ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 11 ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման պաշտոնական տեղեկանքը: ՊԵԿ-ը հավաքագրել է 974 մլրդ 443 մլն դրամ հարկեր եւ տուրքեր, նոյեմբերի ընթացքում հավաքագրել է 96 մլրդ 773 միլիոն դրամի, անցած տարվա նույն ամսվա համեմատ ավել է հավաքագրել՝ շուրջ 6 մլրդ դրամի:
Հաշվի առնելով այն փաստը, որ ընթացիկ տարում ՀՀ-ի տնտեսության վիճակը անկում է ապրել, հարկերի եւ տուրքերի հավաքագրման աճը կարող է տեղի ունենալ միայն արհեստական՝ հարկային «տեռորի» կամ կանխավճարների հաշվին: Պետական բյուջեի այս տարվա պլանով նախատեսված է, որ հարկեր եւ տուրքերի գծով եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 162 մլրդ 778 մլն դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարվա 11 ամսվա արդյունքները հայտնի են, ստացվում է, որ դեկտեմբերի ընթացքում հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 188 մլրդ 335 մլն դրամ:
Սակայն առավելագույնը ՊԵԿ-ը դեկտեմբերին կարող է հավաքագրել՝ մոտ 100 մլրդ դրամի, այն էլ հարկային «տեռորի» եւ կանխավճարների հաշվին: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ ընթացիկ տարում բյուջեի թերակատարումը կազմելու է մոտ 90 մլրդ դրամ, ինչը վերջին մեկուկես տասնամյակի համար աննախադեպ է: