Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետևելու մասնագիտական ուսուցման պլանով նախատեսված հերթական վարժանքներին:

Համաձայն զինավարժանքի սցենարի՝ գումարտակը առաջին փուլում իրականացնում է քաղաքացիական տրանսպորտային միջոցով տարածք թափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողություն:
Այնուհետև հատուկ նշանակայինները ներկայացրին շինության ներսում դիրքավորված հանցախմբի վնասազերծման հնարքների համալիր՝ կիրառելով արգելքների հաղթահարման միջոցներ և սառը զենք:

Ի դեպ, այս համալիրն օգտագործվում է եվրոպական մի շարք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններում:
Վերջին փուլում գումարտակի անձնակազմը մշակում էր շինության ականապատման, պայթեցման,հանցագործների վնասազերծման հնարքներ՝ օգտագործելով լարային և հեռակառավարվող ականներ, արգելքների հաղթահարման տեխնիկական միջոցներ, բարձրլեռնային պայմաններում հատուկ գործողությունների իրականանցման հատուկ հանդերձանք:

Այս փուլն ավարտվեց ձեռնամարտի հնարքների ցուցադրումով:
Վարժանքների ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանման պատրաստականությունը:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ելնելով զինավարժանքի ընթացքից և արդյունքներից՝ անձնակազմի գործառնական պատրաստվածության կատարելագործման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:




Լրահոս