Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում 12-16 աստիճանով: Մասնավորապես դեկտեմբերի 19-ին եւ 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում՝ -30-ից մինչեւ -35 աստիճան ցուրտ: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում եւ սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին առաջիկա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգոնություն եւ միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական մշակաբույսերը, տնկանյութը, պտուղն ու բանջարեղենը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով: Խորհուրդ է տրվում նաեւ ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները, իսկ մեղվափեթակները տեղափոխել ձմեռանոցներ կամ ծածկել ծղոտով եւ ջերմամեկուսիչ պարագաներով:
ԽՈՐՀՈՒՐԴ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ