ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայրենի բոլոր ժամանակների կառավարությունները վստահեցնում են, թե Հայաստանում տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմաններ կլինեն, կառավարության «քթի տակ» հենց կառավարությանն առընթեր մարմինը շարունակում է անհավասար մրցակցային պայմաններով աշխատել եւ խոչընդոտել այլ ընկերությունների մուտքը շուկա: Խոսքը կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մասին է:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը (ՊՊԳՎ) պահնորդական ծառայություններ է մատուցում պետական եւ մասնավոր օբյեկտներում: Ծառայությունը, իհարկե, մատուցվում է մցութային կարգով, վարչությունը մասնակցում է տարբեր մրցույթների` հաճախ գնային ավելի էժան առաջարկ անելով, եւ մշտապես հաղթում է մրցույթներում:
Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ բուհի պահնորդական եւ անվտանգության ծառայության մրցույթը: Ըստ նախնական տեղեկությունների` մրցույթին հաղթող ճանաչված ընկերության հետ կնքվելու է երեք տարվա պայմանագիր:
Մրցույթի ընթացքի եւ արդյունքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի գնումների եւ մատակարարման բաժնի պետ Ռոզա Մեհրաբյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ` մրցույթին հայտ են ներկայացրել «Լեգիոն», «Պանտերա Սեքյուրիթի», «Արմոբիլ» պահնորդական մասնավոր ընկերությունները եւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը:
Ռոզա Մեհրաբյանը հայտնեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել ՊՊԳ վարչությունը, սակայն սա նախնական արդյունքն է, վերջնականը կհրապարակվի երկուշաբթի օրը: «Անցած տարի եւս ՊՊԳՎ-ն է հաղթել: Մրցույթին ներկայացվածները թերի փաստաթղթեր են բերել, որոնք շտկելու համար հավելյալ մեկ աշխատանքային օր եւս սահմանվել է: Ուստի վերջնարդյունքը կհրապարակվի երկուշաբթի օրը»,- ասաց մեր զրուցակիցը: Թեեւ նա որպես մրցույթի կանոն նշեց, որ մրցույթը հաղթած մասնավոր ընկերության աշխատակիցները պետք է իրենց համազգեստի վրա կրեն «Պոլիտեխնիկ» անվանումը: Բայց պարզվում է, որ ոստիկանության դեպքում արտոնություններ կան. ՊՊԳՎ-ն այդ կանոնը չի պահպանում: Սա Ռոզա Մեհրաբյանը բացատրեց այն հանգամանքով, որ ոստիկանությունը պետական կառույց է եւ ունի իր կանոնները. նրանց պարտադրել չեն կարող:
Ուսումնասիրելով մրցույթի մասնակցության պայմանները` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանցում հիմնականում ներառված են հետեւյալ չափանիշները` հայտատուն պետք է լուծարման գործընթացում չգտնվի, չունենա ժամկետանց պարտքեր, խնդիրներ իրավապահների հետ եւ այլն: Ուշագրավը հետեւյալ կետն է. «Հաղթող մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր»:
Փաստորեն, կարեւոր են ոչ այնքան պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական չափանիշներին համապատասխանելու դրույթները, որքան ցածր գումար առաջարկելը: Արդյոք սա բխում է արդար մրցակցության պահանջներից, թող դատեն մասնագետները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պահնորդական ծառայություն մատուցող հայաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ դժգոհեցին իրավիճակից:
«Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրեն Եղիշե Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք խնդիրներ առաջ քաշեց, որոնք առկա են նշված ոլորտում: Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը կարողանում է էժան գնային առաջարկ ներկայացնել, քանի որ ծառայություն մատուցելու համար օգտվում է ոստիկանական պետական մեքենաներից, վառելիքից, պետական գումարներով ձեռք բերված համազգեստից, աշխատավարձը ստանում են պետբյուջեից… կարճ ասած, պետական ֆինանսավորման հաշվին են գործում, բայց մրցակցում են մասնավոի հետ հավասար հիմունքներով:
Մինչդեռ, ըստ «Լեգիոն» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրենի. «Ցանկալի կլիներ, եթե այս պահին հանրապետությունում անցկացվող բոլոր նմանատիպ մրցույթները դադարեցվեին: Պահնորդական ծառայությունների մատուցման վերաբերյալ գնումների օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա: Որովհետեւ դեռեւս հստակ չափորոշիչներ չկան: Յուրաքանչյուր կազմակերպություն որոշակի ձեւով գնում է այդ մրցույթին եւ ներկայացնում է պահանջներ: Ես գտնում եմ, որ պետք է պահնորդական ընկերությունների համար լինեն միասնական չափորոշիչներ, սանդղակ: Ինչ է նշանակում երեք տարով մրցույթ հայտարարել, եթե մենք չգիտենք` մեկ տարի հետո ինչ կլինի»,- իրավիճակը ներկայացրեց պահնորդական ընկերության հիմնադիր տնօրենը:
Նրա խոսքով` այն, որ ոստիկանությունը ցածր գին է սահմանում, արդեն իսկ խոչընդոտ է մյուս ընկերությունների համար. «Մարդու անվտանգությունը պահպանելը չի կարող այդքան էժան արժենալ: Հիմա շուկայում չորս տասնյակից ավել ընկերություններ կան, որոնք գրոշների դիմաց պատվերի են սպասում: Բայց նմանատիպ մրցույթներում հաղթելու որեւէ ռեալ շանս չունեն»:
Եղիշե Սիմոնյանը նկատեց, որ եթե անգամ ՊՊԳՎ-ն խախտումներ է թույլ տալիս գնումների մրցույթներում, ապա որեւէ մասնավոր ընկերություն չի ցանկանում վիճարկել, «գլուխ դնել», առճակատման գնալ ոստիկանության հետ: Սա էլ այլ պատճառ ունի. որովհետեւ պահնորդական ընկերություններին լիցենզիան տրամադրում է հենց ոստիկանությունը, ստուգումները եւս ոստիկանությունն է իրականացնում: Հետեւաբար ցանկացած պահի ոստիկանությունը կարող է անցանկալի մրցակից ընկերությանը կա՛մ լիցենզիա չտալ որեւէ հիմնավորմամբ, կա՛մ գնալ ստուգումների եւ մի խախտում արձանագրել: Ուստի պահնորդական մասնավոր ընկերությունները աչք են փակում ոստիկանության թույլ տված խախտումների վրա՝ բավարարվելով շուկայում իրենց փոքր, նույնիսկ չնչին բաժնով:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության փոխտնօրեն Մհեր Կակոսյանի հետ, ով եւս կարեւորեց, որ ծառայության մատուցման որակը մղվում է երկրորդ պլան, առաջնայինը ցածր գինն է, իսկ տեխնիկական բնութագիրը մակերեսորեն է նայվում:
ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ նշված խնդրով հանձնաժողովը բողոքներ ստացել է, ուսումնասիրություններ են կատարվում:
Հուսանք՝ ՏՄՊՊՀ-ն կհամարձակվի արձանագրել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը չարաշահում է իր գերիշխող դիրքը, խոչընդոտում ազատ մրցակցությանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ
Մինչ ոստիկանությունը մեծ շուքով պատրաստվում էր դիմավորել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին, առավոտյան 2 աղմկահարույց հանցագործություն գրանցվեց. 1 բանկոմատ պայթեցվեց Սարյան փողոցում, երկրորդը, որի վրա եւս հարձակվել են, գտնվում է Բաղրամյան փողոցում` ՎՏԲ բանկի մասնաճյուղի կողքին:
1-ին պայթյունը իր նպատակին ծառայել է, քանի որ գողերը հասցրել են պայթյունից հետո 7,5 մլն դրամը գողանալ: Իսկ երկրորդ պայթյունը չեն հասցրել ավարտին հասցնել, «բռնվել են»:
Ամանորին ընդառաջ, թերեւս, նման դեպքեր շատ կլինեն. պարտադրված ծախսեր կան անելու, սակայն ՀՀ քաղաքացիները գումար չունեն:

 

 

ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից եւ գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարեւելյան (Մարտակերտ) պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ (2 արկ): «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները առանց պատասխան կրակոցների շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է», – ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

 

 

ԸՆԴԴԵՄ ՏՄՊՊՀ-Ի
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նկատմամբ դատական հայցերի հոսքը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, այս տարվա հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Տեր-Եսայան Ասոցիացիա» ՍՊԸ-ն եւ պահանջել, որ հանձնաժողովին պարտավորեցնեն անվավեր ճանաչել 2016 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը: Ուշագրավն այն է, որ այս գործով դատարանում որպես երրորդ անձ է ներգրավված «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն: Այս գործով դեռեւս ՀՀ վարչական դատարանը որոշում չի կայացրել:
Բայց սա 2016-ի ընթացքում միակ դեպքը չէ: «Կոկա-Կոլա Հելլենին Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն եւս դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ իրենց պատասխանատվության ենթարկելու որոշումը ամբողջությամբ վերացվի:
Թե ինչ կորոշի դատարանը, առաջիկայում կպարզվի, թերեւս արդեն 2017-ին:

 

 

ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ՏԱՐԻ
Երեկ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը պահանջել է երկուսուկես տարով ազատազրկել ընդդիմադիր ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին՝ իր մեղադրական ճառում ամբողջությամբ ապացուցված համարելով, որ ակտիվիստը Ամանորի գիշերը բռնություն է գործադրել ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ։

 

 
ՉԻ ԱՆՈՒՄ «ՏԵՆՑ ԲԱՆԵՐ»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկությանը, հայտարարել է, որ չի պատկերացնում՝ այդպիսի բան ինչպես կարող է լինել։ «Չէ, չէ չէ, ես տենց բաներ չեմ անում: Մեջներից ինձ գտաք, հա՞, ասող»,-հավելել է նա։ Հիշեցնենք, որ նախօրեին Աժ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Թեւան Պողոսյանն արձանագրել էր այլ պատգամավորի փոխարեն քվեարկության դեպք, իսկ Առաքել Մովսիսյանը տեղից Թեւան Պողոսյանին անվանել էր «գործ տվող»: «Արխային, ուրախ եմ, եթե հանուն իմ ազգի, ազնվության, օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի»,-արձագանքել էր Թեւան Պողոսյանը:

 

 

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵ՞Լ
Մարմնավաճառությունը պետք է օրինականացվի, դիտարկվի որպես վճարովի ծառայություն։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին բուռն քննարկվող թեմային՝ մարիխուանայի եւ մարմնավաճառության օրինականացման եւ դրանցից բխող տնտեսական օգուտների վերաբերյալ։ «Վճարովի սեքսուալ ծառայությունները չպետք է դիտվեն որպես պատժելի գործողություն, եւ նրանց պետք չէ մղել քրեական հետապնդման դաշտ, որպեսզի կառավարելի չդառնան քրեական կազմակերպված խմբավորումների ձեռքին, չդառնան ներքին թրաֆիքինգի զոհ։ Պետք է անել այնպես, ինչպես շատ երկրներում է արվում՝ դիտարկել բիզնես դաշտում»։




Լրահոս