետընտրական փուլի հետ կապված որեւէ քննարկում չենք իրականացրել, դա բացարձակապես մեր սիրելի լրագրողների վերլուծությունների, չասեմ՝ երեւակայության արդյունքն է, որի իրավունքը դուք ունեք: Բայց ես՝ որպես կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ, կնշեմ, որ Հանրապետական կուսակցությունում հրապարակային դեռեւս չեն մեկնարկել ո՛չ ռետինգային, ո՛չ էլ համամասնական ցուցակների քննարկումները:
-Որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ՝ կասեք՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պայման է դրել Սերժ Սարգսյանի առաջ. եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա Դաշնակցությունը կոալիցիայից դուրս կգա:
-Առհասարակ Ծառուկյանի հետ կապված մեզ մոտ որեւէ քննարկում չի եղել:
-Իսկ անձամբ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ ներկայացուցիչների միջեւ եղե՞լ է:
-Կարծում եմ՝ բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է գիտակցեն, որ ո՛չ հանրապետականի, ո՛չ էլ առավելեւս Սերժ Սարգսյանի հետ պայմաններով չեն խոսում, մենք խոսում ենք փոխզիջումներով, քննարկումներով, նման բան չի եղել: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը եւ մեր համագործակցությանը, ապա «Հայ հեղափոխական դաշնակցության» եւ Հանրապետական կուսակցության համագործակցությունը ռազմավարական է, երկարաժամկետ է, եւ հուսով եմ, որ դեռ երկար տարիներ այդ երկու ազգային կուսակցությունները կհամագործակցեն՝ ի շահ մեր պետության ամրապնդման:
-Այսինքն՝ վստահ եք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո իրավիճակ չի փոխվի:
-Արդեն ասացի, որ Ձեր նշած անձնավորության հնարավոր վերադարձի հետ կապված հարց չենք քննարկել, չենք քննարկել նաեւ նախընտրական ցուցակների հետ կապված որեւէ հարց: Առավել եւս՝ չենք քննարկել հետընտրական թեմաներ: Մեր եւ Դաշնակցության մոտեցումները, դաշինքը գաղափարական է եւ երկարաժամկետ է, իսկ երրորդ, չորրորդ ուժերը կլինեն, թե ոչ, ապրիլի 2-ին կլինի ընտրություն, եւ ընտրությունից հետո կտեսնենք՝ ով ինչպիսի ծրագրային մոտեցումներ ունի, եւ ում ծրագիրն է համապատասխանում մեր ծրագրին.. Աստված տա, առաջինը հաջողության հասնենք, ժողովուրդը մեզ ձայն տա, օրը կգա, բարին հետը:
-Իսկ արդյո՞ք բարի կլինի ՀՀԿ խորհուրդի նիստի օրը: Տեղեկություններ կան, որ շատ ՀՀԿ-ականների համար այդ օրը ճակատագրական է լինելու:
-Խորհրդի նիստում, ուզում եմ Ձեզ հստակ ասել, ցուցակների հարց չենք քննարկելու: Ցուցակների հարցը Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրապարակային կքննարկի 2017 թվականին, իսկ խորհրդի նիստը կլինի 2016 թվականի դեկտեմբերին:
Հ.Գ. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստում անդրադարձ են կատարել ԱԺ-ի արտահերթ նիստին, ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի: Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստին՝ Շարմազանովը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կգումարեն եւ կընտրեն ՀՀԿ առաջին փոխնախագահին: Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմի ու խորհրդարանական ընտրություններին կգնա սեփական ցուցակով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏՀԱ՞Ճ Է ԽՈՍԵԼ ՀՀԿ-Ի ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ պատրաստվում է հետեւել վարչապետի օրինակին եւ անդամակցել ՀՀԿ-ին. «Ես թիմային աշխատող եմ: Ինձ մոտ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը»,- հպարտորեն հայտարարեց Առաքելյանը, սակայն հարցին, թե արդյոք ծանո՞թ է նժդեհյան գաղափարախոսությանը, պատասխանեց՝ ո՛չ, ծանոթ չեմ:

Ինչպես տեսանք՝ նժդեհյան գաղափարախոսությանը ծանոթ չլինելը չխանգարեց Իգնատի Առաքելյանին ՀՀԿ-ին անդամագրվելու հարցում: Նոյեմբերի 25-ին Առաքելյանը կատարեց իր «ճակատագրական» քայլը` խնդրելով, որ իրեն էլ անդամագրեն ՀՀԿ-ին:
Մինչդեռ ի՞նչ է անհրաժեշտ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար հարցին նույն ՀՀԿ պաշտոնական կայքէջում տրված է հետեւյալ պատասխանը. «Ծանոթանալ ու ընդունել կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը»: Ստացվում է, որ առնվազն մեկ՝ Իգնատի Առաքելյանի դեպքում, այս պահանջը չի գործել: Ինչեւէ: Նժդեհյան գաղափարախոսությունից անտեղյակ գյուղատնտեսության նախարարի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո անցել է մոտ մեկ ամիս: «Ժողովուրդ»-ը երեկ՝ կառավարության նիստից հետո, նախարարից փորձեց հետաքրքրվել` արդյո՞ք նա արդեն ծանոթացել է ՀՀԿ ծրագրին եւ եթե այո, ապա ո՞ր դրույթներն է առավել «հավանել»: Սակայն Իգնատի Առաքելյանը, լսելով մեր հարցը, դեմքը խոժոռեց եւ բացականչեց՝ «է՜»: Ինչպես երեւում է` Առաքելյանին հաճելի չէ խոսել իր հարազատ կուսակցության մասին: Ու այստեղ կասկածներ են առաջանում՝ արդյոք նա հարկադրաբար չի անդամակցել ՀՀԿ-ին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկանալով, որ Առաքելյանը ծանոթ չէ նժդեհյան գաղափարախոսությանը, լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Ոչինչ, մենք իրեն կներկայացնենք Նժդեհի դերն ու նշանակությունը ոչ միայն Հանրապետականի, այլեւ ողջ հայության կյանքում»: Դատելով Իգնատի Առաքելյանի երեկվա պատասխանից՝ նրան դեռ չեն ներկայացրել Նժդեհի դերակատարությունը:
Ի դեպ, նկատենք, որ Առաքելյանը ոչ միայն կուսակցությանը ադապտացվելու խնդիր ունի, այլեւ հենց գյուղատնտեսության ոլորտին: Արդեն երեք ամիս է, ինչ Իգնատի Առաքելյանը նշանակվել է գյուղնախարարի պաշտոնում, սակայն մինչ օրս նրա կողմից որեւէ նկատելի փոփոխություն կամ նախաձեռնություն չի իրականացվել, էլ չխոսենք վարչապետի ասած համարձակ քայլերի մասին:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հոկտեմբերի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հարց էր ուղղել Երեւանում Ռամազոտիի համերգի չեղարկման հետ կապված: Սարգսյանը նշել էր, որ ամիսներ առաջ «Ֆորպոստարտ» ընկերությունը, որը համերգային ծրագրեր է նախապատրաստում ՀՀ-ում, հրավիրել էր Էրոս Ռամազոտիին, բայց համերգը տեղի չէր ունեցել. «Դեռ դեկտեմբերից վաճառվել էին տոմսերը, մեծ գումարներ էին մարդիկ վճարել՝ տոմսերը ձեռք բերելու համար, մինչեւ այսօր չեն վճարել նրանց: Ես ինքս առնչվել եմ այդ խնդրին, եւ երեք անգամ խաբել են՝ խոստանալով գումարը վերադարձնել»: Նա հրավիրեց նաեւ իրավապահ մարմինների ուշադրությունը՝ ասելով, որ այստեղ կոռուպցիոն հարցեր կան, մեծ գումարների հետ գործ ունեն:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սարգսյանից հետաքրքրվել, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում ստացավ այս խնդիրը: Ի պատասխան մեր հարցմանը` պատգամավորը նշեց. «Իմ նպատակը այս հարցի մասին բարձրաձայնելն էր: Ու ես գիտեմ, որ մի շարք քաղաքացիներ, որոնք խաբվել էին այդ ընկերության կողմից, արդեն դիմել են դատարան»: Արդյո՞ք այս անգամ դատական համակարգը կգործի հանուն արդարության, ցույց կտա ժամանակը:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 58-ամյա տղամարդ է ինքնասպանության փորձ կատարել` նետվելով պատուհանից: Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ է, նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ: Այդ քայլին դիմելու պատճառը դեռեւս հայտնի չէ: Տղամարդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

 

 

Ե՛Վ ՆՎԱԶՈՒՄ, Ե՛Վ ՀԱՎԵԼԱՃ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է սակագների 0.2% նվազում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը, բայց միեւնույն ժամանակ նշել, որ նվազմանը զուգահեռ, հանրապետությունում գրանցվել են կենցաղային բնույթի եւ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.2% եւ 1.3% հավելաճ:
Այս ոլորտը առաջին հայացքից կարող է ոչ էական նշանակություն ունեցող թվալ, բայց երբ հաշվի ենք առնում հաշվարկման սեզոնը, ստացվում է, որ տուրիստական սեզոնին մեր երկրում ծառայությունների գներն աճել են: Իսկապես որ Հայաստանում հանգստի կազմակերպումը հաճախ ավելի թանկ է արժենում, քան այլ արտասահմանյան երկրներում: Ու այս իրավիճակը Հայաստան այցելող տուրիստների քանակի վրա կարող է բացասաբար ազդել:




Լրահոս