ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնում են, որ իրենք ռուսական շուկայում հանդիպում են որոշ խոչընդոտների: Ըստ գինի արտահանողների՝ տարբեր նկատառումներով իրենց մուտքը դեպի ռուսական շուկա արգելակվում է, իսկ ՌԴ համապատասխան վերահսկող մարմինները նախապատվությունը տալիս են ռուսական ընկերություններին, ինչը, ըստ գինեգործների, հակամրցակցային գործողություն է:

Տեղեկացնենք, որ վերջերս էլ «Մարիաննա» եւ «Գրանդ տոբակո» ընկերություններն իրենց արտադրանքը դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանելիս հանդիպեցին խոչընդոտների: Այս ընկերությունները դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ահազանգելով, որ ռուսական շուկայում չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը: Օրինակ՝ «Դուստր Մարիաննա»-ի դեպքում Ռուսաստանում «Դեբոր» ընկերությունը գրանցել է «Մարիաննա» անվանումը եւ մեր արտադրողին թույլ չի տալիս այդ անունով ապրանք ներմուծել: Ընդ որում, «Դեբոր»-ը ընդհանրապես կաթնամթերք չի արտադրում: Հնարավոր է, որ «Դեբոր»-ը միտումնավոր է այդպես արել, որպեսզի հայկական ընկերությունը «Դեբոր»-ի թույլտվությունը ստանալու համար նրա հետ մտնի գործարքի մեջ: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Դուստր Մարիաննան» շուրջ 1 տարի է, ինչ պայքարում է այս խնդրի դեմ: Իսկ ահա «Գրանդ տոբակո» ընկերության համար ռուսական շուկայում խոչընդոտներ է ստեղծել «Ֆիլիպ Մորիս»-ը: Վերջինս պնդում է, որ «Գրանդ տոբակոն» իրենց ապրանքանիշին նմանեցված ապրանքանիշ է օգտագործում:
Նմանատիպ խոչընդոտների Ռուսաստանում հանդիպում են նաեւ տեղական գինի արտադրողները: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վերջերս գործարարների հետ համաժողովի ընթացքում իր այս մտահոգությունների մասին բարձրաձայնեց: Գինեգործի ներկայացմամբ՝ ՌԴ-ում հայկական ընկերությունները ռուսական ընկերությունների հետ անհավասար պայմաններում են աշխատում: «Մեր ապրանքը խանութում հաշվվում է մեկ այլ սխեմայով, իսկ ռուսական արտադրողի արտադրանքը՝ մեկ այլ: Ես ինքս մասնակցեցի ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ ամբողջ փաթեթի ձեւավորմանը. գինու մասով այնտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ ԵՏՄ-ն հիմնված է արդար մրցակցության, թափանցիկության եւ այլ սկզբունքների վրա, բայց կանոնադրության ներքեւում նշված էր՝ եթե Ռուսաստանը համարում է, որ տվյալ խնդիրը ուղղակիորեն կապված է իր ազգային անվտանգության հետ, ուրեմն իրեն վերապահում է այլ լուծումներ: Հիմա քանի որ ալկոհոլը միշտ ազգային անվտանգության խնդիր է եղել ՌԴ-ի համար, ինքը ամեն մեր քայլափոխին միշտ վերապահումներ է անում»- հայտարարեց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Բարձրաձայնված այս մտահոգությանն ի պատասխան՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ այս թեմայի շուրջ իրենք եւս մի քանի բողոքներ են ստացել: «Ռուսական շուկայի հետ կապված այն, ինչ որ ներկայացված է, մենք կարծում ենք, որ դրանք կարող են հակամրցակցային գործողություններ լինել: Քանի որ ԵՏՄ անդամ երկրների համար ամրագրված է, որ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ պետք է սահմանված լինեն: Մենք նաեւ լավ հարաբերություններ ունենք ռուս գործընկերների հետ եւ այս խնդրի շուրջ ստացված բողոքներով արդեն դիմել ենք ՌԴ հակամենաշնորհային մարմին: Ավելին՝ նշեմ, որ արդեն իսկ իրենց կողմից համապատասխան միջոցներ են կիրառվում»,-հավաստիացրեց Շաբոյանը՝ խոստանալով, որ հանձնաժողովը հետեւողական կլինի խնդրի կարգավորման հարցում:
Իսկ մինչ այդ նկատենք, որ ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված: Ընդամենը երկու տարի առաջ այս օրերին հայրենի պաշտոնյաները ջանքուեռանդ չէին խնայում՝ ներկայացնելու համար այն «պայծառ ապագան», որը մեզ սպասելու էր Եվրասիական տնտեսական միությունում: Իրականությունը, սակայն, ինչպես համոզվեցինք, գաղջ է եւ անհեռանկար: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, որքան այն գիտակցված անգործությունը, որին մատնված են Հայաստանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանող օղակները՝ ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետից սկսած, այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներով ավարտած:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄԻՋԱԴԵՊ «ՊՈԲԵԴԱ»-Ի ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԻՆ
Երեկ ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը Գյումրիից Մոսկվա առաջին չվերթն իրականացրեց: Օդանավն օդ բարձրացավ 173 ուղեւորով, որոնք տոմսերը ձեռք են բերել 990 ռուսական ռուբլիով (մոտ 16 դոլար): Հավելենք, որ հենց առաջին չվերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Վանաձորից 16 ուղեւոր Գյումրի են հասել ուշացած, ինչի պատճառով նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Պոբեդա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Ավետիսյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ի՞նչն է եղել 16 ուղեւորի թռիչք չկատարելու պատճառը: Վերջինս նշեց, որ նրանք հասել են օդանավակայան հենց ինքնաթիռի շարժման պահին. «Մեր ներկայացուցչությունը փորձեց հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց օգնի ներս թողնել, սակայն մեզ ասացին՝ հնարավոր չէ, քանի որ շատ էին ուշացել»: Նշենք, որ թռիչքից մոտ 2,5 ժամ հետո ինքնաթիռը վայրէջք կկատարի «Վնուկովո» օդանավակայանում:




Լրահոս