«Ժողովուրդ» օրաթերթը «Աշտարակ կաթ» ընկերության վերաբերյալ բաց նամակ է ստացել: Նամակում նշված է, որ «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկը սննդամթերքի ներկրումներով զբաղվող «Պարգեւ» ընկերությունն է: Նշենք, որ «Աշտարակ կաթ» ընկերության մասով ներկայումս գործում է առողջացման ծրագիր, եւ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության աջակցությամբ՝ ընկերությունը այժմ կառավարվում է առողջացման ծրագրի կառավարչի՝ Արտակ Ավագյանի կողմից: Միաժամանակ բանակցություններ են ընթանում նոր ներդրող ներգրավելու ուղղությամբ:
Խոսքը ամերիկյան «Adra Remara» ընկերության մասին է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված բաց նամակում նշված է, որ «ամեն ինչ արվում է տնավարի՝ ավանդական ձեւերով, որը կարելի է անվանել «խլոցի»»: Ըստ ստացված բաց-նամակի՝ «Աշտարակ կաթ»-ը այս ընկերությունից ստացել է կաթի փոշի եւ բուսական յուղ: «Արա եւ Արտակ Ասատրյանները, որոնք հանդիպել էին նախարարին (խոսքը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մասին է) եւ ներկայացել որպես Adra Remara-ի ներկայացուցիչներ, նույն «Պարգեւ» ընկերության սեփականատերերն են:
Ու պարտքի դիմաց ցանկանում են ստանալ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Հասկանալի է` ցանկանում են ոչ միայն շենքն ու սարքավորումները, այլ նաեւ բրենդը: Բայց սեփականատիրոջ փոփոխությունը իրավաբանորեն գրանցելը հեշտ չէ, որովհետեւ «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Դրա համար էլ այս պահին իրավական առումով այս պարտատերը որպես «Աշտարակ կաթի» սեփականատեր հանդես չեն գալիս»,- նշված է «Ժողովուրդ»-ի ստացած բաց նամակում: Խտացված նամակի հետքերով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց առողջացման ծրագրի կառավարչին՝ Արտակ Ավագյանին: Սակայն վերջինս հրաժարվեց որեւէ տեղեկություն տալ ե՛ւ «Պարգեւ», ե՛ւ «Adra Remara» ե՛ւ «Աշտարակ կաթ» ընկերությունների մասին: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Աշտարակ կաթ»-ը պարտք է «Պարգեւ»-ին, սակայն դժվարացավ նշել պարտքի չափը:
Հ.Գ. 1. Ի դեպ, տեղեկացանենք, որ այժմ ընկերությունը շարունակում է կաթնամթերք արտադրել: Սակայն նոր սեփականատերերը ընկերության պարտատերերի՝ գյուղացիների ու նախկին աշխատակիցների պարտքերի մարման մասին առայժմ չեն շտապում մտածել:
Հ.Գ. 2. «Ժողովուրդ»-ը պատրաստ է հրապարակել շահագրգիռ մյուս կողմերի պատասխանը եւս:
Ս. Հ.