Դեկտեմբերի 23-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) անց է կացրել «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկում, որին մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա անդրադարձել է նաև ԹԻՀԿ ֆեյսբուքյան էջում անցկացված «ՀՀ վարչապետի 100 օրը» վերտառությամբ առցանց անանուն հարցմանը, որի արդյունքները հրապարակվել են հանրային քննարկման ժամանակ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 100-օրյա գործունեությունը և դրա արդյունքները:
Պետական ծախսերի արդյունավետություն և կադրային քաղաքականության շուրջ բանախոսել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, կառավարման համակարգերի մասնագետ, քաղ․գիտ․թեկնածու Թամարա Գևորգյանը, քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը, Լրագիր օնլայնի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և ԹԻՀԿ իրավախորհրդատուՀերիքնազ Տիգրանյանը:
Բանախոսներն անդրադարձել են հետևյալ խնդիրներին` պետական ապարատի կտրուկ կրճատում, մաքսիմալ պրոֆեսիոնալ թիմ, պարզ, թափանցիկ գնումների համակարգ և հանրային վերահսկողություն, քաղծառայողներին մոտիվացնող համակարգ, հանրության ներկայացուցիչների արագ արձագանքելու մշակույթ:
Բիզնես միջավայրի բարելավման և հակամենաշնորհային քաղաքականության շուրջ բանախոսել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, առևտրային քաղաքականության ոլորտի փորձագետ Վահագն Ղազարյանը և ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նրանք անդրադարձել են հետևյալ հարցերին` բիզնեսի խոչընդոտների վերացում, հովանավորչության բացառում, տնտեսվարողների համար հավասար դաշտի առկայություն, համընդհանուր հարկային արդարություն և սկզբունքներ, մոնոպոլիայի դեմ պայքար՝ հավասար դաշտ ստեղծելով և ներդրողների համար ապահով և արդարացի միջավայր: