Այն, որ նախագահական նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանում են յուրայինների և օտարների, հայտնի էր դեռ վաղուց: Բացառություն չէր նույնիսկ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ կազմակերպած ընդունելությունը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրելու ժամանակ այս անգամ ևս նախագահականում ոչ բոլորին էին «հիշել»:
Ու եթե այդ տարբերակումն ինչ որ տեղ կարելի է ընկալելի համարել պաշտոնական ինչ որ միջոցառումներ լուսաբանելու ժամանակ, որ նախագահականում խուսափում են անցանկալի լրագրողների «սուր հարցերից» ապա տարեմուտի ընդունելության պարագայում փոքր ինչ տարակուսելի է:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի այսօրվա ընդունելությանը չէին մասնակցում «Ժողովուրդ», «Հրապարակ», «Հայկական ժամանակ» օրաթերթերը, «Ժամանակ», «Չորրորդ իշխանություն» թերթերը, civilnet.am լրատվական կայքը: Համեմատության համար նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամեն տարի անցկացվող մեծ ասուլիսին մասնակցում է 1000-ից ավելի լրագրող, որոնց տրված հարցերը հեռարձակվում են ուղիղ եթերում: Իսկ Սերժ Սարգսյանը անգամ յուրային լրագրողների հետ առանց մոնտաժի պայմանի, չի հանդիպում: