Էդվարդ Նալբանդյանը Պետդումայի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման ջանքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորեց միջխորհրդարանական համագործակցությունը:

Պետդումայի պատգամավորներն ընդգծեցին, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։

Երկուստեք շեշտվեց Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրեց նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները:

Անդրադարձ կատարվեց ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը:




Լրահոս