Հարկայինում «ներողների ինստիտուտ» է գործում . ով է սահմանում ներման կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, որը նախկինում «Գազպրոմ Արմենիայի» տնօրենն էր, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց՝ համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ:

Այդ գործընթացը Հարությունյանն արել է ընդունված, բայց հաճախ չկիրառվող մեթոդով: «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարությունյանը համակարգում «աշխատանքային-դաստիարակչական» խորհրդակցություններ է անցկացրել, որոնց ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, դիմելով ՊԵԿ առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին` ասել է. «Բրուտյա՛ն, ես քեզնից փող ուզե՞լ եմ»: Հարցից շփոթված տեղակալը բացասական պատասխան է տվել, ապա ՊԵԿ նախագահը շարունակել է՝ ստորադասից փող վերցրած ցանկացած աշխատակից, ով կպատճառաբանի, թե «վերեւներից» են պահանջել, ստում է եւ խստագույնս կպատժվի:

Եւ այս պատկերին զուգահեռ տեղեկացանք, որ օրերս Արաբկիրի հարկային տեսչության վերահսկողական բաժնի երեք աշխատակից է հեռացվել համակարգից: Ըստ երեւույթին աշխատակիցները չեն անսացել վերադասի հրահանգները եւ խախտել են պայմանավորվածությունը:

Տեսչության պետը, ի դեպ, Արմեն Սաֆարյանն է` հայտնի «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռաֆիկ Եգանյանի փեսան: Երբ Արաբկիրի հարկայինում հավաքվել են՝ իրավիճակը քննարկելու, նույն տեսչության ներքին անվտանգության պետը՝ Արմեն Սարգսյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, վաղամեռիկ Գրիշա Սարգսյանի ազգականն է, հայտարարել է, թե ինքը ներում է վարչության պետ Գառնիկ Քոշքոշյանին:

Բայց նրա երեք աշխատակիցները պետք է լքեն համակարգը: Հանուն արդարության պետք է փաստել, որ տեսուչների՝ ավանդույթի վերածված փող հավաքելու երեւույթի դեմ պայքարը գովելի է, սակայն անհասկանալի է՝ ինչ ներման համակարգ եւ կանոններ են գործում ՊԵԿ-ում: Ո՞վ է սահմանում ներման կանոններն ու չափաբաժինը: Եւ հետաքրքիր է՝ ինչու ներման արժանացավ բաժնի պետը, իսկ աշխատակիցներն անգործ մնացին: Ի դեպ, «ներում շնորհածի» հարազատ եղբայրը՝ Ռուբեն Սարգսյանը նույն տեսչությունում պետի տեղակալ է:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս