Ամփոփվել է Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքը: Ընթացիկ տարում, Երևան քաղաքից և Արագածոտնի, Արմավիրի ու Շիրակի մարզերից կենտրոն է այցելել և ցերեկային ստացիոնար պայմաններում վերականգնողական բուժում է ստացել 3-14 տարեկան 86 երեխա:
Մտավոր և ֆիզիկական առավել ծանր ախտահարումներով երեխաների հետ տարվել է մասնագիտական ինտենսիվ աշխատանք. շաբաթական 5 օր, յուրաքանչյուր երեխայի հետ անհատական վերականգնողական բուժում է իրականացրել նվազագույնը 3 մասնագետ: Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան կենտրոնում յոթժամյա անհատական և խմբակային պարապմունքներից օգտվել են մանկական ուղեղային կաթված, ողնուղեղի բնածին ճողվածք, արթրոգրիպոզ, կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիա, աուտիզմ ախտորոշմամամբ և հետվիրահատական շրջանում վերականգնողական ծառայության կարիք ունեցող երեխաներ:
Մասնագետներն արձանագրում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության արդյունքը՝ երեխաների առողջության վերականգնման դինամիկան: Մանկական ուղեղային կաթվածի դիպլեգիա, հեմիպլեգիա տեսակ ունեցող երեխաների մոտ դիտվում է ինքնուրույն տեղաշարժվելու, կենցաղային նոր հմտությունների տիրապետելու և հաղորդակցվելու՝ դրական դինամիկ առաջխաղացում: Իսկ քվադրիպլեգիայով տառապող երեխաների կյանքի որակի բարելավման նպատակով իրականացված խնամքն ու թերապիաները նպաստում են առողջական վիճակի պահպանմանը:
«Այս կենտրոնի համար թիրախային խումբ են ոչ միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաները, այլև նրանց ծնողները: Օգնելով երեխային՝ մասնագետները հոգեբանական չափազանց կարևոր աջակցություն են ցուցաբերում նաև իրենց հոգսերի մեջ ինքնամփոփ դարձած ծնողներին: Որպես ծրագրին աջակցող կազմակերպություն, մենք ստանձնել ենք կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և մասնագետներին համապատասխան գործիքներ տրամադրելու պատասխանատվությունը: Արդյունքների վերաբերյալ մասնագիտական գնահատականները հուսադրող են: Եթե կա երեխաների առողջության վերականգման ցուցանիշ՝ մենք հաջողել ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, ծառայությունների կազմակերպումը՝ դեպի կենտրոն և հակառակ ուղղությամբ երեխաների տեղափոխումն ու սննդի երկանգամյա տրամադրումը, 2013 թվականից իրականացվում է անվճար: Քառամյա համագործակցության արդյունքում կենտրոնը ձեռք է բերել նաև անհրաժեշտ կահույք, օժանդակ և մասնագիտական սարքավորումներ:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: