Դեռեւս 2014 թվականին իշխանություններն արտահերթ կարգով ՀՀ ազգային ժողով բերեցին «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մի նախագիծ, որով նախատեսվում էր. պետական բարձրաստիճան պաշտոնյաների կատարած բոլոր ծախսերը որակել որպես պետական գաղտնիք:
Այդ ժամանակ նախագծի` որպես հիմնական զեկուցող հանդես էր եկել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, ով իր ելույթում նշել էր, թե նախագծի նպատակը պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովումն է: Կառավարության բերած այս նախագիծը միանշանակ չընդունվեց թե՛ ընդդիմադիր թեւի եւ թե՛ իշխանական հատվածի պատգամավորների կողմից, ովքեր ոչ միայն նկատել էին, որ այս նախագծի հրատապությունն այդ պահին բոլորովին էլ չկար, որ բերեին ու արտահերթ նիստով քննարկեին, այլ նաեւ մի շարք վիճահարույց կետեր էին արձանագրել նախագծում, արդյունքում այն չանցավ: Եթե այս օրենքը շուտ ընդունվեր, ապա մենք չէինք իմանա, որ 1 տարվա ընթացքում նախագահականը 8 մլն դրամի զուգարանի թուղթ է գնել: Կամ որ 2015-ին ՀՀ կառավարության աշխատակազմը պայմանագիր է կնքել «Ագուլիս մեկ» ընկերության հետ եւ գնել 29 հատ կոնյակ` վճարելով մոտ 1 մլն 600 հազար դրամ: Կոնյակների այս խմբաքանակը կառավարության աշխատակազմը գնել էր արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Չինաստան մեկնած պատվիրակության համար:
Բայց քանի որ մեծ աղմուկ բարձրացավ, օրինագիծը 2-րդ ընթերցմամբ չէր ներկայացվում ԱԺ: Եվ ահա երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հայտնեց, որ ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը կներառվեն պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում. «Այս ծախսերը պետք է եւս պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»,- հավելեց նախարարը: Իսկ ի՞նչ է «արարողակարգային ծախսը». պատվիրակությունների վրա ծախսվելիք գումարը` նվերներ, բանկետ-ֆուրշետներ եւ «պատիվ տալու» այլ ձեւեր` հյուր ընդունելիս եւ էլի նվերներ` հյուր գնալիս:
Փաստորեն, նոր նախարարը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նախորդ` չանցած օրինագծի սրբագրված տարբերակը` այսօր այն ներկայացնելով խիստ անհրաժեշտություն:
Ինչ է սա, եթե ոչ «պրիմիտիվ գողություն»:
Հիշեցնենք, որ «Պետական եւ ծառայողական գաղտնի մասին» ՀՀ օրենքի երկրորդ հոդվածի համաձայն` պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:
Այսինքն` որեւէ կերպ որեւէ տրամաբանությամբ գնված կոնյակը, թանկարժեք նկարը կամ անգամ ոսկե ընծան չեն կարող համարվել պետական գաղտնիք: Ինչպե՞ս կարելի է հիմնավորել, որ նախագահականի գնած գերթանկարժեք կոնյակների ու արտասահմանցիներին տրվելիք նվերների մասին հրապարակումները կարող են ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցադրումն այդպես էլ մնաց անպատասխան. նախարար Արամյանը չպատասխանեց մեր հարցին: Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են «գաղտնիացվում» արարողակարգային ծախսերը: Արդյո՞ք դրանով անհեթեթ ծախսերը քողարկելու խնդիր չի դրվում:
Պատկերն ավելի պարզ դարձնելու համար մի պարզ հաշվարկ անենք: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է հայրենի պետական գերատեսչությունների գնումներին, որոնք օր օրի գահավիժող բյուջեն չարորակ քաղցկեղի պես ներսից հոշոտում են: 2008-ին նախագահականին բյուջեից հատկացվել է 2 միլիարդ 213 միլիոն դրամ, իսկ արդեն 2013-ին` 4 միլիարդ 75 միլիոն դրամ: Այսինքն` ընդամենը հինգ տարում ծախսերն ավելացել է 1.84 անգամ: Միջին հաշվով Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում նախագահականին հատկացվել է ավելի քան չորս միլիարդ դրամ: Իսկ ի՞նչ անել, որպեսզի այդ գումարները ծախսվեն, բայց հարկատուներն էլ «չաղմկեն»: Ահա օրինագծի իրական բացատրությունը:
Ստացվում է, որ մենք հարկ ենք վճարում՝ նախագահի աշխատակազմին օծանելիք, կառավարությանը՝ լոգանքի միջոցներ եւ մեր բոլոր իշխանավորներին պարագվայական թեյ մատակարարելու համար: 2013-ի պետական բյուջեով՝ նախագահի ու աշխատակազմի գինարբուքը մեզ վրա մի ամբողջ մեկ միլիոն դրամ է նստել:
Իսկ ահա նվերների համար նույն ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի աշխատակազմը միանգամից մոտ 1 մլն դրամ արժողության կոնյակ է գնել: 20 տարվա հնության «Նաիրի» տեսակի 53 շիշ կոնյակ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 18 հազար 600 դրամ (ընդհանուր արժեքը կազմել է 985 հազար 800 դրամ): Նշենք, որ խանութներում «Նաիրի» 0.5-լիտրանոց կոնյակը վաճառվում է 35 հազար դրամից ոչ պակաս: Թե ինչպես է ՀՀ նախագահի նստավայրին հաջողվել թանկարժեք կոնյակը գնել կես գնով, անհասկանալի է: Թերեւս «ձեռքի վրայից» են գնել:
Եթե դարձյալ մի փոքր հետ գնանք, ապա պետք է նշենք արարողակարգ հիշեցնող մի գնման մասին եւս. նախագահականը 2013-ին 1 մլն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը` 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել` յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ, մեկ անձից` «Արա Թորոսյան» Ա/Ձ-ից: Բայց ծաղկեպսակներն իրականում ավելի էժան են. կախված սեզոնից` գինը սկսվում է 10 հազար դրամից մինչեւ 50 հազար դրամ:
Իհարկե, հասկանալի է, որ արարողակարգային ծախսերը կարեւոր են դիվանագիտական հարաբերություններ կառուցելիս. մարդուն սիրաշահելու համար երբեմն պետք է շռայլ նվերներ մատուցել նրան: Բայց եթե ՀՀ պետական այրերը չեն կարողանում դիվանագիտական այլ հնարքներ օգտագործելով՝ արդյունքի հասնել, այլ միայն պետբյուջեի միջոցների անխնա ծախսումն են համարում միակ լուծումը` ծախսերը պետական գաղտնիք դարձնելով, արդեն խոսում է առկա կառավարման վատ համակարգի մասին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային խորհուրդ է ուղարկել անկախ հանձնաժողովի՝ «Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման» նոր նախագիծը, եւ հանրային խորհրդի անդամները քննարկել են այն:
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվել, որոնք կարող են ավելի բարձրացնել այս ինստիտուտի նկատմամբ դատապարտյալների վստահությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախագիծը էական փոփոխության ենթարկվել է, եւ դրանք այն կետերն են, որոնք բարձրաձայնում էին դատապարտյալները:
Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Այս պահին չեմ տիրապետում, թե ինչ փոփոխություններ են կատարվել օրենքում, բայց որ օրենքը պետք է փոփոխվի, դա միանշանակ է, քանի որ ինստիտուտը մեզ մոտ բացարձակ չի գործում»:
-Տիկի՛ն Վարդանյան, ունենք այսպիսի մի իրավիճակ, որ դատապարտյալները պայքարում են իրենց իրավունքների համար, միաժամանակ խոսվում է նաեւ համաներման մասին: Դուք տեսնո՞ւմ եք համաներման անհրաժեշտությունը:
-Համաներման անհրաժեշտությունը տեսնում եմ: Կան հանցանքների որոշակի տեսակներ, որոնք կարող են համաներման արդյունքում փոխվել, կատարած արարքը կարող է վերաիմաստավորել, որը նաեւ հնարավորություն կտա լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը:
-Իսկ բացասական կողմը ո՞րն է:
-Բացասական կողմեր, իհարկե, ունի, որովհետեւ մյուս կողմից, եթե առանձին դեպքերում հանցանք կատարած անձը բավարար ժամանակ չի ունեցել՝ վերաիմաստավորելու իր արարքը, եւ հասարակություն վերադառնալուց հետո իր կողմից ոչ իրավաչափ գործունեությունը շարունակական բնույթ է կրում:
-Ազգային ժողովում մի շարք պատգամավորներ համաներման հարցը բարձրացրել են: Արամ Մանուկյանը ազգային անվտանգության խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ի՞նչ գիտեք Դուք այդ մասին:
-Ազգային ժողովը գործող Սահմանադրության համաձայն՝ հաստատում է համաներումը, բայց համաներման մասին որոշումը Ազգային ժողովը չէ, որ ընդունում է: Ելնելով համաներման անհրաժեշտությունից՝ մինչեւ վերջին պահը համաներման մասին չի հայտարարվում: Երբ համաներման որոշումը կայացվում է, այդ մասին Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելուց հետո է բարձրաձայնվում: Հետեւաբար կանխատեսումներ անել` կլինի, թե չի լինի, դժվար է ասել, բայց կրկնում եմ՝ անհրաժեշտությունը կա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու եւ մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին: Զինծառայողի էլեկտրահարվելու դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը՝ անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Վերջինս Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով երեկվա դատական նիստում պաշտպանական կողմը ինքնաբացարկ է ներկայացրել քաղաքական գործերով հայտնի դատավոր Մարտիրոսյանին: Պաշտպանական կողմի համար ինքնաբացարկի հիմք է հանդիսացել այն, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատավորն անհիմն մերժել է տեսակցությունների արգելանքը հանելու եւ Արարատ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունները:
ՎԻՃԱԿԸ ԼԱՎ Է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երկու օր առաջ նախաինսուլտային վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ստացել է համապատասխան բուժում: ՊՆ խոսնակն արդեն դուրս է գրվել: Նա բուժումը կշարունակի տանը: Ավելին՝ Արծրուն Հովհաննիսյանը երեկ արդեն աշխատանքի է գնացել, հայտնում է aysor.am-ը: