Մինչ Հայաստանում հանցագործությունների թիվը շարունակում է անշեղորեն աճել, երկրի դատաիրավական համակարգի վրա ծախսվող գումարները եւս շարունակում են տարեցտարի ավելանալ:
Այս տարվա տասն ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 15 հազար 461: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 1 հազար 446-ով: Իսկ վերջին տասը տարվա կտրվածքով հանցագործությունների թիվն աճել է գրեթե կրկնակի: 2006 թվականի տասն ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրված է եղել հանցագործության 8 հազար 202 դեպք: Եվ սա այն դեպքում, երբ անցած 10 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Այսինքն՝ եթե հանցագործությունների թիվը 2016-ին եւ 2006-ին համեմատենք, հաշվի առնելով բնակչության թիվը, ապա կստացվի, որ հանցավորության մակարդակը Հայաստանում վերջին մեկ տարում աճել է ավելի քան երկու անգամ:
2006 թվականին պետական բյուջեի մասին օրենքով հասարակական կարգի պահպանության համար, ասել կուզի՝ ոստիկանության համար հատկացված է եղել 22 միլիարդ 791 միլիոն դրամ, իսկ դատական գործունեության համար հատակցվել է 4 միլիարդ 966 միլիոն դրամ: Փաստացի 2006-ին դատաիրավական համակարգի համար (առանց ազգային անվտանգության ոլորտի) հատկացված է եղել 27 միլիարդ 757 միլիոն դրամ: Իսկ արդեն 2016 թվականի պետական բյուջեով հասարակական կարգի պահպանության նպատակով ոստիկանության համար նախատեսված է եղել 39 միլիարդ 586 միլիոն դրամ, դատական գործունեության համար՝ 11 միլիարդ 377 միլիոն, դատախազության համար՝ 3 միլիարդ 705 միլիոն: 6 միլիարդ 312 միլիոն դրամ էլ նախատեսված է նախաքննություն իրականացնող մարմինների ֆինանսավորման համար: Այսինքն՝ 2016 թվականի պետական բյուջեով դատաիրավական ոլորտի (առանց ազգային անվտանգության ոլորտի) ֆինանսավորման համար հատկացված է 60 միլիարդ 980 միլիոն դրամ: 2017 թվականի պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է 61 միլիարդ 912 միլիոն դրամ: Այսինքն՝ նույնիսկ եկող՝ 2017 թվականի պետական բյուջեով դատաիրավական ոլորտի համար նախատեսված գումարներն աճել են, չնայած որ եկող տարվա պետական բյուջեով մի շարք կարեւորագույն ոլորտների համար հատկացվելիք գումարները կրճատվել են: Ստացվում է, որ ինչքան շատ են պետական բյուջեից գումար հատկացնում, այնքան ավելի արագ է հանցագործությունների թիվն աճում:
Ժամանակին՝ 7-8 տարի առաջ, երբ այլեւս ակնհայտ էր, որ հանցագործությունների թիվը սկսել է անշեղորեն աճել, պատասխանատու պաշտոնյաները՝ ոստիկանապետերը, այդ երեւույթը փորձում էին պատճառաբանել՝ հանցագործությունների արձանագրման համակարգի խստացումներով: Այսօր արդեն նմանատիպ պատճառաբանությունները համոզիչ չեն կարող լինել:
Հանցագործությունների թվի աճը խորքային եւ կոնկրետ պատճառ ունի. օրենքների նկատմամբ հանրության շրջանում ձեւավորված անտարբերությունն ու արհամարհական վերաբերմունքը տարեցտարի ավելի է տարածվում: Այսինքն՝ այն մտայնությունը, որ Հայաստանում օրենքը չի գործում, դատարանները կոռումպացված են, խնդիրները օրենքով հնարավոր չէ լուծել եւ այսպես շարունակ, Հայաստանի հասարակական գիտակցության մեջ գնալով դառնում է ավելի իշխող: Ամենեւին էլ պատահական չէ, որ, օրինակ, սպանության եւ սպանության փորձերի թվերն անցած տարիներին գրեթե նույնական են եղել՝ մեկ-երկու աճով կամ նվազմամբ: 2016-ի 10 ամիսներին արձանագրվել է սպանության 61, սպանության փորձի 27 դեպք, 2006-ին այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 60 եւ 22: Փոխարենը սեփականության դեմ ուղղված հանցագործությունները 10 տարում գրեթե կրկնակի աճել են. 2006-ի 3384 դեպքի փոխարեն 2016-ին արդեն իսկ առկա է 6179-ը: Այսինքն՝ անկախ նրանից, թե մարդը օրենքների նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, նա սպանության չի դիմում: Փոխարենը, երբ որեւէ մեկի կողմից ՀՀ քաղաքացու շահերը ոտնահարվում են, նա երկու ճանապարհ ունի՝ դիմել օրենքների օգնությանը կամ էլ իր ուժերով խնդիրը լուծել: Սեփական ուժերով խնդիրը լուծելը կամ անօրինական ճանապարհով գումար վաստակելը Հայաստանում գնալով ավելի ու ավելի է նորմա դառնում: Այս երեւույթի պատճառը մեկն է՝ Հայաստանում ձեւավորված քաղաքական իշխանությունը եւ դրա ներքո մեր երկրում գործող դատաիրավական համակարգը:
Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումը, հանրության հավատն առ օրենքները եւ օրինականությունը հնարավոր կլինի վերականգնել միայն քաղաքական իշխանության փոփոխության դեպքում: Հայաստանը վաղուց գտնվում է մի վիճակում, որտեղ զարգացում, բարեփոխում, աճ, բարգավաճում, առաջընթաց եւ բոլոր մնացած՝ դրական հեռանկար ենթադրող հասկացություններն ու գործող քաղաքական իշխանությունը դարձել են անհամատեղելի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության վարչության անդամ
ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է
Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը վերստին սկսել է աշխատել: Ճիշտ է՝ երբեմնի հզոր գործարանը ներկայումս իր թողունակության փոքր մասով է գործարկվում, այնուամենայնիվ, գործարանից բարձրացող արտադրական ծուխը հուսադրող է: Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967թ.: Գործարանի հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի, Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Անցած 25 տարինեին Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխություններ նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է: Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել: Սակայն ձեռնարկությունը հայտնվել էր պարտքերի եւ դրա հետեւանքով դատական գործընթացների մեջ: Ընկերությունը դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել: «Ժողովուրդը» զրուցեց կոմբինատի տնօրեն Անատոլի Բայրամյանի հետ: Նա ասաց, որ կոմբինատի սնանկության գործով դիլիջանցի կառավարչի հմուտ գործունեության շնորհիվ ընկերությունը մարել է պարտքերը եւ վերսկսել աշխատանքը: Տնօրենի վկայությամբ՝ «Բենտոնիտ» կոմբինատը մեծ չափով արտադրանք ունի իրացնելու ռուսական շուկայում: 8-9 տարի առաջ վրացիները «Բենտոնիտից» արտադրական 2 հոսքագիծ էին գնել, դրանք տեղափոխել Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղ: Սակայն այդ հոսքագծերն այնտեղ չեն աշխատում, ադրբեջանցիներն ավելի արդիական սարքավորումներ են գործարկել: Ա. Բայրամյանի խոսքերով՝ ռուսական կողմից 27 միլիոն դոլար ֆինանսավորմամբ Դաշ Սալահլիում՝ հենց բենտոնիտի հանքի մոտ, գործարան է կառուցվել, որի արտադրանքը երկաթուղով առաքվում է Ռուսաստան: Իսկ Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատի թողարկած արտադրանքը բեռնատար ավտոմեքենաներով է արտահանվում Ռուսաստան: Դրա հետեւանքով ապրանքի ինքնարժեքը թանկ է: Ա. Բայրամյանն ասաց, որ ներկայումս կոմբինատում աշխատում է 92 հոգի, սակայն աշխատավարձի վճարման հետ կապված խնդիր կա. հունիսից հետո աշխատավարձերը չեն վճարվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՅՈՒՆԻՖԻՇ»-Ի ԳՈՒՅՔՆ ՈՒ ՁԿՆԵՐԸ ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Հայաստանի ամենախոշոր ձկնաբուծական ընկերության՝ աճուրդի հանված գույքը տեւական ժամանակ է, ինչ չի վաճառվում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Յունիֆիշ» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Հարութ Ղարիբյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության կողմից նոյեմբերի 18-ի եւ դեկտեմբերի 8-ի կրկնաճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: «Արդեն 9-10-րդ աճուրդն է կայանում, բայց դեռեւս ընկերության ոչ մի հատիկ գույք չի վաճառվել: Այդպես էլ գնորդներ չեն հայտնվում»,-նկատեց Ղարիբյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ ընկերության սեփականատերը Հայաստանում չէ, եւ նրա հետ չի հաջողվել կապ հաստատել:
Նշենք, որ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի պարտավորությունները հասնում են 17 մլն դոլարի: Ընկերությանը վարկ տրամադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, որն էլ սնանկության հայցով դիմել է դատարան: Բանկը հայտնել է, որ վարկային պայմանագրերով սահմանված պարտավորության չվճարված գումարը 2015 թվականի հունիսի դրությամբ կազմում է 6,5 մլն եվրո եւ 5,1 մլն դոլար:
«Յունիֆիշ»-ի գույքը նույնպես մեծ է: Աճուրդի են հանվել Արարատի մարզի Ռանչպար եւ Սայաթ-Նովա գյուղերում գտնվող ձկնաբուծական 5 տնտեսություն, որոնք բաղկացած են շենք-շինություններից, շարժական գույքից, տրանսպորտային միջոցներից, 650 հատ ջրավազաններից, 53 հատ հորատված ջրհորներից: Ընդհանուրի մեկնարկային գինը եղել է ավելի քան 6 մլրդ դրամ:
Աճուրդի է հանված նաեւ ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի կնոջ՝ Սուսաննա Սիմոնյանի անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող, Երեւանի Բաբայան փողոցի 37 հասցեում գտնվող 825,9 քմ բնակելի տունը եւ 1.000 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը: Մեկնարկային գինը՝ 406,7 մլն դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ձկները նույնպես աճուրդի են հանվում: ՀՀ Արարատի մարզի Ռանչպար, Սայաթ-Նովա գյուղերում գտնվող 5 ձկնաբուծական տնտեսություններում բուծվող կենդանի ձկները՝ մայրաձուկ, ենթամայրեր, ապրանքային ձկներ եւ մանրաձուկ, տեսակները՝ սիբիրական թառափ, ռուսական թառափ, ռուսական եւ սիբիրական թառափի հիբրիդ, ռուսական եւ լենսկի թառափի հիբրիդ, լենսկի-բելուգա թառափի հիբրիդներ, սեւրյուգա, սիգ, կարմրախայտ եւ իշխան, ընդհանուր քաշը կազմում է մոտ 600 կգ: Քանի որ ձկները կերակրվում են, միաժամանակ տեղի է ունենում բնական կորուստներ: Դատարանի որոշմամբ՝ ուղղակի վաճառքով վաճառվում են որոշակի ձկներ, քաշի եւ քանակի վերաբերյալ տեղի են ունենում փոփոխություններ: Ընդհանուրի մեկնարկային գինը կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ: Ըստ սնանկության գործով կառավարիչի՝ յուրաքանչյուր աճուրդից առաջ ձկները վերստին գնահատվում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ