Լոռու մարզպետարանի բակում այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել «Ռեջիոն Էներջի» ընկերության շուրջ 50 աշխատակիցներ` այս կերպ իրենց խնդիրները ևս մեկ անգամ փորձելով հասցնել պատկան մարմիներին: Աշխատակիցները տեղեկացել էին, որ մարզ է այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ովքեր էլ ցանկանում էին հանդիպել նաև Կարեն Կարապետյանին:
Հանդիպումը չի կայացել վարչապետի՝ Լոռու մազ կատարվելիք այցի հետաձգման պատճառով: Աշխատակիցներն ասում են, որ այլևս որևէ կառույց չկա, ում դիմած չլինեն, մինչդեռ բոլորի կողմից քար անտարբերություն է իրենց խնդիրների նկատմամբ: Գործարանի ղեկավարությունը բացի այն, որ դատարանի վճռով պարտավորվել է վճարել աշխատակիցների աշխատավարձերը մինչև վերջին լուման ու չի անում, դեռ մի բան էլ անցել է պատժիչ գործողությունների՝ աշխատանքից ազատելով գործարանի աշխատակից Աշոտ Ղազարյանին, իսկ ազատման պատճառը՝ լրագրողների հետ շփումն է եղել:
Աշխատակիցների խոսքով՝ իրենք տարիներ շարունակ չարչրկված աշխատավարձերի վերադարձի մասին հույսերը գնալով կտրում են, ու ինչպես իրենք են ասում՝ ձեռքերը փրփուրներից են գցել, իսկ փրփուր որակումն այս դեպքում, ըստ աշխատակիցների՝ կառավարությունն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր