Հայ-ռուսական երկաթուղու գործարկմամբ պետք է հետաքրքրված լինեն ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլև՝ Վրաստանը. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ռուսական երկաթուղու գործարկմամբ պետք է հետաքրքրված լինեն ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլև՝ Վրաստանը: «Գրուզիա Օնլայն»-ին տված հարցազրույցում, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Եթե խոսքը վերաբերում է աբխազական երկաթուղու գործարկմանը, որպեսզի կազմակերպվի Հայաստանից ու Վրաստանից բեռների տեղափոխումը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ, ապա կարծում եմ, որ շահագրգռված պետք է լինեն ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլև Վրաստանը»,-ասել է պաշտպանության նախարարը:

Նա ընդգծել է, որ երկրները միշտ հանդես են գալիս աշխարհի բոլոր կոմունիկացիաների օգտագործման ու շահագործման օգտին:

«Մեզ համար մինչև հիմա անհասկանալի է հայ-թուրքական սահմանների փակ լինելը: Մենք կարծում ենք, որ նման քաղաքականությունը չի լուծում հարցերը, այլ ավելի է խորացնում դրանք: Այդ պատճառով, եթե Վրաստանի ու Ռուսաստանի ղեկավարությունները հնարավորություն գտնեն երկաթուղին գործարկելու համար, մենք շատ ուրախ կլինենք, քանի որ դա շատ կօգնի կազմակերպելու դեպի Հայաստան ու Հայաստանից, ապա նաև Իրան բեռների փոխադրման իրականացումը»,-ասել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ դա բխում է երկրների ժողովուրդների շահերից, սակայն նման որոշում ինչ-որ պատճառով չի կայացվում:

«Նման բանակացություններ հիմա չկան: Հայկական կողմը բազմաթիվ անգամներ թե հրապարակային քննարկումների, թե առանձին հանդիպումների ժամանակ բարձրաձայնել է և երկրորդ կարծիք չի էլ կարող լինել, որ ինչքան շուտ դա տեղի ունենա, մենք այնքան երջանիկ կլինենք, որովհետև չի կարելի, որ Վրաստանի տնտեսությունը կախված մնա Վերին Լարսի անցակետից»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այսօր Ռուսաստանը Վրաստանի համար լուրջ շուկա է:

«Մենք դա տեսնում ենք և ուրախ ենք դրա համար, մենք տեսնում են, որ մեզ համար դա հարմար միջոց է ռուսական շուկա դուրս գալու համար: Վստահ եմ, որ վերջնական արդյունքում, վաղ թե ուշ, դա տեղի կունենա, այդ հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի այստեղ, Թբիլիսիում ու Մոսկվայում»,-ասել է նախարարը:




Լրահոս